Լրահոս
Օրվա լրահոսը

Անհասկանալի է դատախազության հայցը մահացած անձանց՝ Սերգո Կարապետյանի եւ Սամվել Գալստյանի նկատմամբ. Ամրամ Մակինյան

Նոյեմբեր 24,2023 17:37

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան եւ Նոր-Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Դիզվառելիքի գործով» դատավարությունը։

Նախորդ նիստում, հիշեցնենք, որ դատախազությունը նոր՝ քաղաքացիական հայցադիմում է ներկայացրել այս գործով մեղադրյալների դեմ։ Դատարանում մեղադրող դատախազը հայտարարեց, որ գործով մեղադրյալներ Սերժ Սարգսյանից, Բարսեղ Բեգլարյանից, Սերգո Կարապետյանից, Սամվել Գալստյանից եւ Գեւորգ Հարությունյանից պահանջում են հօգուտ պետության բռնագանձել մոտ 490 մլն դրամ գումար։ Ըստ հայցադիմումի՝ վիճելի ժամանակահատվածում իրականացված գյուղատնտեսական օգնության ծրագրի շրջանակներում դիզվառելիքի մատակարարման համար գյուղնախարար Սերգո Կարապետյանը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ ծրագրին մասնակից «Ֆլեշ» ՍՊԸ-ի տնօրեն Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ պետական պահուստային ֆոնդից մոտավորապես 490 մլն դրամ գումար են ելքագրել, որը տրամադրվել է «Ֆլեշ» ընկերությանը իբրեւ սուբսիդավորման հավելյալ գումար։

Պաշտպանական կողմն այսօր դատախազության նոր պահանջի վերաբերյալ դիրքորոշում ներկայացրեց: Մինչ այդ, պատասխանողի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը հետաքրքրվեց՝ հայցի հիմքի վերաբերյալ՝ արդյո՞ք նշված գումարի մեջ ներառված են պետությանը վճարված հարկերը: Այս հարցը մնաց հռետորական, քանի որ դատարանը թույլ չտվեց այն հնչեցնել:

Ապա, Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ ամբողջությամբ չեն ընդունում քաղհայցը, քանի որ ապացույցները չեն հիմնավորում կատարված հանցագործությունն ընդհանրապես. «Մենք գտնում ենք, որ դատախազությունն իրավունք չունի այս ձեւակերպմամբ հայցադիմում ներկայացնել դատարանին»:

Իր գրավոր խոսքում պաշտպանը մեջբերումներ կատարեց միջազգային իրավունքից՝ անձի սեփականության իրավունքի պաշտպանության մասին ու նկատեց, որ մարդու սեփականության իրավունքը պաշտպանելը պետության պոզիտիվ իրավունքն է: Ըստ Ամրամ Մակինյանի՝ պետբյուջեից գումար է փոխանցվել «Ֆլեշ» ընկերությանը, որը նաեւ հարկեր է վճարել, այդ թվում, շահութահարկ ու այդ մասին փաստաթղթեր ներկայացված են դատարանին, հետեւաբար, պետությանը պատճառված վնասի մասին խոսք գնալ չի կարող: Ամրամ Մակինյանը պնդում է, որ հայցվորը վնասի չափը սխալ է հաշվարկել՝ ավելի մեծ գումար ներկայացնելով, իրենք պնդում են, որ թիվը ճշգրիտ հաշվարկվի եւ ճշգրիտ ներկայացվի:

Ավելի ուշ, նա հայտարարեց, որ հիմա փորձ է արվում հօգուտ պետության փորձել բռնագանձել մի բան, որը պետությունն արդեն ստացել է՝ շահութահարկի միջոցով:

Ամրամ Մակինյանի համար անհասկանալի է նաեւ դատախազության հայցը մահացած անձանց՝ Սերգո Կարապետյանի եւ Սամվել Գալստյանի նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Մյուս պաշտպանները խոսեցին հանցագործության դեպքի բացակայության մասին առհասարակ, մանավանդ, որ հայցադիմումից իրենց համար հասկանալի էլ չէ հայցի առարկան ու հիմքը: Ուստի, դատարանին հորդորեցին՝ հրաժարվել հայցադիմումն ընդունելուց:

Մեղադրող կողմը, բնականաբար առարկեց, պաշտպանների դիրքորոշումներում հիմնավորումներ չտեսնելով եւ մանրամասնելով, որ հայցի հիմքը պետությանը պատճառված վնասն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Դատարանն ընդունեց դատախազության ներկայացրած քաղհայցը՝ հայտարարելով, որ պաշտպանական կողմի բարձրացրած հարցերին կանդրադառնա դատաքննության փուլում:

Հիմնավորումները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ այդ գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

 

Հաջորդ նիստում մեղադրող կողմը կներկայացնի իր 37 էջանոց մեղադրական ճառը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930