Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պատմությունը գրի Պապ թագավորի մասին գրած նույն ձեռքը, ես կլինեմ Նեռը, սրբապիղծը, դավաճանը, հողատուն». Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 24,2023 23:50

Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ից հարց ուղղեցին՝ այն կապելով պատմության՝ աղմուկ հանած դասագրքի հետ. «Ասուլիսներից մեկի ժամանակ ասել էիք, որ պատմության մեջ մնալու եք…Կասկած անգամ չկա, որ դուք պատմական կերպար եք, բայց ապագա սերունդները ըստ ձեզ՝ ձեր անձի լուսաբանումը պատմության դասագրքերում ինչպե՞ս են ներկայացնելու, ինչպես եք մնալու պատմության մեջ եւ ըստ ձեզ՝ որն էր ՀՀ ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաքելությունը պատմական այս ժամանակաշրջանում»:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Ցանկացած երկրի վարչապետ էլ իր երկրի համար որոշակի պատմական դեմք է: Բայց ինչպիսին կերեւամ պատմության մեջ, կախված է նրանից, թե ով կգրի պատմությունը… Օրինակ, մեր ավանդական պատմության, պատմագրության մեջ ամենանեգատիվ կերպարներից մեկը սատանայական, ազգային ավանդական արժեքներին դեմ, համարյա Նեռի հետ գործակցող, դա Պապ թագավորն էր: Երբ մեր պատմիչին կարդում ես, որը գրում է Պապ թագավորի մասին եւ գրում է կոնկրետ տեսակետից, գնահատականներն են, որ նա անբարո է, մեղսագործ եւ այլն: Բայց երբ էդ մարդու գործերը կարդում ես հենց իրեն վատաբանող պատմիչի շարադրանքի մեջ, ասում ես՝ Պապ թագավորը մեր պատմության բացառիկ պետականամետ մարդկանցից մեկն էր»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով. «Հայ Առաքելական եկեղեցին իր ավանդույթով ուղղակի ամենամեծ ու եղկելի թշնամիներից մեկն է համարում Պապ թագավորին, բայց ի՞նչ է արել այդ մարդը: Նա նախ Հայ Առաքելական եկեղեցու ինքնուրույնությունը եւ անկախությունն ապահովել, որովհետեւ Պապ թագավորից առաջ մեր կաթողիկոսները կնքվում էին Կեսարիայում, Պապ թագավորն ասաց՝ մենք պետություն ենք, ինչու պետք է մեր կաթողիկոսները ուրիշ տեղ օծվեն կամ հաստատվեն, մե՛նք մեր կաթողիկոսին կընտրենք:

Պապ թագավորը եկավ ստանձնեց Հայաստանի գահակալումը եւ տեսավ, որ բյուջեն դատարկ է, հարցրեց՝ ինչո՞ւ դատարկ, իսկ բյուջեի եկամտային հիմնական աղբյուրը հողն էր… Ասացին, որովհետեւ հողերը մեծ մասամբ եկեղեցապատկան են, իսկ եկեղեցին հարկ չի վճարում պետությանը…Պապ թագավորն ասաց՝ չի լինի, պետությունը պետք է հարկային եկամուտներ, բյուջե, ռեսուրսներ ունենա, ու սկսեց հողային, հարկային ռեֆորմներ իրականացնել… Ուզում էր բանակ հավաքել, հարցրեց՝ ուր են մեր տղամարդիկ, ասացին՝ մի մասը եկեղեցական կալվածքներում է աշխատում, կանայք էլ կուսանոցներում են, երեխա չեն ունենում… Ասաց՝ չի լինի էդպես, ժողովուրդ ջան, տղամարդիկ պետք է պետությանը ծառայեն, կանայք էլ պետք է երկրի վերարտադրողականության խնդիրը լուծեն… Այդ ժամանակ Հայաստանից Կոստանդնուպոլիսներ մատնագրեր էին գրվում էլիտաների կողմից, թե ձեր դեմ է պայքարում, սրան պետք է ոչնչացնել: Եվ այդ պատմագրությունն էլ ստեղծվեց, որ էս եղկելի Նեռը՝ Պապը արվամոլ է, չգիտես ինչ է… Ինչ ասես էդ խեղճին ասացին մեր պատմագիրները… Ինձ համար Պապ թագավորը մեր պատմության առանցքային կետերից մեկն է…Եվ ի՞նչ տեղի ունեցավ իր հետ: Մենք հոկտեմբերի 27-ի հետեւանքների մասին ենք խոսում, որը աղետալի հետեւանքներ ունեցավ մեր պատմության վրա… Ժամանակին մատնագրերի արդյունքում հայ էլիտայի աջակցությամբ կուսակալը Պապ թագավորին հրավիրեց ճաշի եւ սեղանի շուրջ նրան սրախողխող արեցին…Հոկտեմբերի 27-երից մեկը Պապ թագավորի սպանությունն է եղել, որը մի օրում չի եղել, մատնագրեր են գրվել, հակաքարոզչություն է արվել…

Այն ժամանակ սոցցանցեր չեն եղել, բայց ականջից ականջ գնում էր՝ սա սատանայի ծնունդ է, Նեռի գործակից է… Հայոց գահակալին հայ հոգեւոր եւ աշխարհիկ էլիտայի աջակցությամբ տարել ու մատաղ են արել Բյուզանդիայի կայսրությանը… Հիմա ո՞վ է Պապ թագավորը՝ նայած ով կգրի պատմությունը: Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, որ գրել է Պապ թագավորի մասին, պատմության մեջ ես կլինեմ հերթական Նեռը, սրբապիղծը, դավաճանը, հողատուն, իսկ եթե այդ պատմությունը կգրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային ուղենիշը եւ արժեքը Հայաստանի Հանրապետություն է, կասի որ մարդը բոլոր ջանքերը գործադրվեց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական պետություն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930