Լրահոս
Օրվա լրահոսը

«Օպերան իմ կիրքն է, որը երբեք չի լքել ինձ»

Նոյեմբեր 25,2023 12:30

Հարցազրույց ռուսաստանաբնակ ճանաչված օպերային երգիչ եւ դիրիժոր Միհրան Աղաջանյանի հետ

– Մաեստրո, երրորդ անգամ է՝ Երեւանում եք, նոյեմբերի 30-ին նշանակված է Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերան, որի բեմադրող դիրիժորն եք։

Առաջին անգամ 2018-ին մեր հանդիսատեսին հիացրիք Կավարադոսիի դերերգով Պուչինիի «Տոսկայում», երկրորդ այցին՝ 2021թ., պարզապես զարմացրիք որպես դիրիժոր՝ ղեկավարելով նույն օպերան։ Դուք օպերային երգիչ եք եւ դիրիժոր, ընդ որում՝ միջազգային մակարդակի։ Վերջերս հայտնաբերեցինք, որ ոչ վաղ անցյալում հանդես եք եկել որպես դաշնակահար, ավելին՝ առաջին մրցանակներ եք շահել Փարիզի, Պեզարոյի եւ այլ մրցույթներում։ Հավանաբար փոքրուց եք տարվել երաժշտությամբ։

– Ընդհանրապես, ես թատերասեր երեխա եմ եղել։ Երբ երեք տարեկան էի, մայրս ընդունվել է Ռոստովի կոնսերվատորիայի վոկալի բաժինը։ Ուսմանը զուգահեռ նրան հրավիրել են օպերային թատրոն եւ, բնականաբար, բոլոր փորձերին ինձ իր հետ տանում էր։ Նա տանը շատ ձայնագրություններ ուներ՝ աուդիո եւ վիդեո, ու շատ ժամանակ էր հատկացնում դրանք լսելուն։

Այդ ժամանակվանից Զեֆիրելիի «Տրավիատա» ֆիլմ-օպերան դարձավ իմ սիրելի ֆիլմը։ Հետո երեխաներ էին հավաքագրում մանկական երգչախմբում՝ «Կարմեն» օպերայի արտադրության համար։ Ես էլ ընդգրկվեցի։ Այդ ամենն ինձ համար վերածվեց շարունակական տոնի եւ ես սիրահարվեցի օպերային։ Այդ ժամանակվանից ոչինչ չի փոխվել՝ օպերան իմ կիրքն է, որը երբեք չի լքել ինձ։ Գուցե տարօրինակ հնչի, բայց 4 կամ 5 տարեկանում ինքս որոշեցի, որ ուզում եմ դառնալ երգիչ եւ դիրիժոր։ Իհարկե, մեծերը տեսնում էին, որ ես խելագարվում եմ օպերայի համար, բայց աչք փակեցին դրա վրա, մտածելով, թե երեխան դեռ փոքր է ու վաղ է դրան լուրջ վերաբերվելը։

Հետագայում, երբ շարունակեցի պնդել, որ ուզում եմ երգիչ եւ դիրիժոր դառնալ, ծնողներս ասացին, որ անպայման պետք է տիրապետեմ նաեւ երաժշտական գործիքի։ Ճիշտն ասած՝ դժկամությամբ գնացի երաժշտական դպրոց, բայց եկավ մի պահ, երբ լրջորեն սկսեցի զբաղվել դաշնամուրով։ Այո, միջազգային մրցույթներ… բայց ես դաշնակահար չեմ դարձել։ Թեեւ այն ինձ շատ է օգնում, ոչ միայն դիրիժորական աշխատանքում։ Տեսեք՝ Ռիխտերը գրում է, որ 14-15 տարեկանում պարզապես «կրծել» է օպերային կլավիրներ։ Սա իրականում շատ հետաքրքիր գործունեություն է եւ ինձ համար վերածվել է հոբիի։ Այսօր արդեն կարող եմ հանգիստ ասել, որ 3-4 տասնյակ օպերաներ անգիր գիտեմ եւ եթե ինձ ասեն՝ վաղը վեր կաց եւ ղեկավարի, հանպատրաստից վեր կկենամ ու կղեկավարեմ։

– Ովքե՞ր են օպերային դիրիժորներ, ինչպե՞ս են նրանք հայտնվում, ինչպե՞ս են սկսում։

– Նրանք երաժիշտներ են, որոնք օպերաները գիտեն ներսից եւ դրսից, իսկ ձեռքի տեխնիկան յուրացնելով դառնում են դիրիժորներ։ Մեր կոնսերվատորիաներում գործում են օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժիններ, բայց, ցավոք, օպերային դիրիժորության մասով քիչ բան է արվում։ Որպես կանոն, դասախոսները սիմֆոնիստներ են, ովքեր անգիր գիտեն հսկայական քանակով սիմֆոնիկ երաժշտություն եւ, բնականաբար, նրանք ուսանողներին կրթում են այդ ուղղությամբ։ Հետո արդեն, երբ ուսանողը գալիս է օպերային թատրոն, շատ բան ունի սովորելու։ Ինձ համար դիրիժորն այն երաժիշտն է, ով իր ներսում ինչ-որ առանձնահատուկ բան է լսում, նույն նոտան, նույն ակորդը կարող է տարբեր հնչել։ Իմ սիրելի դիրիժորը Կառլոս Կլայբերն է. նա ֆենոմեն է, մարդ, ով իր կեցվածքով պայծառեցնում է ամեն նոտան։

– Մեր նախորդ հանդիպման ժամանակ նշել էիք, որ ուսանել եք Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի դիրիժորության բաժնում։ Մենք հետո տեղեկացանք, որ վոկալիստի կրթություն չունեք եւ զարմանալի է, որ առանց դրա հայտնվել եք Մարիինյան թատրոնում, ավելի ուշ բեմ բարձրացել Քովենթ Գարդենի, Համբուրգի, Լիոնի օպերային թատրոններում, հեղինակավոր շատ փառատոների բեմերում եւ այլն։ Ինչպե՞ս դա ստացվեց։

– Ես շատ անսպասելի սկսեցի երգչի կարիերա անել։ Երգում էի ինձ համար, սկզբում որպես բարիտոն, հետո դարձա տենոր։ Բայց որպես բարիտոն, ասեմ, որ Ելենա Օբրազցովայի անվան մրցույթում արժանացել եմ մրցանակի։ Հենց դրա շնորհիվ 2012թ. Մարիինյան թատրոնում Բիզեի «Կարմենում» հենդես եկա Մորալեսի դերերգով, որը բարիտոնի պարտիա է։ Անկեղծ ասած՝ դրանից հետո առաջարկներ չեղան։ Ինձ համար պարզ էր. ես էությամբ բարիտոն չեմ եղել։ Հետո արդեն դադար եղավ։ 18-19 տարեկանում ձայնը դեռ բավականին «կազմավորված» չի լինում։ Դա այն ժամանակ էր, երբ սովորում էի կոնսերվատորիայում որպես սիմֆո-դիրիժոր։ Ինչ-որ պահի որոշեցի փոխվել տենորի։ Միառժամանակ անց փոքր դահլիճում մենահամերգ ունեցա։ Դրանից հետո ընտանիքս ինձ հուշեց, որ հայտ ներկայացնեմ որեւէ մրցույթի։ Ես էլ մի հանդուգն քայլ արեցի. ոչ ավել-ոչ պակաս, դիմեցի Դոմինգոյի հիմնած եւ նրա անմիջական ղեկավարությամբ ընթացող Օպերալիա մրցույթին։  Դրան հասնելն ինձ համար  շոկային էր, քանի որ մասնակցում էին կայացած երգիչներ… Կարճ ասած՝ երկու անգամ եմ մասնակցել այդ մրցույթին։ Ճանաչում էի քասթինգի տնօրեններից շատերին, նրանք էլ ինձ էին ճանաչում։ Մի խոսքով՝ արժանացա 2-րդ մրցանակի։

– Ռուսական մամուլից տեղյակ ենք, որ կարճ ժամանակով զբաղեցրել եք Պերմի օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը…

– Այո, կարճ ժամանակ պաշտոնավարել եմ, բայց շրջել եմ այդ էջը։ Իհարկե, շատ եմ հարգում Պերմի թատրոնի կոլեգաներիս։ Միայն նշեմ, որ չեմ ափսոսում դրա համար եւ թույլ տվեք առանց մանրամասնելու բարձրաձայնեմ, որ այդ ժամանակահատվածը համարում եմ կյանքիս պայծառ էջերից մեկը։

– Դարձյալ ԶԼՄ-ներից տեղեկացված ենք, որ որպես երգիչ եւ դիրիժոր բազում նախագծեր ունեք իրագործելու եւ շարունակում եք աշխատել Մարիինյան թատրոնում։ Նախագծերից մեկն էլ  մեր թատրոնի «Մադամ Բաթերֆլայն» է։ Այս օպերան 1934 թվականից Երեւանում ունեցել է չորս բեմադրություն։ Վերջինը 1986թ. իրականացրել են ռեժիսոր Տիգրան Լեւոնյանը եւ դիրիժոր Յուրի Դավթյանը։ Ավելի քան 30 տարի մենք զրկված ենք եղել դիտելու այս գլուխգործոցը։ Պատկերացնում եք, չէ՞, թե հանդիսատեսը ինչ անհամբերությամբ է սպասում պրեմիերային…

– Սովորաբար նման դեպքերում ասում են՝ մենք կարդարացնենք հանդիսատեսի սպասելիքները (ժպտում է- Ս. Դ.)։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930