Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի տեղեկություններով՝ Արցախում հայերի տները ոչ միայն կապարակնքված չեն, այլեւ որոշ տեղերում ադրբեջանցիները սկսել են թալանի գործընթացը:
«Ես ոչ թե չեմ հավատում, այլեւ համոզված եմ ու հավաստի տեղեկություններ ունեմ, որ նրանք որոշ տներ մտել են, արդեն իսկ թալանի գործընթացով են զբաղված: Կարող է որոշակի տեղերում էլ կապարակնքված լինի, բայց ոչ բոլոր տեղերում, այդպես չէ»,-այսպես պատգամավորն արձագանքեց Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի (CAIR) ղեկավար Ֆարիդ Շաֆիևի հայտարարությանը, թե Ղարաբաղում բնակարանները և մշակութային հուշարձանները պահպանում են հատուկ ջոկատայինները։ Տները կապարակնքված են, և ոչ ոք ներս չի մտնում։
Ինչ վերաբերում է Շաֆիեւի ասածներին, թե Ղարաբաղ վերադառնալու ցանկություն ունեցող հայերի համար Ադրբեջանը կստեղծի անհրաժեշտ պայմաններ, պատգամավորն ասաց, որ դրան չի հավատում. «Ադրբեջանը երբեւէ իր տված խոստումը կամ իր հրապարակային հայտարարությունները չի պահել, մենք տեսանք՝ ինչպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը չպահեցին, որի համաձայն պետք է անխափան կապ ապահովեին Հայաստանի եւ Արցախի միջեւ, ինչպես խախտեց ու ինչ պատրվակներով:
Կարդացեք նաև
Ընդհուպ՝ Հաագայի դատարանի որոշումը չկատարեց եւ ոչ մի պատասխանատվության չենթարկվեց:
Նմանատիպ գործելաոճով գործող պետության հետ, որը իր իսկ ստորագրությունը չի հարգում ու կտրեց Արցախի կապը մայր Հայաստանի հետ, ինն ամսից ավելի բլոկադայում պահելով Արցախը, հիմա նրա տված որեւէ խոստում արցախահայության համար չի կարող ուղղորդիչ լինել կամ հավատ ներշնչող»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ