Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէի ուզենա իջնել Անդրանիկ Քոչարյանի մակարդակին ու ցածր մակարդակի գնահատականներ տալ իր արտահայտություններին»․ Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 24,2023 19:03

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։

Անդրանիկ Քոչարյանն ասել էր «Այ հիմա, շատ լավ հասկացա՝ պարոն Արծվիկ Մինասյանն ինչո՞ւ չէր ուզում, որ այս իրողությունը դառնար իրողություն, որ Շահրամանյանը գար քննիչ հանձնաժողով: Շաբաթներ շարունակ խոսում էին ոչ թե քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին, որակյալ զեկույց ունենալու, այլ հանձնաժողովի ժամկետը կա, չկա…»:

Նշենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՀՀ ԱԺ-ում մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։

Արծվիկ Մինասյանն ի պատասխան Անդրանիկ Քոչարյանի հայտարարության՝ ասաց․ «Ես Սամվել Շահրամանյանին չեմ էլ ճանաչում, ճիշտն ասած, հանդիպած էլ չկամ էդ մարդուն»։

«Չէի ուզենա իջնել Անդրանիկ Քոչարյանի մակարդակին ու ցածր մակարդակի գնահատականներ տալ իր արտահայտություններին, բայց ուզում եմ շնորհավորել իրենց։ Եթե իրենց ենթադրյալ կարծիքն է, որ չէինք ուզում, որ ինչ-որ մարդիկ գային հանձնաժողով եւ այլն, հասել են իրենց նպատակին, այդ առումով իրենց շնորհավորում եմ։ Բացարձակ որեւէ նման նպատակ  չեմ հետապնդել՝ ով գա, ով չգա։ Դուք գիտեք մեր վերաբերմունքն այս հանձնաժողովի նկատմամբ՝ կազմավորման ու նախաձեռնության պահից սկսած։ Մենք համարել ենք, որ հանրային կարծիքով ենթադրյալ հանցագործության մեջ մեղադրվող անձինք չեն կարող իրենց մեղավորությունը քննել, ինչպիսին այսօրվա իշխանությունն է, որը 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ եղել է իշխանություն։ Եվ իրենց անգործությունը պատերազմի ժամանակ իրենք չէին կարող քննության առարկա դարձնել։ Երկրորդ, քննիչ հանձնաժողովը ոչ մարդկային, ոչ տեխնիկական, ոչ էլ կարողությունների առկայությամբ ի վիճակի չէ քննելու այն ողջ ծավալը, որի անհրաժեշտությունը կա։ Երրորդ, ակնհայտ է, որ այդ հանձնաժողովի ստեղծումն ուներ մեկ նպատակ՝ օրվա քաղաքական իշխանությանն ամեն կերպ փորձել մաքրել եւ հեռու պահել Արցախի կորստից, մեր ժողովրդին պատուհասած այս ծանր վիճակից, ինչո՞ւ չէ, Հայաստանի արդեն պետականությանը սպառնացող վտանգներին իշխանության մեղավորությունից»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Ըստ նրա՝ ապշել կարելի է, որ Անդրանիկ Քոչարյանը խոսում է տարրական թվաբանությունից, իրավական նորմերից ու չի տիրապետում դրանց։ «2022 թվականի փետրվարի 10-ին ստեղծված քննիչ հանձնաժողովը պետք է գործեր մինչեւ օգոստոսի 11-ը։ Հիմա ինքն ասում է՝ չէ՞ որ մենք երկարացրել ենք այդ հանձնաժողովի ժամկետը ԱԺ որոշմամբ։ Շատ լավ, եթե դուք դա եք հիմք ընդունում, ուրեմն արդեն խախտել եք օրենքը, հետեւաբար, այս հանձնաժողովն արդեն 2022 թվականի փետրվարի 11-ից չպետք է գործեր, որովհետեւ երկարացումը եղել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին։ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը հստակ է ասում՝ որեւէ մարմնի ժամկետն օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում կարող է երկարացվել մինչեւ այդ ժամկետի ավարտը։ Եթե սա եք փաստարկ բերում, ուրեմն դուք վերջին մեկ տարին էլ եք ապօրինի գործել։ Այսինքն՝ ինչքան իրենք խոսում են, այնքան  փաստում են, թե որքան ապօրինի են գործել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ Անդրանիկ Քոչարյանը չարաշահել է նաեւ մեկ այլ լիազորություն։ Այս հանձնաժողովն ստեղծված է եղել, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրի, բայց ինքը խոսում է այսօրվա իրողությունների մասին։ «Այսինքն՝ փաստորեն այս հանձնաժողովը նաեւ այսօրվա գործողությունների մասին է խոսում, այդ դեպքում մեկ այլ մեղադրանք իրեն։ Բա եթե այդքան լավ եք աշխատել, այդքան որակյալ եք աշխատել 2022 թվականի փետրվարի 10-ից հետո ինչքա՞ն զիջումներ են եղել, ինչքա՞ն պատերազմական գործողություններ են եղել, բա ո՞ւր է ձեր որակյալ աշխատանքը, դուք պետք է կանխեիք։ Եթե այդքան լավ եք աշխատել, ադրբեջանցիներն ի՞նչ գործ ունեին ՀՀ տարածքում, ի՞նչ գործ ունեիք, որ հայաթափեցինք Արցախը։ Այսինքն՝ սա եւս մեկ ապացույց է, որ այս հանձնաժողովը բացարձակ կապ չունի իր օրակարգի հետ, ստեղծվել է մեկ նպատակով՝ մաքրել օրվա քաղաքական իշխանության մեղավորությունը»,- հավելեց նա։

Մինասյանը նշեց, որ իշխանությունը շատ լավ հասկանում է, որ օրենք է խախտում, ԱԺ նախագահին ուղղված իր հարցումն դեռեւս պատասխան չի ստացվել, սպասում է դրան։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930