Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում, որ Վարդան Հարությունյանն այնքան միամիտ է եւ տեղյակ չէ»

Նոյեմբեր 25,2023 14:00

«Կոնկրետ փաստեր են ներկայացվել բռնաբարությունների, խոշտանգումների, երեխաների սպանության, երեխային թիկունքից գնդակահարել են, մանկահասակ երեխային խոշտանգել են՝ ձեռքը կտրել են եւ ձեռքի կտրվածքի մեջ փայտ են մտցրել… ես խոսում եմ միայն վերջին, սեպտեմբերյան դեպքերի ժամանակ, որից հետո ընդամենը երկու օրում դատարկվեց Արցախը, բայց միջազգային կառույցներն այդ ամենը չեն տեսնում, որովհետեւ դրա գինն իրենց համար ՌԴ-ին տարածաշրջանից քիմմաքրմամբ հեռացնելն է». «Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

– Խորհրդային այլախոհ Վարդան Հարությունյանն ասում է՝ «Հայաստանում կան բանտարկյալներ, որոնց նրանց համախոհները քաղբանտարկյալներ են անվանում» ու հիմնավորում է, որ քաղբանտարկյալներ հայտարարվում են մարդու իրավունքներով զբաղվող միջազգային հեղինակավոր կառույցների կողմից՝ Amnesty International-ը, Freedom House-ը, Human Rights Watch-ը ու որեւէ կառույց նման հայտարարություն չի արել: Իսկ նրանց զեկույցներում անգամ հիշատակումներ չկան ընդդիմադիրների ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից բիրտ եւ անհամաչափ ուժի կիրառման մասին, մասսայական ձերբակալությունների, սոցիալական ցանցերում մարդկանց գրառումների համար քրեական հետապնդումների եւ կալանավորումների մասին: Եթե քաղաքական կառույցների դիրքավորումը հենց քաղաքականությամբ կարելի է բացատրել, ապա մարդու իրավունքներով զբաղվող կառույցների դիրքավորումն ինչո՞վ բացատրել:

– Ես չեմ կարծում, որ Վարդան Հարությունյանն այնքան միամիտ է եւ տեղյակ չէ, որ իր նշած միջազգային կառույցների՝ Amnesty International-ի, Freedom House-ի, Human Rights Watch-ի գնահատականներն ինչ  քաղաքական հոսանքներով են պայմանավորված լինում: Ես չեմ կարծում, որ Վարդան Հարությունյանն, ով որպես իրավապաշտպան, իշխանափոխությունից հետո նախընտրում է հիմնականում լռելու տարբերակը, այնքան միամիտ է, որ չգիտի, որ միջազգային նշյալ կառույցներն ուղղորդվում են իրենց տերությունների քաղաքական շահերով, իսկ այդ երկրների քաղաքական շահերն այսօր մեկ օրակարգ ունեն՝ ցանկացած գնով սատարել Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ամենափայլուն գործիքն է՝ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու համար:

Ես չեմ կարծում, որ Վարդան Հարությունյանն այնքան միամիտ է, որ չի հասկանում՝ որ պահին Նիկոլը մի առավոտյան զարթնի եւ որոշի 180 աստիճան շրջադարձ կատարել՝ դեպի ՌԴ, իր իսկ նշած կազմակերպությունները, երեք վայրկյան հետո, կտեսնեն Հայաստանում բոլոր քաղաքական բանտարկյալներին, որոնց այսօր չեն տեսնում, նրանց աչքերը կբացվի, նրանք կտեսնեն եւ կարձանագրեն խաղաղ ցույցերի ժամանակ կիրառած բիրտ ուժը, նրանք կտեսնեն եւ կարձանագրեն՝ կալանքը, որպես խափանման միջոց, մասսայաբար կիրառելու անթույլատրելիությունը, նրանք կտեսնեն եւ կարձանագրեն, թե ինչպե՞ս է, այսպես կոչված, ժողովրդավարության բաստիոն Հայաստանում, ֆեյսբուքյան գրառման համար, մարդու նկատմամբ քրեական գործեր հարուցվում: Վստահաբար, պարոն Հարությունյանը եւ այս իշխանությունների հանդեպ մեծագույնս լոյալ մնացած «իրավապաշտպանները» այդ ամենը շատ լավ գիտեն, բայց քանի որ նրանք բացարձակապես այլ քաղաքական ջրերում են լողում, որտեղ մարդու իրական իրավունքը, խոսքի ազատությունը որեւէ առնչություն այլեւս չունեն գործընթացների հետ, իրենց գնահատականները պիտի լինի այդպիսին:

Ինքս եմ, կարծեմ, 2012 թվականին, որպես ԵԽԽՎ պատգամավոր, քվեարկել կողմ՝ ԵԽԽՎ-ի ընդունած «քաղաքական բանտարկյալ» սահմանմանը եւ ես վստահեցնում եմ՝ այսօր թե Արմեն Աշոտյանը, թե Նարեկ Մալյանը, թե Արագած Ախոյանը, թե Գրիգորի Խաչատուրովը, թե խափանման միջոցը տնային կալանքով փոխած Տաթեւիկ Վիրաբյանը եւ թե բազմաթիվ այլ անձինք, նաեւ ընդդիմության տարբեր շարժումների ժամանակ կալանավորված եւ ամիսներով անազատության մեջ պահված բազմաթիվ անձինք, քաղաքական բանտարկյալ սահմանման չորս բոլոր չափորոշիչներով՝ հստակ քաղաքական բանտարկյալներ են:

Այնպես որ, այդ կազմակերպությունները Հայաստանում տոտալ բռնաճնշումները, քաղաքական հայացքներով պայմանավորված մարդկանց կալանավորումները, խոսքի ազատության, մամուլի հանդեպ այս բռնաճնշումները չեն տեսնելու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իրենց հարմար ղեկավար է՝ իրենց աշխարհաքաղաքական «չիստկան» ավարտին հասցնելու համար: Այսինքն, հակառուսական «չիստկան», սանմաքրումը, քիմմաքրումը ավարտին հասցնելու համար:

– Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, որը եվրոպական ամենամեծ վերազգային կառույցն է, իր վերջին բանաձեւում արձանագրեց, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ ու կոնկրետ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի անունը: Բայց անգամ այս դեպքում ՀՀ իշխանությունները մնացին անհաղորդ եւ Աշոտյանը շարունակում է մնալ անազատության մեջ:

– ԵԺԿ-ի վերջին բանաձեւում բավականին լուրջ դիտարկումներ էր արվում Հայաստանում ժողովրդավարության անմխիթար վիճակի մասին: ԵԺԿ-ն արձանագրեց, որ Արմեն Աշոտյանը բոլոր չափորոշիչներով քաղբանտարկյալ է եւ անհապաղ պիտի ազատ արձակվի, բայց բանաձեւից ժամեր անց, որպես դեմարշ, որպես ԵԺԿ-ի վրա թքելու պրոցես, այս իշխանությունը Արմեն Աշոտյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը՝ կալանքը վերացնելու մասով, արհամարհեց եւ Արմեն Աշոտյանը մնաց կալանքի տակ: Սա շատ պարզ է. այս իշխանությունն ուզում է ասել՝ եթե ես ձեր գործիքն եմ՝ ձեր աշխարհաքաղաքական խնդիրները տարածաշրջանում լուծելու համար, ապա դուք էլ պիտի աչք փակեք եւ չխանգարեք այն հաշվեհարդարներին, որ ես անում եմ իմ քաղաքական օպոնենտների դեմ՝ իմ իշխանությունը պահելու համար: Սա դիլ է, գործարք է՝ Արեւմուտքի, այսպես կոչված՝ ժողովրդավարական կառույցների, որոնք ֆեյք են եւ վաղուց ժողովրդավարության հետ որեւէ կապ չունեն եւ ՀՀ գործող իշխանության միջեւ. ես քեզ՝ դու՝ ինձ, անբարո սկզբունքով: Ցավոք, մենք ապրում ենք այսպիսի իրականությունում:

– Նաեւ, այսպես կոչված, տեղական իրավապաշտպաններն են թե մասսայական կալանավորումների, թե իշխանության քննադատների նկատմամբ քրեական հետապնդումների, թե անգամ արցախահայության հարցերով բավականին զուսպ արտահայտվում: Ավելին, վերջերս մեր երկրում հայտնված երիտասարդ կնոջ՝ Ֆաթիմա Զուրաբովայի հարցը կարծես ավելի շատ քննարկման թեմա դարձավ, քան արցախահայերի՝ ամեն րոպե խախտվող իրավունքները՝ սկսած իրենց հայրենիքում ապրելու իրավունքից, վերջացրած Հայաստանում, այդ մարդկանց անձնագրերի, կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության եւ մնացած հարցերով:

– Որովհետեւ 2018-ի թավշյա իշխանազավթումից հետո, Հայաստանում չկա այլեւս քաղաքացիական հասարակություն: Այն քաղաքացիական հասարակությունը, որը  Մաշտոցի պուրակում կտրված մի թփի համար իր մարմնի բոլոր մասերը պատռում էր, երթուղայինի 50 դրամի համար համազգային բողոքի ակցիաներ էին իրականացնում, նրանք բոլորը հեղափոխության ժամանակ իշխանության կցորդն էին: Հիմա, նրանց գերակշիռ մասը իշխանության տարբեր օղակներում, տարբեր պաշտոններ են զբաղեցնում՝ սկսած ամենաբարձրաստիճանից մինչեւ ներքեւ: Ցավոք սրտի, հեղափոխությունից հետո, Հայաստանում այդպես էլ չձեւավորվեց քաղաքացիական հասարակություն: Ուստի, այսօր Հայաստանում քաղաքացիական հասարակություն չկա, մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններ գրեթե չկան. նրանք բոլորն իշխանության հետ սերտաճած, ԱՄՆ դեսպանատնից իրենց կերակուրը՝ դրամաշնորհների տեսքով ստացող կազմակերպություններ են եւ, եթե նրանց ներկայությամբ իշխանության որեւէ ներկայացուցիչ փողոցում մարդ էլ ուտի, նրանք դա ոչ տեսնելու են, ոչ էլ դատապարտելու են:

– Նույն այդ միջազգային կառույցներն էլ, ի դեպ, «չնկատեցին» նաեւ 120 հազարից ավելի արցախցիների բռնի տեղահանումը. քաղաքականից զատ այդ խնդիրը մարդու իրավունքների հետ առնչություն չունի՞:

– Ինչ վերաբերում է նրան, միջազգային կառույցները չեն տեսնում  Հայաստանում քաղբանտարկյալներ, խոսքի ազատության հանդեպ բռնաճնշումները, ընդամենը մեկ ֆեյսբուքյան գրառման պատճառով հարուցված քրեական գործերը, ինչպես օրինակ, Ավետիք Իշխանյանի եւ մյուսների դեպքում, այլ չեն տեսնում երկու օրում, ցեղասպանությունից փրկվելու համար իրենց հայրենիքը լքած 110 հազարից ավելի քաղաքացիների իրավունքների ոտնահարումը. մարդիկ չեն կարողանում իրենց մեքենան վաճառել, որովհետեւ, ունենալով ՀՀ անձնագիր, պարզվում է, որ իրենք քաղաքացի չեն, շատերը չեն կարողանում իրենց ուսումը շարունակել, որովհետեւ ինչ-ինչ տեխնիկական պատճառներ կան եւ այլն, այսինքն, մասսայաբար այսօր խախտված են արցախցիների իրավունքները, բայց այդ կազմակերպությունները դա էլ չեն տեսնում, որովհետեւ կրկնեմ, իրենք այս ամենը փաթեթավորում են Նիկոլ Փաշինյանով: Նիկոլ Փաշինյանն իրենց համար ժողովրդավարության բաստիոն է, ինչպես նշեց ԱՄՆ դեսպանը, տարածաշրջանում ժողովրդավարության փարոսն է:

Ուստի, քանի դեռ այս վարչապետն իրենց աշխարհաքաղաքական շահերի միակ սպասարկողն է, իրենք ոչինչ չեն տեսնելու՝ ոչ խոսքի իրավունքի ոտնահարում, ոչ արցախցիների իրավունքներ:

Եթե վաղը Փաշինյանը հրապարակում տեղադրի գիլիոտիններ եւ կախաղաններ եւ գնդակահարի ու գլխատի իր բոլոր քաղաքական ընդդիմախոսներին, ձեր նշած միջազգային կառույցները ոչ միայն լռելու են, այլեւ  ասելու են, որ այս ամենը հանուն ժողովրդավարության էր: Ցավոք, սա է իրականությունը եւ մենք այս ծանր իրականությանը պիտի առերեսվենք: Շատ վաղուց արդեն եվրոպական արժեքները, ժողովրդավարական արժեքները՝ մարդու իրավունք, ժողովրդավարություն, այդ կազմակերպությունների համար երկակի ստանդարտների են վերածվել:  Իրենք անգամ այլեւս չեն թաքցնում, որ իրենք իրականում քաղաքական կառույցներ են եւ առաջնորդվում են ոչ թե մարդու իրավունքների իրական արժեքներով, այլ բացառապես քաղաքական շահերով:

Հանկարծ մի օր, ասենք, Զելենսկին ինչ-որ բան այնպես չուտի եւ լուծ ընկնի, եվրոպական ամենաբարձր մակարդակով հայտարարություններ կընդունվեն, իսկ այսօր տեսնում ենք, թե ինչ ցեղասպանություն է իրականացրել Ադրբեջանը Արցախում, կոնկրետ փաստեր են ներկայացվել բռնաբարությունների, խոշտանգումների, երեխաների սպանության, երեխային թիկունքից գնդակահարել են, մանկահասակ երեխային խոշտանգել են՝ ձեռքը կտրել են եւ ձեռքի կտրվածքի մեջ փայտ են մտցրել… ես խոսում եմ միայն վերջին, սեպտեմբերյան դեպքերի ժամանակ, որից հետո ընդամենը երկու օրում դատարկվեց Արցախը, բայց միջազգային կառույցներն այդ ամենը չեն տեսնում, որովհետեւ դրա գինն իրենց համար ՌԴ-ին տարածաշրջանից քիմմաքրմամբ հեռացնելն է:

Համաձայն եմ ձեզ հետ, որ այսօր այլեւս ֆեյք քաղաքացիական հասարակությունն իր դրամաշնորհները տարբեր դեսպանատներից, հիմնականում ԵՄ գրասենյակից եւ ԱՄՆ դեսպանատնից ստանալն արդարացնելու համար, գալոչկայի համար ինչ-որ բան անում են: Տեսա՞ք ինչ աղմուկ բարձրացվեց ընտանեկան բռնության զոհ դարձած այդ կնոջ մասով:

Հասկանում եք, մենք այսօր ունենք կին՝ Տաթեւը Վիրաբյան, որն ունի երկու անչափահաս երեխա, երկու մահացած եղբայր, ծանր հիվանդ մայր, որին պահում էին անազատության մեջ եւ այդ կազմակերպություններից որեւէ մեկը չխոսեց մարդու, մոր եւ կնոջ իրավունքի մասին: Ես չեմ ասում՝ ինչո՞ւ են խոսել Ֆաթիմայի իրավունքի մասին, այո, պիտի խոսեին, անընդունելի էր բացարձակապես Հայաստանի ոստիկանության գործելաոճը՝ նրա գտնվելու վայրի մասին իր բռնարար ընտանիքին հայտնելը: Բայց շատ ցավալի է տեսնել, թե ինչպես մի կտոր հացի համար, կանոնադրությամբ մարդու իրավունքների եւ ժողովրդավարությամբ զբաղվող կազմակերպությունները դարձել են վայրագությունները, բռնարարքները, քաղաքական հետապնդումները, մամուլի հանդեպ բռնաճնշումները արդարացնող վիժվածքներ:

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
24.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930