Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Հայաստանի գրողների միությունում կայացել է ՀԳՄ 20-րդ համագումարը, որի ժամանակ բաց քվեարկությամբ միաձայն նախագահ է վերընտրվել Էդվարդ Միլիտոնյանը։
Համագումարին ելույթ ունեցողների շարքում էր նաև բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։
Ինչպես նկատեցինք դահլիճում գտնվող գրողների ոգևորությունից, թերևս այս ելույթը տարբերվում էր, քանի որ Խաչիկ Մանուկյանը խոսել է ոչ միայն գրականության այսօրվա մասին, այլև անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին, պետականությանը։
Խաչիկ Մանուկյանն, անդրադառնալով 44-օրյա պատերազմին, վերահաստատեց. «Քաղաքական խայտառակ պարտությունը փորձեցին զինվորի վրա թողնել»։ Բանաստեղծը նաև շնորհակալություն հայտնեց այն բոլոր գրողներին, ովքեր գեղարվեստական գրականության տարածքում լուսաբանեցին 44-օրյա պատերազմը։
«Մինչև համագումարի մեկնարկը զրուցում էի Մարինե Պետրոսյանի հետ և վերհիշում էինք նախորդ համագումարները, որոնք համահայկական միջոցառման էր վերածվում։ Ես կարծում էի` գրախանութները պետք է ավելանան, ազգային մշակույթը պետք է վերազարթոնք ապրի, բայց լրիվ հակառակը եղավ։ Ստեղծվեցին կազինոներ, զվարճավայրեր, լրբանոցներ և նյութը կամաց-կամաց, աստիճանաբար եկավ և խժռեց ոգեղեն ամեն ինչ և շարունակում է խժռել։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, որ այդ դժվար օրերին ձեր գրիչը ցած չդրեցիք։ Դուք իսկապես հասկանում եմ, որ առանց այդ ոգեղենության ամեն ինչն է վերանում` ազգը, երկիրը, հայրենիքը… Խոսում ենք պետականությունից, բայց եթե պետականությունն ազգային նկարագիր չի ունենալու, ո՞ւմ է պետք այդ պետականությունը, երբ խալխը պիտի գա այստեղ տեր ու տնօրեն դառնա»,-նշել է Խաչիկ Մանուկյանը։
Մանրամասները` տեսանյութում
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ