Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադրված խաղաղությունը նույն կապիտուլյացիան է, Նիկոլ Փաշինյանը կրկնակապիտուլյանտ է կոչվելու. Սերժ Սարգսյան

Նոյեմբեր 24,2023 17:49

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում իր եւ իր ղեկավարած ուժին թիրախավորումները՝ տարբեր, այդ թվում նաեւ ոչ իշխանական քաղաքական ուժերի կողմից, համարում է զրպարտություն եւ ասում է, որ դա սովորական երեւույթ է իր համար՝ արդեն 30 տարուց ավելի:

Այսօր «Դիզվառելիքի գործով» նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, նա ասաց. «Ավանդաբար, դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետեւ, 90-ականների կեսերին, նրանց ձայնակցել են մեր տեղացիները: Իսկ հիմա, առանձնապես ոչինչ չի փոխվել. այդ երգչախմբին միացել են նոր ձայներ, նոր տոնայնությամբ: Չգիտեմ, իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր, ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին»:

Նույնը, ըստ նրա, որոշ առանձնահատկություններով, վերաբերվում է նաեւ ՀՀԿ-ին:

Բայց, իր գնահատմամբ, կարեւորը սա չէ, այլ այն, որ թիրախավորվել է Հայաստանի հանրապետությունը, պետականությունը:

«Իմ խորին համոզմամբ, վերջին հարյուր տարվա ընթացքում, հայ ժողովրդին այսպիսի ողբերգություն չէր պատուհասել: Իհարկե, ընթացքում եղել են բազմաթիվ խնդիրներ, կուլակաթափություն, 30-ականներին ինչ-որ տեղ նաեւ մարդկանց հանիրավի գնդակահարություններ, Հայրենական պատերազմ, որտեղ հարյուր հազարավոր հայեր են զոհվել: Իհարկե, եղել է ավերիչ երկրաշարժ: Բայց այսպիսի ողբերգություն չի եղել եւ այս գիտակցումը, ցավոք, մեր հասարակության մեջ դեռեւս ամբողջովին առկա չէ, որ այդ ողբերգությունն ամենածանր ու ցավոտ հարված է եղել մեր պետականությանը»:

Իշխանության՝ խաղաղության օրակարգի եւ խաղաղության խաչմերուկի մասին խոսելիս էլ Սերժ Սարգսյանն ասաց, որ միշտ համարել եւ այսօր էլ համարում է, որ Արցախի համար պայքարը եղել է Հայաստանի պետականության համար պայքար եւ խնդիրն այդ գիտակցությամբ է ժամանակին առաջ մղվել:

«Ղարաբաղը երբեք Հայաստանի, Հայաստանի պետականության եւ հայ ժողովրդի համար բեռ չի եղել, եղել է փրկօղակ»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ այս ողբերգությունը մեր պետականության հիմնասյուներից մեկից զրկեց:

Նա ասաց, որ խաղաղության փաստաթուղթ պետք է կնքել եւ ինքը միշտ կողմ է եղել տարածաշրջանում խաղաղությանն ու ԱԺ ամբիոնից ինքն է խոսել փոխզիջումների եւ Աղդամի՝ մեր հայրենիքը չլինելու մասին, մինչդեռ ՔՊ-ականները այդ առիթով իբրեւ ծաղրում էին, նկարվում եւ հայտարարում, որ Աղդամն իրենց հայրենիքն է. արդյունքն էլ եղավ այն, ինչ եղավ: Բայց թե ի՞նչ տեքստ է փորձում համաձայնեցնել եւ ի՞նչ պայմանագիր է փորձում կնքել գործող իշխանությունը, հայտնի չէ: Տարբեր արտահոսքերից հայտնի են դառնում ինչ-ինչ մանրամասներ, որից պարզ է դարձնում՝ հայկական կողմը գնում է անընդհատ զիջումների. «Պարտադրված խաղաղության պայմանագիր, որը նույն կապիտուլյացիան է: Նա կոչվելու է կրկնակապիտուլյանտ: Անարդար խաղաղությունը պատճառ է նոր պատերազմի»:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930