Լրահոս
Օրվա լրահոսը

«Անվտանգության խորհրդում իմ տված հանձնարարությունը նենգափոխվել է, մեծ զայրույթ ապրեցի». Փաշինյան

Նոյեմբեր 24,2023 16:57

Այսօր Մարտունի քաղաքի Լիճք գյուղից մի քաղաքացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց 2020-ի պատերազմից հետո հայ գերիների, ինչպես նաեւ սեպտեմբերի 19-ին գերեվարված պաշտոնյաների մասին: Հարցին, թե ի՞նչ է ձեռնարկվում՝ նրանց վերադարձնելու համար՝ Փաշինյանը պատասխանեց. «Այդ հումանիտար հարցը օգտագործվում է քաղաքական նպատակներով, ինչը այնքան էլ տրամաբանական չէ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել ճկունություն ցուցաբերելու եւ Ադրբեջանի հետ աշխատելու, որպեսզի մեր գերիները վերադառնան: Բանակցությունները մի ճանապարհն է: Մենք պատրաստակամություն ենք նույնիսկ հայտնել, որ ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակենք մեր գերիների հետ՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով: Մենք շարունակում ենք աշխատանքը: Երկրորդ ուղղությունը իրավական գործընթացներն են»:

Նա ասաց, որ ինքն էլ է դժգոհ, որ մինչեւ այս պահը արդյունքներ չեն կարողանում արձանագրել: Դրա համար ներողություն խնդրեց գերիների հարազատներից:

ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Էդուարդ Սահակյանն էլ ասաց, որ 2018-ից տեղափոխվել է ընտանիքով ՌԴ՝ սպասելով իր տված խոստմանը, որ այն սպաները, որոնք հերթագրված են բնակարաններ ստանալու ցուցակում, պետք է ապահովվեն բնակարանով. «Ես 5 տարի գալիս եմ ՊՆ սոցվարչություն, ինձ պատասխանում են, որ նիստերը տեղի չեն ունենում՝ պետական բյուջեում դրամ չլինելու պատճառով: Դուք անձամբ ԱԺ բեմից ասացիք, որ բոլոր սպաներին պետք է տրվի գումարը, որոնք կանգնած են հերթի, խնդրում եմ միջոցներ ձեռնարկեք, կարող է` տեղյակ չեք, որ նմանատիպ պատասխան են մեզ տալիս: Ես ուզում եմ վերադառնամ, ընտանիքիս հետ ապրեմ ՀՀ-ում, տեղ չունեմ գալու: Մեզ ասում են՝ ՊՆ բյուջեում գումար չկա, երեւի 400-ից ավելի սպաներ այս հարցով տառապում են»:

Փաշինյանը պատասխանեց, որ Անվտանգության խորհրդի նիստում այդ մասին հանձնարարել է, որ պետբյուջեի խնայված միջոցներից միանվագ դրամագլուխ հատկացվի, որ մոտ 300 սպայի հարցը լուծվի. «Երբ որ ես 7-8 ամիս առաջ իմացա, որ չի լուծվել խնդիրը, դա ինձ համար զարմանալի էր: Հետո ես թեմայի մեջ խորացա, պարզվեց, որ Անվտանգության խորհրդում իմ տված հանձնարարությունը նենգափոխվել է: Դա բոլորովին ուրիշ պատմություն է: Ես մեծ զայրույթ ապրեցի, թե ո՞նց կարելի է ԱԽ-ում արձանագրված որոշման էությունը փոխել: Ինչպես է փոխվել՝ էական չի: Մենք միանշանակ այդ խնդիրը պետք է լուծենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930