Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղի հետ կապված ինչ կա, ես ամբողջը չասացի». Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 25,2023 00:24

Քաղաքացու հարցին, որ ընդդիմադիր որոշ շրջանակներ հնչեցնում են այն թեզը, որ ՌԴ-ն ժամանակ առ ժամանակ իր քայլերով պատժում է Հայաստանի իշխանություններին՝ ինչ-ինչ քայլերի համար, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց. «Դա նորահայտ թեզ է, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են շրջանառության մեջ դնում: Ես այսպիսի թեզ եմ նկատել, որ շատ ակտիվ շրջանառվում է, թե 44-օրյա պատերազմում ՌԴ-ն Հայաստանի իշխանություններին պատժեց ինչ-որ քայլերի համար»:Նա հավելեց, որ չէր ցանկանա Ռուսաստանի Դաշնությանն այս համատեքստում քննարկման առարկա դարձնել, ապա նշեց. «Բա այդ դեպքում 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ ո՞վ եւ ինչի՞ համար պատժեց»։

Փաշինյանի խոսքով. «Այդ թեզի իմաստն այն է, որ դե հեղափոխություն եղավ, որը ցանկալի չէր մեր գործընկերների համար, իբրեւ այս կառավարությունը արեւմտամետ էր, դրա համար պատժվեց, պատերազմը դրա համար եղավ․ բա 2016-ի պատերազմն ինչի՞ համար եղավ, բա 2013-ի իրադարձություներն ի՞նչ են, որ Հայաստանը բանակցեց բանակցեց, մի գիշերում Հայաստանը դարձավ Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության անդամ։

Բա այդ դեպքում ո՞ր քայլերի համար էր, որ 2011 թվականին Ռուսաստանը բազմամիլիարդանոց զենքի վաճառքի պայմանագիր կքնեց Ադրբեջանի հետ, 2013-2014 թթ իրադարձություններն ինչի՞ արձագանքն էին։ Ինձ թվում է՝ քննիչ հանձնաժողովից հետո շատերն ասում են՝ դե Ղարաբաղի հարցի հետ կապված ինչ կար ամբողջն ասեցիր, իրականում այդպես չի, Ղարաբաղի հետ կապված ինչ կա, ես ամբողջը չասացի, շատ բան ասելու Ղարաբաղի հարցի մասին։ Եթե վարկածը ճիշտ է, բա Սերժ Սարգսյանի 2018 թվականի ապրիլի հայտարարությունն ինչի՞ մասին էր, պատերազմի անոնսը, այդ ինչի՞ անոնսն էր»:

Փաշինյանն ընդգծեց, որ թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, դրա համար էլ Հայաստանն ինքնիշխան պետություն լինելու շանս ունի, այլապես զրո շանս էր ունենալու: «Դրա ապացույցը 2013-ի իրադարձություններն են։ Պատկերացնո՞ւմ եք, ԵՄ-ի հետ բանակցեն փաստաթուղթ, որը ստորագրման պատրաստ լինի, եւ այդ փաստաթուղթը շպրտել կողմ ու ասել՝ մենք դա չենք կարող ստորագրել։ Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ եթե դու ի վիճակի չէիր ստորագրելու, ինչո՞ւ էիր բանակցում։ Բա դրանից ավելի մեծ պատի՞ժ պետության պրեստիժին։ Դրանից հետո ստացանք 2016-ի Քառօրյա պատերազմը, եւ բանակցային այն փաթեթները։ Իրականում Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2018-ի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին։ 2016-ը ինչ էր, բա ո՞վ եւ ո՞ւմ ինչի համար պատժեց․ ցավոք, 2018-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց պատերազմ ու հետո հեղափոխություն եղավ, եթե դա չլիներ, այսօր Հայաստանն անկախ պետություն ունենալու շանս չէր ունենա»,-ասաց նա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930