Զորամասն ինքնակամ լքելու գործի ընդդատության հարցով երեք տարի հետո դիմել են ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահին
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր Մ.Հարությունյանն այս տարվա մարտի 3-ին քննության էր առել վանաձորցի Է. Ա.-ի գործը: Այս գործն ուշագրավ է նրանով, որ 3 տարի առաջ հարուցված քրեական գործը դատարանից դատարան է ուղարկվում ու դեռ չի որոշվել ընդդատյատության հարցը, այսինքն, թե ո՞ր դատարանում, ի վերջո, պետք է քննվի զինվորի գործը:
2021 թվականի հունվարի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ս. Մխիթարյանն ուսումնասիրելով քրեական գործի նյութերը, որոշում է կայացրել այն ընդունել վարույթ եւ կատարել նախաքննություն:
2022 թվականի ապրիլի 20-ին որոշում է կայացվել Է.Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը:
Կարդացեք նաև
2022 թվականի մայիսի 2-ին թիվ 2 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Է. Աղաբալյանը քրեական գործը վերադաձնում է քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար:
2022 թվականի մայիսի 20-ին թիվ 2 կայազորի զինվորական դատախազ Հ. Մկրտչյանը որոշում է կայացրել մերժել քրեական գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող թիվ 2 կայազորի զինվորական դատախազի տեղակալ Է. Աղաբալյանի՝ մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը լրացուցիչ քննություն կատարելու համար քննիչին վերադարձնելու մասին որոշման դեմ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ կայազորային վարչության ՀԿԳ քննիչ Ա. Հարությունյանի 16.05.2022թ. ներկայացված առարկությունը:
…2022 թվականի մայիսի 24-ին նախաքննական մարմինը որոշում է կայացրել Է.Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա հանդիսանալով ՊՆ զորամասերից մեկի ապահովման ջոկի վարորդը, զորամասի հրամանատարի թիվ 012 հրամանով 2020 թվականի դեկտեմբերի 15-ից մինչեւ դեկտեմբերի 21-ը գտնվելով արձակուրդում եւ պարտավոր լինելով դեկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ին ներկայանալ ծառայության վայր` ՊԲ զորամաս. «2020 թվականի սեպտեմբերի 27-ից ՀՀ-ում եւ ԱՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ, առանց հարգելի պատճառների, ժամանակին ծառայության չի ներկայացել, իսկ 2021թ. հունվարի 18-ին, ժամը 15:00-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ ՊՆ ՌՈ՝ դրանով իսկ ծառայությունից բացակայելով 3 օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տեւողությամբ»։
2022 թվականի հունիսի 30-ին քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատված վիճակում ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այն ստացվել է 2022 թվականի հուլիսի 17-ին:
ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ. Ջիվանյանի 2022 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ վարույթ է ընդունվել գործը, նշանակվել նախնական դատալսում 2022 թվականի օգոստոսի 9-ին:
ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ. Ջիվանյանը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին որոշում է կայացրել քրեական գործն ըստ ընդդատության ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հոկտեմբերի 24-ին գործը «տեղ է հասել», բայց «ստացվել» նոյեմբերի 3-ին…
Էլեկտրոնային մակագրության համակարգի միջոցով քրեական գործը մակագրվել է դատավոր Մ.Հարությունյանին: Վերջինս նույն օրը նշանակել է նախնական դատալսումներ։
Վարորդ- զինծառայողի գործով պաշտպանը 2023 թվականի մարտի 3-ին նախնական դատալսումների ժամանակ հայտնել էր, որ նկատի ունենալով, որ Է. Ա.-ին վերագրվող արարքը, ըստ գործի նյութերի, կատարվել է Արցախի Հանրապետության տարածքում, հետեւաբար, գործը պետք է քննվի ԱՀ ընդհանուր իրավասության դատարանում, միջնորդեց գործն ուղարկել Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարան:
Մեղադրյալ Է. Ա.-ն միացավ պաշտպանի դիրքորոշմանը:
Հանրային մեղադրող Է. Վերմիշյանն առարկելով միջնորդության դեմ, հայտնեց, որ գտնում էր. «Է. Ա.-ին վերագրվում է տեւող հանցագործություն, այն ավարտվել է ՀՀ Լոռու մարզում», հետեւաբար գործն ընդդատյա է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Դատարանը հղում էր կատարել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի՝ «Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը» վերտառությամբ 361-րդ հոդվածի 1-ին մասին. «Երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տեւողությամբ, ինչպես նաեւ երեք ամսվա ընթացքում երեք եւ ավելի անգամ մեկ ժամից մինչեւ երեք օր տեւողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը» հոդվածներին, նաեւ նույն հոդվածի 7-րդ մասին, որով սահմանում է. «Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում»:
Դատարանը փաստել էր, որ տվյալ զորամասը գտնվում է Սյունիքի մարզի դատարանի դատական տարածքում՝ Արցախի Հանրապետությունում, որով պայմանավորված նշված տարածքի քննչական մարմինների կողմից իրականացվել է նախաքննություն եւ մեղադրական եզրակացությունը կազմվել է 27.06.2022 թվականին նույն մարմինների կողմից Մարտակերտ քաղաքում:
Զինծառայողին վերագրվող հանցագործության դեպքի վայր է հանդիսանում Մարտակերտում տեղակայված զորամասը եւ «ենթադրյալ հանցագործության կատարումն ըստ գործի նյութերի սկսվել է նշված զորամասից բացակայելու օրինական հիմքերն ավարտելուց հետո նշված զորամաս չվերադառնալու օրվանից՝ 2020 թվականի դեկտեմբերի 21-ի ժամը 18:00-ից եւ ավարտվել է 2021 թվականի հունվարի 18-ին, ժամը 15:00-ին, երբ նա ինքնակամ ներկայացել է ՀՀ ՊՆ ՌՈ, գտնվել է ռազմական կառույցների տրամադրության տակ եւ այդ պահից սկսած հնարավորություն է առաջացել համապատասխան ծառայությունների միջոցով ներկայացնել ծառայության վայր՝ զորամաս: Նույնանման իրավիճակ կարող էր լինել նաեւ այն պարագայում, եթե Է. Ա.-ն հայտնաբերվեր կամ ինքնակամ ներկայանար որեւէ այլ պետության իրավապահ մարմիններ»:
Ըստ դատարանի եզրահանգման, այս պարագայում եւս գործն ընդդատյա կլիներ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, այն հիմնավորմամբ, որ վերագրվող հանցագործության դեպքի վայրը՝ զորամասը, գտնվում է նշված դատարանի դատական տարածքում, իսկ հանցագործության սկիզբ պետք է հաշվել ծառայությունից բացակայելու օրինական հիմքերի ավարտվելու օրվանից՝ 2020 թվականի դեկտեմբերի 21-ի ժամը 18:00-ից մինչեւ ռազմական իշխանությունների տրամադրության տակ հայտնվելը՝ 2021 թվականի հունվարի 18-ի ժամը 15:00-ն՝ անկախ նրա գտնվելու աշխարհագրական վայրից: Այս գործով դատարանը որոշում է կայացրել գործով ընդդատության վերաբերյալ հարցը լուծելու նպատակով դիմել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահին:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գնահատմամբ՝ «առկա են գործի ընդդատությունը վիճարկելու հիմքեր, անհրաժեշտություն է առաջացել լուծել գործի ընդդատության վերաբերյալ վեճը»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.11.2023