«Դրսում փրկիչներ չպետք է փնտրել, առաջին հերթին փրկիչները մենք պետք է լինենք, որոնք պետք է ձեւավորեն ազգային երաշխիքները։ Դա մեր բանակն է՝ Հայկական բանակը, որը փառավոր ճանապարհ է անցել Արցախի Պաշտպանության բանակի հետ միասին, դա մեր ներքին համախմբվածությունն է, ռազմավարական նպատակներն ու ամենակարեւորը՝ հավաքական կամքը»,- այս մասին ««Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո այս իշխանությունների ձեռամբ այս գործընթացը հիմնականում տապալվել է։ «Եվ տապալման հետեւանքով մենք տեսել ենք, թե ինչպես է օղակը սեղմվում Հայաստանի շուրջը, Արցախի մասին էլ չեմ խոսում»,- ասաց նա։
Ըստ Օհանյանի՝ այս քննարկումների ընթացքում հիմնավորվեց նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը եւ Հայոց ցեղասպանության ազդեցությունը նսեմացնող թեզը։ Եվ հատկապես հիմնավորվեց Արցախի ինքնորոշման գաղափարը շարունակական դարձնելը։ «Մենք պետք է ֆիքսենք հետեւյալը, որ առաջինը՝ ինքնորոշման իրավունքը պետք է շարունակական դարձնել, Արցախի էջը փակ չէ։ Դեռ ավելին, Ադրբեջանի հանցավոր քաղաքականության արդյունքում այն հակամարտությունն ավելի է խորացել։ Եվ Ադրբեջանը միջազգային հարթակներում պետք է պատասխան տա այն ցեղասպանության ու էթնիկ զտումների համար, որն ինքն իրագործեց Արցախի ժողովրդի նկատմամբ»,- ասաց նա։
Երկրորդ, ըստ Սեյրան Օհանյանի, Արցախի սուբյեկտայնությունը պետք է պաշտպանվի՝ բոլոր ինստիտուտներով եւ հատկապես ժողովրդի համար համապատասխան պայմանների ապահովմամբ։ «Ընդ որում, ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ վերադարձի բոլոր պահանջներով։ Այսինքն՝ այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում ապրելու, անվտանգ արարելու եւ զարգանալու իրավունքը։ Ինքը տերն է այդ հողի, տերն է այդ տարածաշրջանի եւ Արցախում ինքնորոշվել է ԽՍՀՄ փլուզումից հետո այնպես, ինչպես խորհրդային մյուս պետությունները։ Այս հետխորհրդային տարիների ընթացքում Արցախն իր պետական ինստիտուտներով եղել է նաեւ օրինակելի՝ ժողովրդավարական հիմունքներ, օրինականություն, անվտանգության ապահովում։ ՀՀ եւ Արցախի Հանրապետության ինտեգրված կուռ համակարգով Արցախը սահմանապահ է եղել Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։
Եվ երրորդը, եթե Արցախի սուբյեկտայնությունը, ինքնորոշումը պահպանվում է, ապա հակամարտության վերաբերյալ ընդունելի կամ ընդունված ձեւաչափով բանակցային գործընթացին այլընտրանք չկա։ Սրանով էլ հիմնավորվում է, որ Արցախի ապագայի համար նույնպես պետք է ձեւավորվեն ազգային եւ միջազգային երաշխիքներ։ Այդ ռազմավարության մշակողը պետք է լինեն Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Եվ հապաղելն այստեղ անընդունելի է, կարող է կործանարար լինել։ Իսկ եթե ՀՀ իշխանությունները հրաժարվում են այդ ռազմավարության մշակումից, սա եւս մեկ անգամ փաստում է, որ իրենք հրաժարվում են բոլոր այն խոստումներից, որոնք իրենք տվել են։ Ազգային Անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած փորձ։ Իսկ այս բռնագաղթեցման ճանապարհին ՀՀ իշխանությունները կրավորական կամ դավաճանական կեցվածք ընդունելով՝ հայտարարում են, որ Արցախի խաղաղ քաղաքացիների համար անվտանգության ոչ մի խնդիր չկա, այն պարագայում, երբ Արցախի ժողովուրդը, նրա բանակը, հրամանատարներն ու զինվորները հերոսաբար կռվում էին վերջին պատերազմի ժամանակ՝ իրենց ինքնությունը պաշտպանելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ բոլոր առաջարկությունները կընդհանրացվեն, այս իշխանություններին փոխելու այլընտրանք չկա, դրա համար պետք է հավաքական կամք ու միասնություն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ