Տարածված կարծիք կա, որ Գյումրիի հանդիսատեսն ամենախստապահանջն է, ու եթե այդ հանդիսատեսը քեզ չընդունի, ապա չի էլ ծափահարի։ Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանի համերգը, որը տեղի ունեցավ Գյումրիում՝ Ժող-գործիքների պետական նվագախմբի հետ համատեղ, շատերի հիշողություն մեջ դեռ երկար կմա։ Մոտ երկու ժամ տևած համերգը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր ծափահարություններով, հանդիսատեսը չէր ուզում արտիստին բաց թողնել։ Արսեն Գրիգորյանը, որը եղել է աշխարհի տարբեր բեմերում, խոստովանում է․ «Գյումրիում երգելը բավականին բարդ է, քանի որ հանդիսատեսը գիտի յուրաքանչյուր երգի բառ ու տառ, հետևաբար պետք է լինել առավելագույն անկեղծ ու անմիջական, միևնույն ժամանակ՝ բավականին զգաստ։
Արսեն Գրիգորյանի ավանդը մեծ է հայ մշակույթի, հայ երգարվեստի տարածման գործում։ «Մեր լեռների պես բարձր ու խրոխտ»,–նման կերպ էր բնութագրել Արսեն Գրիգորյանի ձայնը՝ օպերային երգչուհի, Հայաստանի վաստակավոր մանկավարժ Սվետլաննա Կոլոսարյանը։
Իսկ Արսենի ձայնը սկզբում լսելի եղավ օպերային արվեստում, այն էլ շատ պատահական։ Ընդունվում էր Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան, բայց այնտեղ ժողովրդական երգեցողության բաժին չկար, ստիպված ընտրեց օպերայինը: Մայրը շատ էր ցանկանում, որ որդին Ռոմանոս Մելիքյանում սովորեր: Հետագայում Արսեն արդեն խոստովանել էր, որ եթե մայրը չլիներ, ապա ինքը դժվար թե ընտրեր երգչի ուղին։
Կարդացեք նաև
Տարիների ընթացքում արդեն սիրեց օպերային երգեցողությունը, հատկապես իր դասախոսին՝ Վլադիմիր Խաչատրյանին և Կոնսերվատորիա ընդունվելու ժամանակ էլ ընտրեց դասական վոկալ բաժինը։
Բայց ժողովրդական երգը նրա արյան ու հոգու մեջ էր։ 3-րդ կուրսից ուսանեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի դասարանում: Եվ արդեն ուսանելու տարիներին՝ 2001թ. «Սայաթ-Նովա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ առաջին և «Տարվա ժողովրդական երգիչ» մրցանակին:
2004թ. ավարտեց նաև ասպիրանտուրան՝ արդեն ՀՀ վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի ղեկավարությամբ։ Դեռ ուսանելու տարիներից սկսած Արսենի մաքրամաքուր ձայնը լսելի էր շատ բեմերում։ Բայց կա մի դեպք, որ շատ հիշարժան է եղել։ Արսենը կատարում է բավականին բարդ կոմպոզիտորական երգ՝ «Վերելք» և դահլիճից հնչում է նման ռեպլիկ․ «Արսեն ջան, քեզ չի սազում, ինչո՞ւ կենդանի չես երգում»։ Նույն պահին Արսենը միկրոֆոնը տանում է մի կողմ, ու երգը նույն կերպ շարունակում է։ Դահլիճը ոտքի է կանգնում ու ծափահարում արտիստին։
Հետագայում արդեն Արսենը պատմել է, որ այդ մարդիկ մտածել են, թե ձայնագրություն է միացված։ Երգիչի համար չգրված օրենք է․ «Միշտ երգել կենդանի, ու ամենակարևորը՝ մաքուր հայկական ելևէջներով»։
Մի առիթով Արզաս Ոսկանյանն ասել է․«Արսենը երիտասարդ կատարողների ու ավագ սերնդի պորտալարն է»։
Պատահական ասված խոսք չէ, քանի որ Արսենն այսօր սերունդներ է կրթում։ Նա 2004 թ․-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության ամբիոնում: Նրա սաները հայտնի ու սիրված արտիստներ են Հայաստանում ու ոչ միայն․ Վարդան Բադալյան, «Ազգային երգիչ» նախագծի առաջին տեղը զբաղեցած Հարություն Մկրտչյան, Տիգրան Հայորդի, Վահե Համբարձումյան, Նորոն, որը հիմա ապրում է Միացյալ Նահանգներում:
Լայն է երգչի համերգային աշխարհագրությունը՝ եղել է բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Կանադա, եվրոպական երկրներ, Հեռավոր և Մերձավոր Արևելք, Հարավային Ամերիկա:
Այս բոլոր երկրներում Արսեն Գրիգորյանը ներկայացրել ու ճանաչելի է դարձրել մաքրամաքուր հայ երգը՝ ժողովրդական, աշուղական, կոմպոզիտորական ժանրերում՝ հիմքում ունենալով դասական մաքրամաքուր հնչողություն։
Տարիներ առաջ Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացվում էր միջազգային երգի մրցույթ, ու Արսեն Գրիգորյանը ներկայացնում էր Հայաստանը։ Արսենի ելույթը այնքան տպավորիչ է լինում է, որ նրան արդեն հաջորդ տարիներին որպես չգրված օրենք հրավիրում են նման միջազգային մրցույթ-փառատոնների, ոչ թե որպես մասնակցի, այլև ժյուրի անդամի։
Որպես ժյուրի՝ երգիչը հանդես է եկել Հայաստանում անցկացվող երաժշտական մրցույթներից մինչև միջազգային մրցույթներում՝ Հունաստան, Բուլղարիա, Մոսկվա, Կանադա, անգամ Էգեյան ծովածոց։
Երգչի գործունեության անբաժան մասն են կազմում վարպետության դասերը։ Հայրենիքում ու հայրենիքի սահմաններից դուրս, որտեղ հայ համայնք կա, Արսենը այնտեղ է իր պրոֆեսիոնալ խորհուրդներով ու դիտարկումներով։
Արսեն Գրիգորյանը պարբերաբար է ընդգրկվում մշակութային քոլեջների, ուսումնարանների ընդունելության և ավարտական քննությունների հանձնաժողովի կազմում՝ որպես հանձնաժողովի նախագահ, մասնավորապես Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի ու արվեստի քոլեջում, Ջազային քոլեջում և այլն։
Իսկ Արսենի ընտանիքում նրա գործն արդեն շարունակող կա։ Փոքր աղջիկն օպերային երգեցողություն է սիրում ու որոշել է գնալ հայրիկի հետքերով։ Արդեն հասցրել է բազմաթիվ մրցույթների մասնակցել ու դատարկաձեռն չի վերադարձել։
Արմինե ԳԵՎՈՐԳՅԱՆ