Հայաստանում կոռուպցիայի դեմ ոչ արդյունավետ պայքարի պատճառների մասին Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա), ի դեմս Կոալիցիայի կառավարման խորհրդի, առաջնորդվելով իր հիմնադրման և գործունեության նպատակներով, հարկ է համարում արձագանքել 2023թ-ի նոյեմբերի 23-ի կառավարության նիստի ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից
Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ հնչեցրեց ներքոհիշյալ գնահատականներին. «… ես չեմ համարում, որ Հայաստանում էսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է, կաշառք են վերցնում ով որտեղ պատահի, հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք
ստեղծել։ Ամենաբարձր աշխատավարձերը նշանակել ենք, այսինքն բոլոր կանոններին համապատասխան ստեղծել ենք, որ մենք գնանք մեր գործերով զբաղվենք…» ։
Համաձայն լինելով Հայաստանի վարչապետի կողմից հակակոռուպցիոն պայքարի «պատշաճ մակարդակում» չլինելու վերաբերյալ հնչեցրած գնահատականին (ինչի մասին բազմիցս ահազանգել է Կոալիցիան իր բազմաթիվ հայտարարություններում և հատկապես կոռուպցիայի ընկալման 2022 թ. համաթվի անկման կապակցությամբ), միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ հակակոռուպցիոն պայքարը, այն է՝ կոռուպցիայի բացառումը, առաջին հերթին Հայաստանում գործող հակակոռուպցիոն ամբողջ համակարգի` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, Դատախազության հակակոռուպցիոն ստորաբաժանումների, Հակակոռուպցիոն դատական համակարգի միասնական գործունեության արդյունքը պետք է լինի,
իսկ հակակոռուպցիոն կոմիտեն հանդիսանում է հակակոռուպցիոն համակարգի շղթայի ընդամենը մեկ օղակը։
Հակակոռուպցիոն պայքարի հաջողությունը մեծապես կախված է արհեստավարժ և բարեվարք արժանի կադրերից, որոնց պատասխանատվության տիրույթում է գտնվում կոռուպցիայի դեմ պայքարը: Հայաստանում, գործող քաղաքական իշխանության օրոք շարունակվում են կադրային նշանակումներ կատարվել յուրային և լոյալ լինելու սկզբունքով` նույնիսկ հակակոռուպցիոն համակարգի մարմինների այն պաշտոններում, որտեղ նշանակումները պետք է կատարվեն
բացառապես մրցութային, ազնիվ և արդար հիմունքներով։ Սա թերևս հիմնական պատճառներից է կոռուպցիայի աճի և գոյատևման, որի ծավալուն դրսևորումը չի կարող լինել վերահսկելի։
Կոռուպցիոն դրսևորումներ առկա են ոչ միայն համատարած կաշառք վերցնելու պարզագույն դրսևորումներով, այլ նաև վերոհիշյալ կադրային քաղականությամբ պայմանավորված, վերահսկողական մարմինների լոյալությամբ, պետական գնումների, դոնորական համայնքների կողմից իրականացվող ծրագրերում և այլ երևույթներով։ Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն ուղղություններից է հակակոռուպցիոն կրթությունը և կանխարգելումը, որը պետք է ունենա իրականացման առաջնային ու հիմնական նպատակ։ Ավելորդ չենք համարում նշել նաև մեր երկրի հակակոռուպցիոն ռազմավարական փաստաղթերի
ընդունման, դրանց իրականացման ժամկետների և այլ խախտված ընթացակարգերի մասին, որը ի ցույց է դնում այն, թե որքանով է գործող քաղաքական իշխանությունը կարևորում հակակոռուպցիոն պայքարը։
Կարդացեք նաև
Ավելին, քաղաքական իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում խորությամբ և ամբողջ ծավալով հաշվի չեն առնում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների փաստարկված կարծիքները և ներկայացված առաջարկությունները, որոնք ՀՀ վարչապետի բնորոշմամբ արժանանում են «ցրողական պատասխանների»:
Ամփոփելով վերոհիշյալը՝ փաստում ենք, որ գործող քաղաքական իշխանության կողմից անհրաժեշտ է վերանայել կոռուպցիայի դեմ պայքարում իր որդեգրած քաղաքականությունը, այդ թվում կադրային քաղաքականությունը և իրական հակակոռուպցիոն բարեփոխումները իրականացնել ամբողջ ծավալով, խորությամբ ու հետևողականությամբ:
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ