Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ՀՀ օրհներգի մասին․ «Ես համոզված եմ, որ այդ բառերի եւ նախադասությունների մեջ կոդ է դրված, դա ազդակ է մեր բոլորի ենթագիտակցությանը»

Նոյեմբեր 24,2023 19:45

«Ինձ համար պետության սիմվոլները իրենց բովանդակությամբ չափազանց կարեւոր են։ Պաշտոնական մակարդակում մենք խուսափել ենք սրա մասին խոսելուց, բայց ոչ պաշտոնական մակարդակում եւ վարչապետությունը ստանձնելուց  հետո, եւ՛ դրանից առաջ, եւ՛ լրագրող եղած ժամանակ, եւ նույնիսկ դրանից առաջ անընդհատ այդ խնդիրը եղել է, որովհետեւ մեր օրհներգի տեքստի մեջ կառուցվածքի եւ պետական տրամաբանության մեջ մարդիկ հաճախ որոշակի խնդիր են տեսնում»,-այս մասին այսօր ուղիղ պատասխանելով քաղաքացիներից մեկի՝ պետական օրհներգը փոխելու մասին հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով․ «Ինքս լրագրող լինելով՝ նաեւ ինչ-որ չափով գրելու հետ առնչություն ունենալով՝ ես խորը հավատում եմ բառերի գենետիկ նշանակությանը, հատկապես պետական սիմվոլներին։ Ես համոզված եմ, որ այդ բառերի եւ  նախադասությունների մեջ կոդ է դրված, որը անպայման աշխատում է ինչ-որ ձեւով, որովհետեւ դա ազդակ է մեր բոլորի ենթագիտակցությանը»։

Փաշինյանն ասաց, որ այսօրվա օրհներգը 3-րդ Հանրապետության ժամանակներում տարբերակված, վերափոխված տարբերակ է․«Որովհետեւ ի սկզբանե այդ օրհներգի բառերը եղել են այսպիսին՝ «մեր հայրենիք, թշվառ անտեր, յուր թշնամյաց ոտնակոխ, յուր որդիքը արդ կանչում է՝ հանել յուր վրեժ, քեն ու ոխ» եւ այլն։ Հետո 3-րդ Հանրապետության մեկնարկին համարվել է, որ պետք է փոխել, բայց ճիշտն ասած, իմ տպավորությամբ՝ մենք ճիշտ տրամաբանություն չենք կարողացել ստանալ։  Եղել է, որ ինքս էլ  տեքստը դրել եմ ու փորձել եմ իր հետ աշխատել։ Օրինակ ինչպես է ավարտվում մեր օրհներգը, շատերի մոտ է հարցեր առաջացնում։ Առաջին բանը, որ կուզենայի հենց այն կտորը, որ ավարտվում է՝ «թող միշտ պանծա Հայաստան» եզրափակիչ նախադասությունը դա լիներ։ Ես, որպես մարդ, որը մի քանի բանաստեղծություն ունի գրած, պատմվածք կամ գիրք, մի քանի անգամ փորձել եմ այդ վարժությունը կատարել, բայց հաջողություն չեմ գրանցել։  Այնուամենայնիվ մենք պետք է հաշվի նստենք մեր օրհներգի ու սիմվոլների, ավանդույթի եւ պատմության հետ։ Ես ձեր հարցին չեմ ասի այո, բայց նաեւ չեմ ասի ոչ։ Բայց իմ ոչ ասելը չի նշանակի այո»։

Վարչապետը նշեց, որ ինքը նաեւ զինանշանի փոփոխության հարց է բարձրացրել, մասնագետները ցույց են տվել դրա խնդիրները․ «Երբ խորանում ես, հասկանում ես, որ շատ լուրջ խնդիրներ կան։ Ուշադրություն դարձրեք մեր պաշտոնական գերբի վրա առյուծն ինչ տեսք ունի, ավելի շատ ծաղրանկարային ուրվագիծ ունի, քան լուրջ պետության զինանշան»։

Նա ասաց, որ այս հարցերը պետք է հասցեագրել, քննարկել ու եզրակացության գալ։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Ինչպիսի շուտափույթ լուծում պահանջվող հարցեր․․․ Մնաց Սուրբ Ծննդյան միջոցառումների պլանների քննարկման հարցերը , Եղեվնու զարդարման ձեվը , եվ այլն։ Թե չէ, Արցախից եկած մեր հայրենակիցների վիճակի թեթեվացման, նորմալ ինտեգրացման , թողած գույքի փոխհատուցման, միջազգայնորեն նրանց փախստականի կարգավիճակ տալու եվ այլն հարցեր հո չէին քննարկելու՞։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930