Այսօր քաղաքացիներից մեկը՝ թիվ 67 դպրոցում ռուսաց լեզվի ուսուցչուհի Նարինե Մելքումյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ նախկինում 55 տարեկանից 25 տարվա մանկավարժական ստաժ ունեցող ուսուցիչները ստանում էին թոշակ, սակայն Սերժ Սարգսյանը չեղարկեց այդ հրամանը եւ այն մանկավարժը, որը մինչեւ 2023-ի հուլիսը չունի 25 տարվա ստաժ, այլեւս չի ստանում այդ թոշակը. «Դիմում եմ ձեզ ՀՀ բոլոր մանկավարժների կողմից խնդրանքով՝ վերանայել մեր՝ երկար տարիներ վաստակած մանկավարժական թոշակը»:
Վարչապետը, որն ուղիղ եթերում պատասխանում էր տեսագրությամբ ուղարկված հարցերին՝ պատասխանեց. «Մենք կարող ենք ասել՝ եկեք 45 տարեկանից գնանք թոշակի, տո եկեք 35 տարեկանից գնանք, 25 տարեկանից գնանք թոշակի: Բայց թոշակառուի թոշակը ո՞վ եւ ինչպե՞ս է ապահովելու: Այսօր ՀՀ-ում շուրջ 600 հազար թոշակառու կա եւ 100 հազար նպաստառու, որտեղի՞ց է գոյանում այդ մարդկանց թոշակը՝ աշխատող մարդկանց վճարած հարկերից,իսկ ՀՀ-ում ընդամենը 730 հազար աշխատող կա, որոնք աշխատում են եւ հարկ են վճարում, պատկերացնո՞ւմ եք սա ինչ մեծ բեռ է աշխատողների ու պետության համար»:
Նա ասաց, որ ուսուցիչների համար պայմաններ են ստեղծել, որ շարունակեն աշխատել ու բարձր աշխատավարձ ստանան. «Բոլորը որ 55 տարեկանից գնան թոշակի, մեր երեխեքին ո՞վ է դաս տալու: 55 տարեկանը ի՞նչ տարիք է, որ մարդը գնա թոշակի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ