Լրահոս
Օրվա լրահոսը

««Հայաքվե»-ի օրինագիծն իրավական եւ քաղաքական ամուր հիմք կարող է ստեղծել Արցախի վերադարձի համար»․ Արտակ Բեգլարյան

Նոյեմբեր 24,2023 16:49

«Արցախն այժմ կորսված է, բայց ոչ մեկընդմիշտ։ Եվ Արցախ վերադարձի հեռանկարը կախված է հատկապես նրանից, թե այս փուլում ինչ ենք անում մենք՝ հայ ժողովուրդը եւ հատկապես պաշտոնական Հայաստանի Հանրապետությունը»,- այս մասին ««Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ նվազագույն անելիքը կամուրջները չայրելն է, նաեւ եղած կամուրջներն ամրացնելու եւ նոր կամուրջներ կառուցելու կարիք կա։ ««Հայաքվե» նախաձեռնության կողմից առաջարկված այս օրինագիծը, իմ կարծիքով, կարեւոր գաղափարական, իրավական եւ քաղաքական ամուր հիմք կարող է ստեղծել Արցախի վերադարձի հետագա պայքարի համար»,- ասաց նա։

Արտակ Բեգլարյանն առաջարկեց նախագծում ավելացնել հետեւյալ միտքը՝ «․․․ներառյալ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի վերադարձը հայրենիք եւ այնտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա արժանապատիվ ու անվտանգ կյանք ապահովելը»։ Նա նշեց, որ սա շատ կարեւոր դրույթ է եւ պետք է դառնա նաեւ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը։

Արտակ Բեգլարյանը հարցադրումներ արեց։ «Հարց մեկ՝ արդյոք ՀՀ իշխանությունների դիրքորոշումը՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անտեսելու վերաբերյալ, բացասաբար է ազդել Արցախի կորստի վրա։ Պատասխան՝ այո։ Սա գլխավոր գործոնն է, որը մեզնից կախված էր, որն ամենամեծ բացասական ազդեցությունն է թողել Արցախի կորստի վրա։ Սա հնարավորություն է տվել Ադրբեջանին խնդիրը ներկայացնել որպես ներքին հարց, ձերբազատվել ՀՀ կողմից պոտենցիալ ռազմաքաղաքական դիմադրության ռիսկերից, ինչպես նաեւ հնարավորություն է տվել միջազգային բոլոր դերակատարներին խուսափել իրենց պատասխանատվությունից եւ պատասխանատվությունը գցել Հայաստանի Հանրապետության վրա։ Եվ բոլորս պետք է հաշվի առնենք, որ միջազգային հանրության դիրքորոշումը մշտապես ձեւավորվել է առաջնահերթորեն ՀՀ եւ Ադրբեջանի դիրքորոշումների եւ գործողությունների հիման վրա։ Նկատի ունեմ Արցախյան հակամարտության հարցում։

Հարց երկրորդ՝ արդյոք այս օրինագծի ընդունումը հնարավորություն կտա Արցախը վերադարձնել։ Պատասխան մեկ՝ այո, որովհետեւ սա հստակ դիրքորոշում է լինելու, որ Հայաստանի Հանրապետությունն այլեւս ընդունում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ պաշտպանում է այս ինքնորոշման իրավունքը։ Միջազգային հանրության որեւէ դերակատար երբեք ավելի բարձր նշաձող չի դնելու, քան Հայաստանի Հանրապետությունն է դրել։ Հետեւաբար, կարեւոր է, որ մենք հստակ նշաձող ունենանք եւ միջազգային հանրությունից պահանջենք կոնկրետ գործողություններ։

Պատասխան երկու՝ կրկին այո, որովհետեւ եթե նույնիսկ մինչեւ Արցախի ժողովրդի վերջնական ցեղասպանությունը, ՀՀ իշխանությունների դիրքորոշումը եղել է Ադրբեջանի կազմում Արցախի բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովումը, ապա սեպտեմբերյան իրադարձություններից հետո նույնիսկ եթե ոմանք հավատում էին, որ իրապես դա հնարավոր է իրականացնել, հիմա կարծում եմ՝ բոլորն իրենց սրտի խորքում վստահ են, այդ թվում՝ իշխանությունում ներկայացված անձինք, որ հնարավոր չէ Ադրբեջանի տիրապետության տակ ապահովել Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, նույնիսկ միջազգային երաշխիքներով։ Հետեւաբար, սա շատ կարեւոր արձանագրում է ՀՀ կողմից, որ ինքնորոշման իրավունքի հիման վրա եւ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային պարտավորությունների հիման վրա հստակորեն պետք է ընդունել, որ Արցախի ժողովուրդը չի կարող ապրել ադրբեջանական ցեղասպանական եւ բռնապետական տիրապետության ներքո։

Եվ պատասխան երրորդ՝ այո, որովհետեւ սա լրացուցիչ գաղափարական, իրավական եւ քաղաքական կռվան, լծակ է լինելու ՀՀ ձեռքին՝ թուրք-ադրբեջանական նկրտումներին, մարտահրավերներին դիմագրավելու եւ տարածաշրջանում ՀՀ կշիռը բարձրացնելու համար»,- ասաց նա։

Արտակ Բեգլարյանը հնչեցրեց երրորդ հարցը՝ արդյոք սա առիթ չի հանդիսանալու բռնապետ Ալիեւի համար՝ կրկին հարձակվելու ՀՀ վրա։ «Պատասխան մեկ՝ ոչ, որովհետեւ բռնապետ Ալիեւն արդեն քանիցս հարձակվել է ՀՀ վրա, եւ այս նախաձեռնությունն առկա չէր։ Եվ վերջին պատասխանը՝ կրկին ոչ, որովհետեւ այս բոլոր գործիքակազմերը հստակ դիմադրության պոտենցիալ են ձեւավորելու ՀՀ համար։ Եվ սրա հիման վրա մենք կկարողանանք ոչ միայն Արցախը վերականգնել, այլ նաեւ Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնել։ Այս օրենքով հստակ է լինելու, որ ՀՀ-ն տարածքային որեւէ պահանջ չի ներկայացնում Ադրբեջանի հանդեպ, այլ պաշտպանում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Իսկ Արցախի ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչ կարգավիճակով ու ինչ պայմաններով կապրի իր հայրենիքում։

Մեկ օրինակ բերեմ՝ եթե Ֆրանսիայի օրենսդիր մարմինը կամ այլ երկրների օրենսդիր մարմինները ճանաչել եւ պաշտպանել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ֆրանսիան տարածքային պահանջներ է ներկայացրել Ադրբեջանին։ Իհարկե, ոչ, սա հստակ արձանագրում է»,- նշեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930