«Մյուս անգամ ծովահենությամբ կզբաղվեն, քանի որ ավելի քիչ պատասխանատվություն է ենթադրում»,- իր գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։
Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց երկու ամսով: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»: Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:
Նա վստահեցրեց՝ բանտից փախչելու միտք չունեմ․ ավելի շատ այս իրականությունից փախչելու միտք ունեմ, քան բանտից։ Նա հիշեցրեց՝ դատվում է նույն հոդվածով, ինչով դատվում էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Նախաքննությունը վարել է նույն նախաքննական մարմինը, փորձագետն էլ նույնն է, ինչ Արմեն Գրիգորյանի դեպքում։ Նույնիսկ պաշտպանն է նույնը․ «Այս հոդվածը ես պատահական չեմ համարում, որ ներմուծվել է քրեական օրենսգիրք մեր հայրենիքը կտոր-կտոր թշնամուն հանձնելուց անմիջապես առաջ։ Այս հոդվածի միակ նպատակը էն գաղթի, ցեղասպանության, որը դրսում ականատես եղաք, իսկ ես բախտի բերմամբ կցկտուր բանտից տեղեկացա, այդ իրականության դեմ խոսացողներին պատժելն է։
Այս հոդվածից ստացվում է, որ մենք չենք կարող քննադատել ադրբեջանական յաշմայի գործունեությունը, որովհետև դա ևս խումբ է։ Մենք չենք կարող ատելություն քարոզել ադրբեջանական յաշմայի մասին, չենք կարող ատելություն քարոզել, հանրային պարսավանքի ենթարկել մեղադրողի ադրբեջանական գործընկերներին»։ Նախագահող դատավորն ընդմիջեց Նարեկ Մալյանին՝ պատճառաբանելով, որ մեկնաբանում է նորմը։ Նարեկ Մալյանն արձագանքեց․ «Բոլոր իրավունքներից զրկել եք, գոնե խոսքի իրավունքից մի քիչ կարողանամ օգտագործել։ Մեղադրողի ադրբեջանցի գործընկերները, ովքեր Բաքվի բանտերում տեղավորեցին Վագիֆ Խաչատրյանին, չենք կարող այդ մարդկանց մասին հանրային պարսավող խոսք ասել, քանի որ կարող է մեկնաբանվել՝ որպես ատելության քարոզ։ Ես դա կարող եմ անել, քանի որ ունեմ այդ կամքի ուժը, ունեմ սկզբունքներ, որոնք ինձ համար իմ ազատությունից թանկ են, բայց այս հոդվածի հիմնական նպատակն է վախեցնել հանրությանը որևէ կարծիք արտահայտել այդ երևույթների նկատմամբ»։
Կարդացեք նաև
Նարեկ Մալյանը համեմատության համար նշեց՝ ինչպե՞ս է, որ այդ հոդվածը չի վերաբերում դատախազներին, դատավորների ուղղված «վնգստացող», նաեւ «բորդյուր լիզելու» արտահայտությանը, չէ՞ որ դա էլ էր խմբերին ուղղված․ «Քրեական գործ չի հարուցվի, քանի որ այս հոդվածն ունի մեկ նպատակ․ իմ նստելն ապացուցում է ու դրա հիմնական ցուցադրական էությունն այն է, որ ՀՀ-ում չի կարելի դավաճանին ասել դավաճան, թուրքին ասել թուրք, ծառայամիտ դատախազին ասել ծառայամիտ դատախազ»։
Դիմելով դատավորին և դատախազին՝ Նարեկ Մալյանն ասաց․ «Չեմ կարծում, որ ինձ դրա համար կնստացնեք, քանի որ արդեն նստած եմ»։ Նա ասաց, որ միանում է իր պաշտպանների միջնորդությանը և զգուշացրեց՝ հիմնական անակնկալները դեռ առջևում են։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ