«Մենք տասնամյակներ շարունակ չենք օգտվել այն ամբողջ իրավական պաշարից, որը մենք ունենք»,- այս մասին ««Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
«Առաջին միտքը, որ ես ուզում եմ ասել՝ Ադրբեջան դիմակի տակ երեք Ադրբեջան կա՝ առաջինը Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունն է, որը հիմնել է թուրքական բանակը, երկրորդը Ռուսաստանի կարմիր բանակի կողմից հիմնված Ադրբեջանն է եւ երրորդ Ադրբեջանն այսօրվա Ադրբեջանն է։ Վերջերս ես մի քանի տեղ բանավեճի մեջ եմ մտել այն բանաձեւի հետ, թե Լեռնային Ղարաբաղն իբր Ադրբեջանին է հանձնվել Կավբյուրոյի որոշմամբ։ Այդպիսի որոշում չի եղել։ Ստալինը կարդացել է, չի դրել քվեարկման, քննարկման եւ թողել է դահլիճը։ Այդպիսի որոշումը չի եղել, այդ չընդունված որոշման հիման վրա է Արցախը հայտնվել Ադրբեջանի կազմում։ Երրորդ երկրի ոչ սահմանադրական մարմնի՝ կուսակցական մարմնի չընդունած որոշմամբ»,- ասաց Մանասյանը։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսակետից չի պատկանել եւ չի պատկանում այդ ադրբեջաններից ոչ մեկին։
«Միջազգային իրավունքը պետությունների ձեւավորման հիմք է համարում հանրաքվեով ամրագրված ինքնորոշման ակտը, որը եւ սահմաններ է որոշում։ Առաջին երկու հանրապետությունները երրորդ երկրների բանակներ են հիմնել։ Եվ ադրբեջանական առաջին՝ դեմոկրատական հանրապետության ապօրինությունը ուղղակի տարընթերցումները բացառող բանաձեւերով ընդունել է Ազգերի լիգան՝ չի ճանաչել այդ պետությունը որպես պետություն։ Երկրորդը, ապօրինի է ճանաչել այսօրվա Ադրբեջանը։ Ադրբեջանական այսօրվա հանրապետությունն ապօրինի է ճանաչել խորհրդային Ադրբեջանը եւ հրաժարվել է նրա իրավահաջորդը լինելուց։ Շատ լավ, դու հրաժարվել ես խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից եւ հռչակել քեզ Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, որը որպես պետություն չի ճանաչվել Ազգերի լիգայի կողմից»,- ասաց նա։
Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ բոլոր չափանիշներով Արցախը տարբերվում է Ադրբեջանից։ 20-րդ դարի պատմության մեջ Արցախը երկու անգամ ինքնորոշվել է որեւէ այլ պետության չպատկանող տարածքներում։ 1918 թվականին, երբ ռուսական կայսրությունը տապալվել է, Արցախը կայացել է որպես վարչաքաղաքական կազմավորում, որն ունեցել է ամենալեգիտիմ իշխանությունն Անդրկովկասում։
Կարդացեք նաև
«Մենք չենք գնահատում այդ փաթեթը։ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղը դարձյալ կայանում է ոչ մի պետությանը չպատկանող տարածքներում, եւ դեկտեմբերի 10-ին ԼՂ-ն հռչակում է անկախություն։ Մինչ այդ՝ հոկտեմբերի 18-ին Բաքուն իրեն հռչակել էր արդեն Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, որտեղ Ղարաբաղ չի եղել։ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակվել է որեւէ այլ պետության չպատկանող, բայց պատմականորեն իրեն պատկանող տարածքներում։ Ի դեպ, պատմական տիտղոսի գործոնը Ազգերի լիգան հենց դեմ է տվել Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությանը 1918 թվականին։ 1920 թվականի դեկտեմբերին Ազգերի լիգայի 5-րդ կոմիտեն մերժել է Ադրբեջանին ընդունել Ազգերի լիգա, իսկ Ասամբլեայի գլխավոր քարտուղարն իր հուշագրում դիմել է Ադրբեջանի կառավարությանը, թե՝ այդպիսի պետություն այդ տարածքում ընդհանրապես չի եղել։ Այսինքն՝ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղը կայացել է միայն իրեն պատկանող տարածքներում։ Բայց շարունակությունն է հետաքրքիր՝ Եվրոպան որոշել է, որ պետք է նոր պետություններ ճանաչի, եւ Ալմա-Աթայում հավաքվել են այդ հանրապետությունները։ Ադրբեջանն էլ է գնացել, ներկայացել է առանց իրավական սուբյեկտայնության, առանց որոշակիության, ի դեպ, միակը այդ հանրապետությունների շարքում։ Ալմա-Աթան նրան տարածքներ տալ չէր կարող, Ալմա-Աթայում նրա սահմաններ ձեռք բերել չէր կարող, ինչո՞ւ, որովհետեւ նա Ալմա-Աթա էր գնացել այն մի Ադրբեջանի իրավահաջորդությունից հրաժարված, այս մեկը վերականգնած, ինքն էլ գնացել է առանց անկախության հանրաքվեի, առանց ինքնորոշման։ Այնտեղ սահմաններ չէին կարող տալ, որովհետեւ Ալմա-Աթայի հռչակագրի խնդիրը սահմաններ տալը չի եղել։ Հիմա մենք այս բոլորը պետք է իմանանք եւ գլխավոր միտքը, որը պետք է առաջ մղենք այն է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքով ադրբեջանական այսօրվա հանրապետությանը չի պատկանում։ Իրենք լավ գիտեն դա, մեր զինվորին գցում են ու ստիպում, որ ասի՝ Արցախն Ադրբեջան է։ Այդտեղով է անցնում իրավական ճակատամարտի առաջին գիծը։ Եվ դրա համար մենք այդ դրույթը պետք է ամեն կերպ հնչեցնենք՝ Հայաստանում, նրա սահմաններից դուրս»,- հայտարարեց Ալեքսանդր Մանասյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ