Բնակչության թվաքանակը պետության հզորության առաջնային բաղադրիչներից մեկն է։ Պատահական չէ, որ մեծ բնակչություն ունեցող երկրների համար առաջընթացի մեծ հեռանկարներ են բացվում։ Եվ պատահական չէ նաև, որ ասիական երկու հսկաները՝ Հնդկաստանը և Չինաստանը, դարձել են զարգացման խոշոր կենտրոններ։ Ընդ որում, կարևոր է ոչ միայն բնակչության թվաքանակը, այլև դեմոգրաֆիկ աճի տեմպը։ Այն պետությունները, որոնց բնակչության թվաքանակը նվազում է, ու դրա հետ մեկտեղ անընդհատ ավելանում է տարեցների թիվը, բախվում են լուրջ խնդիրների։
Օրինակ՝ Ճապոնիայի տնտեսությունն այդպես էլ դուրս չի գալիս լճացման փուլից և ի վիճակի չէ այնպիսի զարգացման թափ հավաքել, ինչպես տեղի ունեցավ ճապոնական տնտեսական հրաշքի տարիներին։ Բազմաթիվ զարգացած երկրներ ժողովրդագրական խնդիրները մեղմելու նպատակով փորձում են բնակչության թվի հիմնահարցը լուծել ներգաղթի կազմակերպման միջոցով։ Բայց այլ երկրներից ներգաղթն իր հերթին այլ խնդիրներ է ստեղծում այդ երկրների համար՝ փոխելով բնակչության համամասնությունը։ Պատահական չէ, որ եվրոպական երկրներում միգրացիայի սահմանափակման ու միգրանտներին չընդունելու հարցերը դարձել են քաղաքական առաջնահերթ թեմաներ։ Եվ ժողովրդագրական խնդրի հիմնական լուծումը դիտարկվում է բնակչության բնական աճը խրախուսելու տարբերակում։
Ծնելիության ցածր մակարդակի և արտագաղթի բարձր տեմպի հետևանքով Հայաստանի բնակչությունը ևս նվազում ու ծերանում է: 2011 թվականին Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 3 018 854, 2001 թվականին՝ 3 213 011 մարդ։ Իսկ 2022 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով՝ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 2 մլն 638 հազար 917՝ նախորդ մարդահամարի համեմատ նվազելով շուրջ 90 հազարով։ Թերևս բնակչության նվազման միտումը շարունակվում է նաև այս տարի։ Ընդ որում, Հայաստանի բնակչության թվի նվազումը ոչ միայն ծնելիության ցածր ցուցանիշների, այլև արտագաղթի բարձր տեմպերի արդյունք է։ Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ այս տարի ևս Հայաստանից մարդկանց արտահոսքի տեմպերը պահպանվել են։ Այս տարվա ինը ամսվա արդյունքներով, երկրից դուրս եկածների թիվը 10 հազար 634-ով ավելի է մուտք գործողների թվից։ Իսկ եթե Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրները չեն լուծվում, ապա ժամանակի ընթացքում Հայաստանը դառնում է ոչ մրցակցային՝ ընդունակ չլինելով դիմագրավել ժամանակակից մարտահրավերներին։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում