Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի նկարչի որմնանկարը՝ իբրեւ «Վենետիկը և հայերը» նախագծի եզրափակիչ ակորդ

Նոյեմբեր 26,2023 15:13

«Վենետիկը և հայերը» նախագծի շրջանակում Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանում օրերս տեղի ունեցավ գյումրեցի նկարիչ Տարոն Մանուկյանի «Ներդաշնակ բնություն» որմնանկարի բացումը: «Տարոն Մանուկյանի հետ առաջին համագործակցությունն ունեցել ենք 2016 թ., երբ Գյումրիի նկարիչներին նվիրված զեկույցի վերջում տեսակապ հաստատեցինք Գյումրիի Նկարիչների միության նախագահ, Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Գագիկ Մանուկյանի և երիտասարդ նկարիչ, Գյումրիում Street Art ժանրի հիմնադիր Տարոն Մանուկյանի հետ, որոնք պատասխանեցին ներկաների հարցերին:

Նկարչի հետ եւս մեկ համագործակցություն ունեցա Բրյուսելում Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» թարգմանություններին նվիրված ցուցահանդեսի շրջանակում, երբ որոշվեց ցուցահանդեսին ներկայացված դանթեական տողերի արևելահայ նմուշը զետեղել «Glitch art» կոչվող գերժամանակակից ֆոնի վրա` խորհրդանշելու, որ Դանթեն արդիական է նաև այսօր»,- նշեց «Վենետիկը և հայերը» նախագծի գիտական ղեկավար, Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը:

«Վենետիկը և հայերը» նախագծի առաջին միջոցառումը տեղի էր ունեցել մայիս ամսին, երբ Վենետիկի Սանտա Մարտա թատրոնում ներկայացվեց Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպ» ստեղծագործության թատերական բեմադրությունը: Երկրորդ միջոցառումը տեղի ունեցավ համալսարանի ակադեմիական սենատի «Berengo» սրահում, որտեղ իրականացվեց գործարար համաժողով իտալացի և հայ գործարարների մասնակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության Անկախության 32-րդ տարեդարձին նվիրված հայ-իտալական գործարար համաժողովը, ցավոք, համընկավ ողբերգական իրադարձությունների հետ։ Լեռնային Ղարաբաղի պաշարումից ավելի քան ինը ամիս անց էթնիկ զտման նպատակով Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա ձեռնարկեց, որն ունեցավ ողբերգական բեկում` պատճառ դառնալով շուրջ 120000 հայերի զանգվածային արտագաղթի իրենց պապենական հողերից՝ Արցախից: Տարոն Մանուկյանի «Ներդաշնակ բնություն» որմնանկարն արվեստագետի ձայնն է ընդդեմ մոլորակի աղտոտվածության` թե՛ ուղիղ և թե՛ փոխաբերական իմաստով»,-ընդգծեց պրոֆեսոր Սոնա Հարությունյանը:

Հավելենք, որ «Հայերը և Վենետիկը» նախագծի եզրափակիչ միջոցառմանը մասնակցել են նաեւ  Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ճարտարապետ Արա Զարյանը, իտալացի արվեստագետներ, Վենետիկի համալսարանի դասախոսներ և ուսանողներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930