Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարեկ Մալյանին մեղադրում են ՔՊ-ին վնաս հասցնելու մեջ, դե ուրեմն ՔՊ-ին տուժող ճանաչեք»․ Ռուբեն Մելիքյան

Նոյեմբեր 24,2023 19:25

«Սույն գործով դատալսումները ենթակա են հետաձգման, և անհրաժեշտ է դիմել ՍԴ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի՝ այսինքն՝ սույն գործով կիրառման ենթակա նորմի՝ իրավական ակտի սահմանադրականությունը ստուգելու համար»,-Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց երկու ամսով: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»: Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:

Փաստաբանն ասաց՝ գտնում եմ, որ այս նորմատիվ իրավական նորմն ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածների․ «Նորմը զուրկ է իրավական որոշակիությունից, իբր նպատակն ունենալով վերացնել խտրականությունը, ինքն է սերմանում խտրականություն՝ սահմանափակում ազատ գործելու իրավունքը, մտքի, խղճի, կարծիքի ազատ արտահայտումը»։

Նարեկ Մալյանի մեկ այլ պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց․ «Այստեղ կարևոր խնդիր կա կապված սանկցիայի հետ։ Մենք ունենք հոդված, որը միակն է խոսքի համար հոդվածներից, որտեղ այլընտրանք չկա։ Այսինքն՝ միայն ազատազրկման մասին է խոսքը»։

Մեղադրող դատախազն առարկեց միջնորդության դեմ․ «Իմ կարծիքով՝ սա ոչ այլ ինչ է, քան ստեղծված իրավիճակի հետ անհամաձայնության փորձ։ Նորմի որոշակիության կիրառման պաշտպանության դաշտի հետ կապված խնդիր չունենք, չունենք մի իրավիճակ, որ պիտի քննարկենք որոշակիության հարց։ Նաև անհիմն է մեղադրական սանկցիայի խստության հարցը։ Միջնորդությունը ենթակա է մերժման»։

Ռուբեն Մելիքյանն արձագանքեց՝ ես ընդհանրապես չեմ խոսել խստության մասին, այլ խոսել եմ տրամաբանության մասին։ Նա նաև միջնորդեց այս գործով  տուժող ճանաչել ՔՊ-ին և դիմելով նախագահող դատավորին՝ ասաց․ «Դուք չեք ճանաչել դրանով անուղղակիորեն հաստատել եք, որ այստեղ հանցակազմի մասին խոսք չկա։ Եթե վնասը չի ճանաչվել, մենք այստեղ ի՞նչ գործ ունենք։ Նարեկ Մալյանին մեղադրում են ՔՊ-ին վնաս հասցնելու մեջ։ Անգամ մենք այս միջնորդությունը չպետք է անեինք․ դատարանն ինքը պետք է տուժող ճանաչեր։ Մեզ համար կարևոր է, որ կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնի՝ իրենք գտնում են, որ իրենց նկատմամբ թշնամանք ու անհանդուրժողականությո՞ւն է քարոզվել Նարեկ Մալյանի ուղիղ եթերով, թե՝ ոչ։ Կարող է գան, ասեն՝ որևէ խնդիր չենք տեսնում։ Միջնորդում եմ ՔՊ-ին՝ որպես իրավաբանական անձ, Նիկոլ Փաշինյանին՝ որպես օրինական ներկայացուցիչ այստեղ հանդես գա, հակառակ դեպքում՝ ինչի՞ մասին է խոսքը»։

Դատարանը որոշեց դեռ միջնորդությունը մերժել․ «Դատարանում դեռևս ապացույցներ չեն ուսումնասիրվել, միայն դրանից հետո դատարանը կարող է արձանագրել ենթադրյալ հանցագործ արարքով որևէ անձի պատճառվել է մարմնական վնաս։ Ուստի մերժում է միջնորդությունը»։

Այս գործով նախնական դատալսումները դատարանը համարեց ավարտված։ Դատական նիստ նշանակվեց դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930