Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիրը» և դատարանը պատժում են իշխանությունների համար անցանկալի քննադատություն իրականացնող հասարակական կազմակերպությանը. հայտարարություն

Նոյեմբեր 25,2023 14:50

2023 թվականի հուլիսի 21-ին «Անկախ դիտորդ» դաշինքը հանդես եկավ «Փաստերի ստուգման հարթակի» հետ համատեղ կատարված հետաքննությամբ, որում ձայնագրություններով ի ցույց էր դրվել այն, որ Սպիտակ համայնքի մի շարք համայնքային ծառայողներ Երևանում կայանալիք տեղական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ընտրողների ցուցակագրումներ են իրականացնում:

Ի պատասխան, «Քաղաքացիական պայմանագիրը» դատական հայց ներկայացրեց «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ հանդիսացող և ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դեմ՝ պահանջելով հերքել հրապարակումը և կուսակցությանը փոխանցել մեկ միլիոն դրամ՝ որպես բարոյական վնասի հատուցում: Անգամ ավելին, իշխող կուսակցությունը, որպես հայցի ապահովման միջոց, դատարանից խնդրել է մեկ միլիոն դրամ սառեցնել «Իրազեկ քաղաքացիների միավորման» բանկային հաշվին:

ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը համարում է, որ հայցի ապահովման միջոց խնդրելով և կիրառելով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և դատարանը պատժում են իշխանությունների համար անցանկալի քննադատություն իրականացնող հասարակական կազմակերպությանը:

Ավելին, մենք համարում ենք, որ նման քայլերով Հայաստանում նեղացվում է քաղաքացիական հասարակության տարածքը: Սա աննախադեպ քայլ է: Նույնիսկ 2017 թվականին, երբ 114 դպրոցներում ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին հոդվածին ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորման» դեմ հայցադիմումներ ներկայացվեցին, ՀԿ-ի դեմ հայցի ապահովման միջոց չկիրառվեց և ՀԿ-ի գործունեության համար խոչընդոտներ չստեղծվեցին:

Հիմք ընդունելով վերոգրյալը, միանալով մի շարք լրագրողական ՀԿ-ների՝ սեպտեմբերի 6-ի հայտարարության պահանջներին, կիսելով Երևանի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին «Անկախ դիտորդ» դաշինքի մտահոգությունները, ինչպես նաև ընդգծելով ժողովրդավարության արժեքներից նահանջի ու քաղաքացիական հասարակության տարածքի նեղացման անթույլատրելիությունը՝ ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում՝

  1. Երևանի ընդհանուր իրավասության դատարանին՝ բավարարել «Իրազեկ քաղաքացիների միավորման» միջնորդությունը՝ հայցի ապահովումը (և գույքի վրա 1 միլիոն դրամի չափով արգելանքը) վերացնելու մասին,
  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հրաժարվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունից, ինչպես նաև ապագայում զերծ մնալ իշխանություններին քննադատող ՀԿ-ներին պատժելու ու ընտրությունների ժամանակ խնդրահարույց մեթոդների դիմելու փորձերից,
  1. Երևանի ընդհանուր իրավասության դատարանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ համաձայնել «Անկախ դիտորդի» անդամ այլ կազմակերպությունների («Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» և «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի)՝ որպես պատասխանող ներգրավվելու առաջարկությանը:

ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930