Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք չեք կարող ընկալվել՝ որպես անկողմնակալ, հետևաբար չեք կարող լինել դատարան այս վարույթում»․ Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Մալյանի գործով դատավորին

Նոյեմբեր 24,2023 16:41

«Կարծում ենք, որ Դուք օբյեկտիվ անկողմնակալության չափանիշով չեք կարող ընկալվել որպես անկողմնակալ, հետևաբար չեք կարող լինել դատարան այս վարույթում։ Արդեն ունեք կանխակալ մոտեցում այս պահին քննվող արարքի հետ կապված»,-Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց Նարեկ Մալյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա բացարկ հայտնեց դատարանին։

Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց երկու ամսով: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»: Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:

Ռուբեն Մելիքյանը մեջբերում կատարեց նախագահող դատավորի՝ Նարեկ Մալյանի կալանքը երեք ամսով երկարացնելու որոշումից․ «Անդրադառնալով Նարեկ Մալյանի կալանքի հիմքերին՝ դատարանը գտնում է, որ տվյալ փուլում շարունակում է առկա լինել կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու հիմքերից մեկը՝ մասնավորապես այն, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք։ Դատարանի եզրակացությունը պայմանավորված է նրանով, որ մեղադրյալը ձերբակալման արձանագրության մեջ կատարել է գրառում՝ ենթադրյալ նոր հանցանք կատարելու մասին։ Դուք սրանով ընդունում եք, որ Նարեկ Մալյանի՝ այս պահին քննվող արարքը հանցանք է։ Նաև չեք անդրադարձել մեր հակափաստարկներին։ Եթե մարդ ասում է՝ ինչ արել եմ, լավ եմ արել, եթե դուք դրան գնահատական եք տալիս, որ դա նոր հանցավոր արարք կատարելու մասին է, նշանակում է, որ արդեն ընդունում եք, որ այն, ինչ Նարեկ Մալյանն արել է, արդեն հանցագործություն է։ Հետևաբար` դուք չեք կարող ընկալվել հանրության կողմից որպես անկողմնակալ դատարան։ Այսպիսի դեպք վաղուց չկա, որ այսպիսի ակնհայտ ձևով դատարանն ընդունի, որ իր կողմից քննարկվող արարքը նա ճանաչում է՝ որպես հանցագործություն, նոր հանցանք։ Քանի դեռ չկա թեկուզ այս դատավարության շրջանակում որևէ դատական ակտ, այն էլ օրինական ուժ մեջ մտած, որ Նարեկ Մալյանը կատարել է հանցանք, մենք դա հանցագործություն ընկալել չենք կարող։ Իսկ Դուք դա ընկալում եք՝ որպես հանցանք նոր հանցանք որակմամբ»։

Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն էլ հավելեց․ «Մենք չենք հայտնում բացարկ դատական ակտի հետ կապված։ Ձեր դիրքորոշումը, որ արտահայտել ենք, հստակ Ձեր կանխակալության մասին է։ Այսինքն՝ արդեն իսկ կատարվել է հանցանք, և նորը կարող է կատարվել»։

Մեղադրող դատախազը միջնորդության դեմ առարկեց․ «Տպավորությունն այնպիսին է, որ գտնվել է այն միջոցը, որի հիման վրա հնարավոր է նախագահողին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ Ինձ թվում է սա այն հիմնավոր և պատճառաբանված միջնորդությունը չէ, որ կարող էին իմ գործընկերները ներկայացնել։ Նոր բառի ներգրավումը չի կարող խոսել դատարանի կանխակալության մասին»։

Դատարանը միջնորդությունը մերժեց ու հիմնավորեց․ «Դատարանն իր որոշումը պատճառաբանում է այն հանգամանքով, որ իր որոշման մեջ դատարանը փաստել է, որ քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և անմեղության կանխավարկածի սկզբունքն ամենևին չխախտելով՝ դատարանն արձանագրել է, որ խափանման միջոց կիրառելու պայմաններն առկա են։ Ինչ վերաբերում է նոր հանցավոր արարքներին, դա փաստում է, որ հնարավոր ազատության մեջ գտնվելու պարագայում անձը կատարի որևէ հանցավոր արարք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930