Պոլսո Հայոց պատրիարքարանը Պատրիարքությանը մատուցված մեծ ծառայությունների համար շքանշան է շնորհել ամերիկաբնակ պոլսահայ բարերար Հերման Խնդիրյանին։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, իր ֆեյսբուքյան էջում հայտնում է թուրք արձակագիր Քեմալ Յալչընը։
Աղբյուրի համաձայն, ինչպես նշում է Քեմալ Յալչընը, Ամերիկայի Դետրոյթ քաղաքում բնակվող պոլսահայ բարերար Հերման Խնդիրյանը մեծ ներդրում է ունեցել եւ շարունակում է ունենալ Հայաստանում, Ստամբուլում եւ ԱՄՆ-ում հայոց եկեղեցիների եւ հայկական դպրոցների ֆինանսական կարիքները հոգալու հարցում։ Նա նաեւ իր նպաստն է բերել Թուրքիայում եւ այլ օտարերկրյա երկրներում հայկական մշակույթի տարածման ուղղությամբ։
Հերման Խնդիրյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ոչ միայն Պոլսո, այլ նաեւ Ամերիկայի հայկական դպրոցներին եւ մշակութային հաստատություններին։
2023 թ. նոյեմբերի 5-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի շքանշանը հանդիսավոր կերպով շնորհվել է Հերման Խնդիրյանին՝ Ստամբուլի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ։ Շքանշանը մեծ բարերարին է շնորհվել անձամբ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի կողմից։
Կարդացեք նաև
Քեմալ Յալչընն իր ֆեյսբուքյան գրառումն ավարտում է հետեւյալ խոսքերով. «Սիրելի՛ եղբայրս Հերման, դու վաղուց էիր արժանացել այդ շքանշանին։ Մրցանակներով պատված կյանքդ թող առողջ եւ երջանիկ անցնի։ Այս աշխարհն ու Թուրքիան ավելի գեղեցիկ եւ իմաստալի են քեզ հետ միասին։ Ի՛նչ լավ է, որ դու կաս։ Բոխում, 21-ը նոյեմբերի, 2023 թ., Քեմալ Յալչըն»։
Թարգմանեց Մելինե ԱՆՈՒՄՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
24.11.2023