Այսօր քաղաքացիներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Նրա խոսքով՝ Փաշինյանն իր մտքում արդեն ստորագրել է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը, պարզապես ինչ-ինչ հանգամանքներում չի հրապարակել: Ուստի հարցրեց՝ ի՞նչն է խանգարում հրապարակել այդ որոշումը՝ չունի՞ բավարար քաղաքական կամք, հաշվի է առնում ՌԴ-ից ՀՀ կախվածությո՞ւնը, թե՞ վախենում է նոր Հոկտեմբերի 27-ից:
Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ Հայաստանի շահերից բխող որեւէ որոշում կայացնելու հետ կապված եթե քաղաքական կամքի բացակայություն լիներ, նույնիսկ այն հայտարարությունները, որ հրապարակային հայտնում ենք ՀԱՊԿ-ի հետ կապված, դա էլ չէր լինի: Ուրեմն կա քաղաքական կամք՝ ՀՀ շահերից բխող որոշում կայացնելու:
Ինչու չենք հրապարակում ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում՝ մենք կողմնորոշվելու ենք ՀՀ պետական շահերից: Եթե այս պահին որեւէ որոշում կայացրել կամ չենք կայացրել, մեր ուղենիշը ՀՀ պետական շահն է: Մեր արձանագրումներն ասում են, որ ՀԱՊԿ-ի գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ-ի նկատմամբ նրա ունեցած պարտավորությունները, այս պահին ՀԱՊԿ-ի գործունեությունը համապատասխան չէ ՀՀ շահերին:
Հանրությունը մտածում է լավ, մեր կառավարությունը այս հարցերը չի՞ պարզաբանում: Ընդդիմությունն ասում էր, թե դիմումները ՀԱՊԿ-ին Հայաստանը ճիշտ չի ձեւակերպել, սխալ հոդվածով է դիմել: Սա անլուրջ է: Մենք հույս ունենք մինչեւ վերջին հնարավորությունը անել ամեն ինչ՝ ՀԱՊԿ-ին լիարժեք հասկանալու եւ մեր դիրքորոշումը ՀԱՊԿ-ին հասկանալի դարձնելու համար եւ եթե այս ճանապարհին մենք սպառված համարենք ամբողջ պոտենցիալը…
Կարդացեք նաև
Որպես քաղաքացի կարող եք հարցնել՝ դուք ինչի՞ եք մնում այն կազմակերպությունում, որին անդամակցումը ոչինչ չի տալիս կամ չի տալիս այն մինիմումը, որը կենդանի կպահեր մեր հետաքրքրությունը կազմակերպությանն անդամագրվելու նկատմամբ կամ լրացուցիչ խնդիրներ է առաջացնում մեր անվտանգային համակարգի համար: Ինչի 2018-2019-ին մենք չե՞նք փորձել, այնպես չի եղել, որ այն ժամանակ ՀԱՊԿ մեր գործընկերներից սպառազինություն ուզեցել ենք, միանշանակ կարողացել ենք ձեռք բերել: Ձեզ թվում է այն ժամանակ չե՞նք փորձել դիվերսիֆիկացնել սպառազինությունների ձեռքբերման մակարդակը: Քննարկումը տեւել է շատ կարճ՝ րոպեներ: Մեզ ասել են՝ կներեք, դուք ՀԱՊԿ-ի անդամ եք, մենք չենք կարող ձեզ հետ ռազմատեխնիկական հարաբերությունների մեջ մտնել»:
Քաղաքացին նաեւ հարցրեց «ՀՀ-ի ներսում ծվարած 5-րդ շարասյան ներկայացուցիչներից», թե՝ ո՞րն է համարում հետհեղափոխական Հայաստանի քաղաքական ձեռքբերումը, ի՞նչ է անում, որ 5-րդ շարասյունն ամբողջությամբ արմատախիլ արվի:
Փաշինյանը պատասխանեց. «Ակնհայտորեն, ամենամեծ ձեռքբերումը պիտի համարեմ ՀՀ-ում ժողովրդավարությունը եւ Հայաստանի՝ որպես ժողովրդավարական երկիր իմիջի հաստատումը միջազգային հանրության շրջանում: Այլեւս ՀՀ-ի ու ժողովրդավարության կապի վերաբերյալ կասկածով կամ հարցականով չեն խոսում»:
Ինչ վերաբերում է 5-րդ շարասյանը, Փաշինյանն ասաց. «Դուք ասում եք՝ արմատախիլ անել: Խնդիրը մենակ արմատախիլ անելը չի, խնդիրն այն է, որ հող չլինի, որպեսզի ձեր ասած բույսը կամ մոլախոտը աճի: Մենք սրա մասին էլ ենք մտածում: 5-րդ շարասյան մտածողությունը բավարար լրջությամբ չի վերաբերվում ու չի ընկալում սեփական պետականությունը: Մարդիկ կան, մտածում են՝ մենք ընդհանրապես պետություն չենք կարող ունենալ, պետք է ծառայել, ձեւ բռնել, դրոշ, բան…Մենք այդպես չենք մտածում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ