Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր դեմքեր՝ լրատվական դաշտում․ Գյումրիում ավարտվեց «Խոսում են երիտասարդները» մեդիա ծրագիրը

Նոյեմբեր 26,2023 21:37

Գյումրու երիտասարդների հարցերով զբաղվող ակտիվ կառույցներից մեկը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ԱՄՆ պետքարտուղարության դրամաշնորհի շրջանակներում իրագործեց «Խոսում են երիտասարդները» անվամբ մեդիա ծրագիրը՝ լրագրողական աշխատանքի մեջ ներքաշելով 15 երիտասարդների։

Ծրագիրը տևեց 9 ամիս․ Հայաստանի լրատվական դաշտի ճանաչված ներկայացուցիչների օգնությամբ երիտասարդներին մոտ 2 ամիս վերապատրաստելով՝ ԵՆԿ-ն նրանց ուղարկեց Հայաստանի 10 մարզեր՝ երիտասարդների խնդիրները լսելու, պաշտոնյաներից դրանց լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների շուրջ  պարզաբանումներ ստանալու և համայնքների կյանքը փոխած անհատականություններին բացահայտելու համար։

Այսպիսով՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» 10 հաղորդումների միջոցով  անդրադարձ կատարեց Հայաստանի ողջ երիտասարդական կյանքին։

Սակայն այս ամենից զատ, կառույցը մեդիա դաշտ ուղարկեց 15 երիտասարդների, որոնք, հմտանալով լրահավաքություն կատարելու, ռեպորտաժներ պատրաստելու մեջ, արդեն իսկ  պահանջարկ ունեն լրատվական աշխարհում։ Ի դեպ, մասնակիցներից ոչ բոլորն են սովորում լրագրության բաժնում, կան դերասաններ, ռեժիսորներ, սոցիալական աշխատողներ։

Երեկ այս ծրագրի ամփոփումն էր՝ հանդիսավոր միջոցառմամբ, Շիրակի մարզի ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նրանց դատին հանձնվեց ծրագրի ամենավերջին հաղորդումը՝ Սյունիքի մարզի երիտասարդների մասին, որից հետո  մեդիա ծրագրի մասնակիցներից մի քանիսը տեղում աշխատանքի հրավեր ստացան տարբեր ԶԼՄ-ների պատասխանատուների կողմից։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը հպարտորեն արձանագրեց, որ Շիրակի մարզի՝ «սուր, համարձակ ու անաչառ լրատվական դաշտն» այս ծրագրի շնորհիվ համալրվում է, թարմացվում է նոր դեմքերով ու նոր ձեռագրով։

 

Արթուր Նաջարյանն իր ելույթում ասաց․ «Մեդիա ծրագրի իրականացումը մեզ համար լավագույն հնարավորություն ու գործիք էր Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում երիտասարդների հիմնախնդիրների մասին դաշտային տարբերակով տեղեկանալու, պետական տարբեր ծրագրերի մասին իրազեկվելու և նաև իրազեկելու։

Սա լավագույն հնարավորություն էր երիտասարդների համար նաև հայրենիքը ճանաչելու, Հայաստանը բացահայտելու, քանի որ նրանցից շատերը չեն էլ շրջել մեր երկրում»։

Բանախոսը նաև նշեց, որ արհեստավարժ թիմ է աշխատել երիտասարդների հետ, և քանի որ նրանցից ոչ բոլորը  լրագրության հետ կապ ունեն, վերապատրաստումները օգնել են որակյալ հաղորդումներ ունենալու։

«Հիմնական արձագանքը շատ դրական է, ունենք մի քանի դեպքեր, երբ լրագրողական թիմի այցի շրջանակներում հիմնահարցեր են բարձրաձայնվել, որոնք պետական կառույցների կողմից սկսել են լուծում ստանալ»,- ասաց Արթուր Նաջարյանը։

Նա նաև նշեց, որ «Երիտասարդության մասին ՀՀ օրենքի» նախագիծ է մշակվում, և այս ֆոնին ևս անչափ կարևոր է ՀՀ բոլոր մարզերի երիտասարդական պատկերն ունենալը, երիտասարդների առաջարկները հաղորդաշարի միջոցով լսելի դարձնելը։

«Խոսում են երիտասարդները» ծրագրի ղեկավար Վալյա Մարտիրոսյանն էլ այն համարեց հաջողված, քանի որ հաղորդաշարերն ունեն մեծ դիտողականություն, արձագանք, երիտասարդ լրագրողներին արդեն շատերը ճանաչում են ու աշխատանքի հրավիրում։

Ի դեպ, այս ծրագրի շրջանակում ԵՆԿ-ն Ծաղկաձորում 4- օրյա  վերապատրաստում անցկացրեց Հայաստանի մեդիա դաշտի ներկայացուցիչների համար՝ նրանց ներկայացնելով երիտասարդական ոլորտը լուսաբանելու նրբություններն ու առանձնահատկությունները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» ՖԲ էջից

Լուսանկարիչ` Գևորգ Ղազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930