Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենահետաքրքիրը Քոչարյանի կամ Ծառուկյանի ճակատագի՞րն է

Նոյեմբեր 25,2023 10:00

Վարչապետ Փաշինյանը երեկ պատասխանել է Հայաստանից եւ Սփյուռքից ուղարկված՝ նախապես տեսագրված հարցերին: Ի՞նչ է մարդկանց հետաքրքրում: Տարբեր բաներ, բայց ոչ՝ 2020 թվականին կրած նվաստացուցիչ պարտությունը եւ 2023 թվականի սեպտեմբերին պատուհասած աղետը: Հարցերի բովանդակությունից ես, ճիշտն ասած, չզգացի, որ հենց այս վարչապետի իշխանության օրոք տեղի է ունեցել մեր ժողովրդի ամենախոշոր պատմական ողբերգությունը՝ Հայոց ցեղասպանությունից հետո:

Մարդկանց հուզող հարցերի թվում էր՝ ինչո՞ւ Քոչարյանը, Ծառուկյանը եւ Հովիկ Աբրահամյանը բանտում չեն: Ընդ որում, հարցը տեսագրած Գերմանիայում ապրող մեր հայրենակիցը վստահ է, որ հիշյալ մարդիկ այժմ բնակվում են Ռուսաստանում: Տեղեկացված լինելու այս մակարդակը, ի դեպ, մեր լրատվամիջոցների եւ սոցցանցերի յուրահատկությունների հետեւանք է:

Վարչապետի պատասխանը տեսականորեն ճիշտ էր. դատավճիռներ կայացնողն ինքը չէ, դրա համար կան համապատասխան ինստիտուտներ, իսկ այն, ինչ որ նա ասում էր որպես ընդդիմադիր եւ հեղափոխական, չի կարող կրկնել որպես երկրի ղեկավար:

Այդ միանգամայն ճիշտ դատողությունները հակասության մեջ են մտնում մի շարք փաստերի հետ: Մասնավորապես, կարելի է հիշեցնել, որ երբ Փաշինյանը հեղափոխական զանգվածին հրահանգում էր շրջափակել դատարանները (այսինքն՝ իր վկայակոչած ինստիտուտները), նա վարչապետ էր: Երբ 2021 թվականի նախընտրական արշավի ժամանակ «նախկինների» դեմ մուրճ էր թափահարում, նա վարչապետ էր: Երբ անցած հինգշաբթի կառավարության նիստում համապատասխան դատավճիռներ էր պահանջում, նա նույնպես վարչապետ էր: Այնպես որ այս հարցերում իբր «չեզոք» կեցվածքն անկեղծ չէ:

Փոխարենը գերմանաբնակ մեր հայրենակիցն անկեղծ է: Չգիտեմ՝ նա ՀՀ քաղաքացի է, թե ոչ, բայց մեր քաղաքացիների մեծամասնությանը Քոչարյանի կամ Ծառուկյանի ճակատագիրն իսկապես ավելի շատ է հուզում, քան Արցախի, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքի 200 քառակուսի կիլոմետրի (ըստ ԱԳ նախարար Միրզոյանի) կորուստը:

Այստեղ եմ ես տեսնում մեր գլխավոր խնդիրը: Քանի դեռ որեւէ հարց, այդ թվում՝ յուրահատուկ ձեւով հասկացված «արդարադատությունը», ավելի շատ է հետաքրքրում, քան Հայաստանի (հայկական երկու պետությունների) անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, կորուստները շարունակվելու են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Հայերի համար գլխավոր խնդիրները Հալեպի նարնջակերն է, բանանապաշտ ալբանացին և հյուսիսային կարմիր բանանից կախված զույգ ադամաթզերը:
    6 տարի հետո կգրեն՝ «Գաւառի վարչապետն էր գաւառի պետը»:
    Բայց…

  2. Հ.Շ. says:

    Երբ որ «Սփիւռք»ի մասին կը խօսուի, անհրաժեշտ է ճշգրտելը, թէ խօսքը՝ Արեւմտեան Հայաստանէն եւ Կիլիկիայէն սերած, Նախնական Սփիւռքի՞ մասին է, թէ՝ Հայաստանցիներու եւ Արցախցիներու Սփիւռքի մասին:

    Զանազանութիւնը, էական է:

    Անշուշտ անկէ ետք ալ կան բազմաթիւ, ոչ աննշան, *ենթաբաժանումներ*, երկու հատուածներում: Բայց հարկաւոր է գոնէ այն տարրական տարբերութիւնը նշել: Եթէ կ’ուզենք մենք զմեզ լաւ հասկանալ: Գոնէ, իրարու միջեւ:

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Ալֆրեդ says:

    Դե եթե հարցերը նախապես ձայնագրված, ստուգված են եղել, բնականաբար 2020 թվի պատերազմի մասին հարց չէր կարող լիներ

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930