Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել է շախմատով եւ  տիրապետում է շախմատի, ինչպես նաեւ շախմատային աշխարհի նրբություններին

Նոյեմբեր 24,2023 21:44

Այսօր կայացավ Երեւանի շախմատի ֆեդերացիայի հերթական համաժողովը, որը ընտրեց նոր նախագահ։ ԵՇՖ արդեն նախկին նախագահ Մխիթար Հայրապետյանը նախապես հրաժարվել էր վերընտրվել։ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից նա «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենն է։

Օրակարգային հարցերն սպառելուց հետո Երեւանի շախմատի ֆեդերացիայի նոր նախագահ առաջադրվեց եւ միաձայն ընտրվեց Վճռաբեկ դատարանի  հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է 2023 թվականի մարտին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով։

Մխիթար Հայրապետյանը Արթուր Դավթյանին ներկայացրեց որպես իր լավ ընկեր, որի հետ միասին որպես ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ՔՊ-ական պատգամավորներ երկար ու բարդ ճանապարհ են անցել, ինչը իր համար ձեռքբերում է։ Նաեւ  ընդգծեց, որ Արթուր Դավթյանը պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել է շախմատով եւ  տիրապետում է շախմատի, ինչպես նաեւ շախմատային աշխարհի նրբություններին, ու վստահություն հայտնեց, որ դա ֆեդերացիայի նոր նախագահին կօգնի որոշումներ կայացնելիս։

Ընտրվելուց հետո Արթուր Դավթյանը ԵՇՖ նախագահի պաշտոնում իր առաջին հարցազրույցը տվեց Aravot.am-ին։

-Դուք մինչեւ քվեարկությունը ըստ էության չներկայացրիք ձեր ծրագիրը։ Հիմա կարո՞ղ եք դա հնարավորինս հակիրճ ներկայացնել։

– Թերեւս, կարճ դրա մասին խոսեցի, երբ ասացի, որ մեր գերնպատակն է, որ մեր երեխաները շախմատի ոլորտում գրանցեն այն հաջողությունները, որոնք մենք գրանցում էինք դեռ 80-90-ական թվականներին։ Այն ժամանակ շախմատը մեծ մասսայականություն ուներ։ Ես այն ժամանակ դեռ երեխա էի եւ հաճախում էի Շախմատի տուն ու տեսնում, թե ինչ մասսայականություն էր վայելում շախմատը Հայաստանում։ Ես ուզում եմ, որ առաջիկա չորս տարիների ընթացքում  երեխաների եւ ընդհանրապես հանրության մեջ  սերը շախմատի նկատմամբ գրանցի այն հաջողությունները, որ մենք դեռ չենք ունեցել։ Ու մեր բոլոր քայլերն ու ձգտումները ուղղված են լինելու դրան։

-Բայց ձեր այդ կարճ խոսքում ասացիք, որ գոհ կլինեք, եթե արդեն եղած արդյունքները կրկնվեն։

-Դա նվազագույնն է։ Տիգրան Պետրոսյանը ո՞նց էր շախմատ խաղում․ փորձում էր ունենալ գոնե ոչ-ոքին, որ հետո խաղար հաղթանակի համար։

-Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։

-Ամեն ինչ էլ հնարավոր է տեսնել։

– Հնարավոր է տեսնե՞լ, թե՞ ինքներդ դրա նախաձեռնողը կլինեք։

– Եթե տեսնեմ, որ չկա նախաձեռնություն, կունենամ նախաձեռնություն։

-Համագումարում անընդհատ շեշտվում էր, որ ԵՇՖ-ին ֆինանսներ են անհրաժեշտ։ Դուք վերաքննիչ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահն եք։ Միջոցներ ինչպե՞ս եք հայթայթելու։ Մասնագիտական պաշտո՞նը կօգնի՞։

Հավաստիացնում եմ ձեզ որպես իրավաբան եւ դատավոր, որ նման բան չի կարելի, անգամ մտածել չի կարելի, որ ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահը չարաշահելով իր պաշտոնական դիրքը կարող է  գումար հայթայթել ։ Իհարկե, այդ եղանակը չի գործելու։

-Իսկ թույլատրելի օրինական ճանապարհներով ԵՇՖ-ի համար գումար հայթայթելու հնարավորություններ ունե՞ք։

-Փորձելու ենք օրինական ճանապարհներով գտնել այն գումարները, որոնք անհրաժեշտ են Հայաստանում շախմատի զարգացման եւ Երեւանի շախմատի ֆեդերացիայի զարգացման համար։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930