Լրահոս
Օրվա լրահոսը

Փնտրվում են կին պարեկներ․ ոստիկանական միջոցառում Գյումրիում՝ նախարար Վահե Ղազարյանի մասնակցությամբ

Նոյեմբեր 24,2023 22:00

Այսօր Գյումրու «Վարդանանց» հրապարակում կայացավ «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավ, որի նպատակը պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացումն է։

Իրադարձությանը ներկա էին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ իր տեղակալ Արփինե Սարգսյանի հետ, ոստիկանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Շիրակի մարզպետն՝ իր օգնականների հետ, համայնքապետերը, փոխհամայնքապետերը։

Վարդանանց հրապարակում տաղավարներ էին շարել, որտեղ հետաքրքրվող անձանց իրազեկում էին պարեկային ծառայության անցնելու կարգը, պահանջները։

Միջոցառումն ուղեկցվում էր «Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի» համերգով։

ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ելույթ ունեցով՝ նշելով․ «Պարեկային ծառայությունը բոլոր մարզերում արդեն իրողություն է, ինչը վկայում է ներքին գործերի համակարգում բարեփոխումների իրականացման դինամիկ ընթացքի և մեր աշխատանքի բովանդակային վերափոխման մասին։

Միևնույն ժամանակ պարեկային ծառայության կազմավորման ու կայացման ընթացքը շարունակվում է, ինչով պայմանավորված են նաև իրականացվող պարեկային ծառայության ընդգրկված տարաբնույթ միջոցառումները։

Այդ միջոցառումների շրջանակում է «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավը, որի նպատակն է հասարակությանը տեղեկացնել պարեկային ծառայության գործունեության սկզբունքների, կազմավորման պայմանների, անձնակազմի ձևավորման կարգի մասին»։

Նա նշեց, որ Գյումրու միջոցառման նպատակն է խթանել պարեկային ծառայության հետագա համալրման գործընթացը՝ շեշտը դնելով կանանց՝ հնարավորինս լայն ընդգրկվածության վրա։

Նախարարը գովաբանեց կին պարեկներին՝ ասելով, որ նրանք լիարժեք կատարում են իրենց պարտականությունները, անձնվեր ծառայում են։

Վահե Ղազարյանն իր ելույթի վերջում կոչ արեց աղջիկներին ու կանանց ակտիվորեն ներգրավվել պարեկային ծառայության մեջ։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն էլ իր հերթին ասաց, որ ոստիկանությունում աշխատելը ոչ միայն պատվաբեր է, այլ պարտավորեցնող։

«Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ կանանց ընդգրկվածությամբ Շիրակի մարզն առաջատար դիրքերում է։ Շնորհակալ եմ շիրակցի համարձակ և ուժեղ կանանց, դուք նոր մտածողության ներդրողներն եք, պայքարող ու մեր կյանքն ավելի լավը դարձնել ցանկացողներն եք։

Ոստիկանությունում ծառայելը, վստահ եմ, ձեզ առավել ուժեղ կդարձնի։ Հաջողություն եմ մաղթում համակարգ ընդգրկվելու ցանկություն ունեցող կանանց։ Բոլորիդ մաղթում եմ բարի ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Շիրակի մարզի», -ասաց մարզպետը։

Նկատելի էր, որ պարեկային ծառայության տաղավարին առավել շատ մոտենում էին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Կին պարեկները հետաքրքրվողներին բաժակներ էին նվիրում։

Վահե Ղազարյանը կին պարեկներից հետաքրքրվեց, թե՞ կան դիմողներ։ Նրան զեկուցեցին, որ երկուսն արդեն պատրաստվում են իրենց փաստաթղթերը ներկայացնել։ Նախարարը, դառնալով դեպի մարզպետն, ասաց՝ «Մարզպետը ասել է, որ մոտ 100 հոգի դիմող կունենանք»։

Վահե Ղազարյանը հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել, նա խորհուրդ տվեց զրուցել իր տեղակալի հետ։

Դիտակմանը, թե շատ են դժգոհում պարեկային ծառայողների ցածր կրթական ցենզից, փոխնախարար Սարգսյանն ասաց, որ պարեկային ծառայության ներդրմամբ բոլորն էլ հասկանում էին, որ ամեն ինչ հարթ չի ընթանալու։

«Տրամաբանական է, որ կծագեն, բնականաբար, մի շարք խնդիրներ, բայց մենք պիտի շատ հետևողական լինենք, որ կարողանանք դրանք հաղթահարել»,- ասաց նա։

Վերջինս նաև նշեց, որ հատուկ վերապատրաստում են անցկացնում իրենց ծառայողների համար, որպեսզի զարգացնեն նրանց հմտությունները, խորացնեն գիտելիքները։

Նա նշեց, որ չէր ցանկանա միայն թերություններից խոսել, այլ պիտի դրական լույսի ներքո ներկայացնել պարեկային ծառայության գոյությունը և քաջալերել կանանց և աղջիկներին, որպեսզի գան և մաս կազմեն պարեկային ծառայության։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930