Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուշարձան Մանուկ Աբեղյանին»․ Գրքի շնորհանդես և հանրապետական գիտաժողով ԵՊՀ-ում

Նոյեմբեր 24,2023 18:44

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցան «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» գրքի շնորհանդեսը և «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական 4-րդ գիտաժողովը:

Մանուկ Աբեղյանը եղել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի առաջին դեկանը։ Մեծանուն գիտնականի վաստակը գիտական հանրությանը ներկայացնելու և վերարժևորելու նպատակով ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում անցկացվեց պրոֆեսոր Աննա Աբաջյանի կազմած «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև ավանդույթ դարձած «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական գիտաժողովը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով հայ բանասիրության ֆակուլտետի անգնահատելի դերը մեր մայրենիի անաղարտության պահպանման գործում, ընդգծեց, որ ֆակուլտետի ուսերին մեծ «բեռ» է դրված՝ ամեն օր պայքար մղել մեր լեզուն մաքուր պահելու և այնպիսի սերունդների կրթելու համար, որոնք կշարունակեն այդ նվիրական գործը։

Անդրադառնալով Մանուկ Աբեղյանի գիտական գործունեությանը՝ Հ․ Հովհաննիսյանը նշեց․ «Խորաթափանց քննական մտքով, երկաթյա տրամաբանական դատողությունների հզոր ուժով, բազմաբեղուն աշխատասիրությամբ օժտված գիտնականը, իր ուսումնասիրությունների նյութ դարձնելով հայոց լեզուն, առավելապես՝ գրական հայերենը, հայ հին ու միջնադարյան մատենագրությունը, հայ ժողովրդական բանահյուսությունը, ստեղծել է այնպիսի արժեքավոր աշխատություններ, որոնք ընդմիշտ մտել են հայագիտության ոսկե ֆոնդ։ Մեզ համար նա առանձնակի նշանակություն ունի նաև որպես համալսարանական․ Մանուկ Աբեղյանը Երևանի պետական համալսարանի, ինչպես նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր գիտնականներից է։ Երկար տարիներ զբաղվելով մանկավարժական բեղմնավոր գործունեությամբ՝ նա կրթել է բանասերների բազում սերունդների»։

ԵՊՀ ռեկտորը բարձր գնահատեց «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» ժողովածուն, որը գնահատանքի, արժևորման ու մեծարանքի յուրատեսակ առհավատչյա է՝ ուղղված մեծ գիտնականին։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բ․գ․թ․, դոցենտ Արշալույս Գալստյանը, անդրադառնալով մեծ հայագետին նվիրված միջոցառմանը, նշեց. «Լիահույս եմ, որ այս գիտաժողովը և գրքի շնորհանդեսը մեզ բոլորիս հնարավորություն կտան ավելի մոտիկից ծանոթանալու, իսկ ծանոթ լինելու դեպքում՝ ևս մեկ անգամ գնահատելու այն մեծ գործը, որ կատարել են մեր մեծերը»։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Աննա Աբաջյանը ասաց, որ ԵՊՀ հրատարակչության լույս ընծայած ժողովածուի ստեղծման գաղափարը պատկանում է ականավոր հայագետի միակ թոռնուհուն՝ գրականագետ, երջանկահիշատակ Հասմիկ Աբեղյանին, որի հետ իրեն բախտ է վիճակվել ծանոթանալ Մ. Աբեղյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանրապետական գիտական նստաշրջանը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում կազմակերպելիս:

«Աբեղյանապաշտ երախտագետ թոռնուհու ցանկությունն էր ի մի բերել, ամբողջացնել մեծանուն հայկականին նվիրված նյութերը, ստեղծել մի երկ, որը կդառնա հուշարձան Մանուկ Աբեղյանի համար: Հասմիկ Աբեղյանը խնդրեց դառնալ ստեղծվելիք գրքի խմբագիրը: Սակայն օրեցօր վատթարացող առողջությունը թույլ չտվեց իրագործել նպատակը. մնաց նրա խնդրանքը՝ որպես կտակ… Ահա փոքր-ինչ ուշացումով կատարում ենք այն…»,- գրքի ստեղծման մանրամասները ներկայացրեց Ա. Աբաջյանը և հավելեց, որ ժողովածուի կազմմանը իր մասնակցությունն է ունեցել նաև ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի թումանյանագիտության բաժնի վարիչ, բ.գ.դ. Եվա Մնացականյանը:

Ամփոփելով խոսքը՝ Ա․ Աբաջյանն ասաց․ ««Հուշարձան Մանուկ Աբեղյանին» գիրքը մի յուրօրինակ հուշարձան է, որով մեր հարգանքի տուրքն ենք մատուցում հայագիտության տիտանին և շատ սիրելի Հասմիկ Աբեղյանին…»։

Մ. Աբեղյանի, նրա գիտական ժառանգության մասին շատերն են գրել գրքեր, բազում հոդվածներ, հուշեր, այլևայլ ուսումնասիրություններ, որոնց շարքն այսօր համալրվում է նոր՝ «Հուշարձան Մանուկ Աբեղյանին» գրքով: Գիրքը բաղկացած է առաջաբանից՝ նվիրված հայագետի կյանքին ու գիտական վաստակին, և երեք մասերից՝ «Աբեղյանը ժամանակակիցների հայացքով», «Մանուկ Աբեղյան գիտնականը»․ երրորդ՝ վերջին մասում զետեղված են Մ. Աբեղյանին նվիրված գիտական հոդվածները՝ երեք բնագավառներով՝ լեզվաբանություն, գրականագիտություն և մանկավարժություն:

Այստեղ ներկայացված են հիմնականում ֆակուլտետում կազմակերպված նախորդ «Աբեղյանական ընթերցումներ» հանրապետական գիտաժողովների զեկուցումները, ինչպես նաև տարբեր տարիներին տպագրված որոշ հոդվածներ։

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները միջոցառման ժամանակ ներկայացրին գիտության և մշակույթի անվանի գործիչների՝ Մ․ Աբեղյանի մասին գրված խոսքերը։ Ա. Աբաջյանը կարևորեց այն փաստը, որ ուսանողները Մանուկ Աբեղյան գիտնականին ճանաչեն ոչ թե ամբիոնից հնչած գնահատանքի միջոցով, այլ լսելով, թե ինչ են ասել մեծերը մեծի մասին՝ Անտուան Մեյե, Հ. Օրբելի, Հ. Շիրազ, Ա. Իսահակյան, Վ. Թոթովենց, Ս. Զորյան, Դ․ Դեմիրճյան։

Նշենք, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան նաև ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը, ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի թումանյանագիտության բաժնի ղեկավար Եվա Մնացականյանը և Ե․ Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը։

Հավելենք, որ գիրքը հրատարակվել է Մ. Աբեղյանի ծոռան՝ գերմանաբնակ Սուրեն Աբեղյանի մեկենասությամբ, որը գիտաժողովի ժամանակ տեսակապի միջոցով իր և իր երջանկահիշատակ մոր անունից շնորհակալական խոսք հղեց ԵՊՀ ղեկավարությանը, գիտաժողովի կազմակերպիչներին և գրքի հեղինակին։

Գրքի շնորհանդեսին հաջորդեց զեկուցումների ներկայացումը։ Գիտաժողովի շրջանակում զեկուցումներ կարդացին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և Վանաձորի պետական համալսարանի ներկայացուցիչները։

Միջոցառմանը ներկա էին ինչպես ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ գիտական հանրույթի այլ ներկայացուցիչներ, Հայաստանի թանգարանների տնօրեններ, ուսանողներ և այլ հյուրեր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930