Ժամանակակից աշխարհում արվեստի տարբեր ճյուղերի որակական փոփոխությունների շուրջ հաճախ միմյանց հակասող ընկալումներ են ձեւավորվում: Արվեստի՝ ժամանակի առանցքում մշտապես փոփոխվող ուղեգծի քննությունն արդիական ու ցպահանջ է: Այս համատեքստում նկատենք` կինոոլորտում քիչ են երիտասարդ ռեժիսորների ֆիլմերի հատկապես դրամատուրգիային անդրադարձող գրախոսականներն ու վերլուծականները։
Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով հրատարակվել է Վովա Արզումանյանի «Ժամանակակից երիտասարդական ֆիլմերի դրամատուրգիական հիմքը» մենագրությունը, որի խմբագիրը կինոգետ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանն է։ Գրքի ուսումնասիրության դաշտում է հայտնվել վերջին 4-6 տարիներին նկարահանված ֆիլմերի դրամատուրգիան։
«Կարծում եմ` սա առաջնահերթ կօգնի կինոոլորտ նոր մուտք գործած մասնագետներին ճիշտ ընտրություն կատարել եւ դրամատուրգիան մղել առաջին պլան, ոչ թե վերջին, ինչը հաճախ ենք տեսնում։ Որակապես բարձր դրամատուրգիայից է կախված ֆիլմի գեղագիտական խորությունն ու արդիականությունը։ Պետք է զգույշ լինել նաեւ դրամատուրգիական շեշտադրումների դեպքում. ամեն ինչ առանձնահատուկ մոտեցում ու գիտելիք է պահանջում»,-նշում է գրքի հեղինակը։
Վովա Արզումանյանը գրքում շոշափել է կինոդրամատուրգիայի խնդիրները եւ կինոարվեստի գեղագիտական կողմը մեկնաբանող, կենսական խնդիրներ լուծող, համադրական արժեքներ փոխանցող դերը: Հեղինակը ընթերցողի համար լուսաբանում է կինոարվեստի դրսեւորումների բնավորությունը, դիտարկման առանցքները, նրբանկատությամբ պեղած արժանիքները՝ դրանք փոխանցելի դարձնելու նպատակադրումով:
Կարդացեք նաև
Գրքից յուրաքանչյուրը կարող է օգտվել յուրովի՝ իր հետաքրքրություններից ու ակնկալիքներից կախված։
Տաթևիկ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.11.2023