Աջափնյակի Նորաշենի՝ 16-րդ թաղամասի շուրջ 4000 բնակչություն ունեցող 3-րդ շղթան շուտով վերակառուցված նոր այգի կունենա: Տարիներ շարունակ անխնամ տարածքն ամբողջությամբ բարեկարգվում է. կառուցվում են խաղահրապարակներ, ֆուտբոլի խաղադաշտ, հանգստի համար կանաչապատ պուրակ՝ շատրվանով: Այգին կունենա նաև շների զբոսանքի առանձնացված տարածք:
Շինարարության ժամկետներն ու որակն առաջնահերթ են. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է ընդգծում՝ վարչական շրջան այցի ընթացքում:
«Մենք պետք է բնակիչներին վերադարձնենք ոչ միայն բարեկարգ բակեր, այլև վերադարձնենք բակային մշակույթը, որ կար Երևանում»,-նշել է քաղաքապետը:
Աջափնյակում բարեկարգման այս տարվա ծրագրում 15 բակ է: Բոլոր հասցեներում պարտադիր պահանջ է ոռոգման համակարգի անցկացումը: Բակերի մեծ մասում լուսավորությունն էլ արևային համակարգով է: Տեղում նաև բնակիչների առաջարկներն են հաշվի առել:
Այս տարի հիմնանորոգումից հետո վերաբացվեց թիվ 50 մանկապարտեզը: Տանիքից մինչև նկուղ՝ շենքում ամեն ինչ նոր է: Էներգախնայող ու հարմարավետ պայմանները հնարավորություն են տվել ընդունել ավելի մեծ թվով երեխաների:
«280 սան է այսօր հաճախում մանկապարտեզ, սակայն մենք մինչև 330 երեխայի ընդունելու հնարավորություն ունենք»,- նշել է մանկապարտեզի տնօրեն Արմինե Բաղդասարյանը:
«Այս տարի նախատեսում էինք 22 մանկապարտեզ հիմնանորոգել, որոնք, վստահ եմ, դեռ տասնամյակներ կծառայեմ մեր բնակիչներին: Սա քաղաքի համար ամենակարևոր խնդիրներից է: Հիմնանորոգվում են ոչ միայն մանկապարտեզների շենքերը, այլև բակային տարածքները», – ընդգծել է Տիգրան Ավինյանը:
Կարդացեք նաև
Այսօր Աջափնյակում շինարարական աշխատանքներ են ընթանում տարբեր հասցեներում. բարեկարգվում են նաև փողոցներն ու մայթերը: Հաջորդ տարի կմեկնարկի նոր մարզադպրոցի կառուցումը:
Երևանի քաղաքապետարան