Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Շահրամանյանը եղել է մաքսիմալ անկեղծ», իսկ Դավիթ Բաբայանին Շուշի չեն տարել. Անդրանիկ Քոչարյանը՝ հնարավոր քրեական գործերի մասին

Նոյեմբեր 24,2023 16:10

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՀՀ ԱԺ-ում մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Նիստը դռնփակ էր եւ տեւեց երեք ժամ։ Լրագրողները փորձեցին մինչեւ նիստը սկսելը հարցեր ուղղել Սամվել Շահրամանյանին, սակայն ապարդյուն: Իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Սամվել Շահրամանյանը նրանց հետ չի խոսելու։

Նիստից հետո, լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը մանրամասնեց, թե ի՞նչ հարցեր են ուղղել Սամվել Շահրամանյանին. «Հետպատերազմյան հետեւությունների, իրողությունների… Գոնե ես իմ կողմից կարող եմ ասել՝ այ հիմա, շատ լավ հասկացա պարոն Արծվիկ Մինասյանն ինչո՞ւ չէր ուզում, որ այս իրողությունը դառնար իրողություն, որ Շահրամանյանը գար քննիչ հանձնաժողով: Շաբաթներ շարունակ խոսում էին ոչ թե քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին, որակյալ զեկույց ունենալու, այլ հանձնաժողովի ժամկետը կա, չկա…»:

Լրագրողի ճշտող հարցին՝ ցնցող հայտարարություննե՞ր արեց պարոն Շահրամանյանը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ իր համար բացահայտվել են իրողություններ, որոնք որեւէ այլ հարթակում, որեւէ մեկը իրավասու չէր ստանալ: Ըստ նրա, հիմա կարող ենք ասել, որ այդ քննիչ հանձնաժողովը, որը նաեւ սահմանադրական լիազորություններ ունի, ճիշտ որոշում էր, քանի որ հանձնաժողովի աշխատանքը հանգեցրել է նաեւ քաղաքական իրողությունների բացահայտմանը, որոնք տեսանելի չէին:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ 44-օրյա պատերազմի օրերին Սամվել Շահրամանյանը, որը զբաղեցրել է Արցախի ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը, այդ ի՞նչ առանցքային հայտարարություններ է արել։ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ բոլոր հարցերը տրվել են՝ թե պետական դավաճանությանը վերաբերվող, թե դիվերսանտների մասին: Նա մանրամասնեց, որ հիմնականում հետպատերազմյան իրողություններին վերաբերող հարցեր են քննարկվել. հարցեր, որոնք նպաստել են նաեւ Արցախի հայաթափմանը:

Սամվել Շահրամանյանն, ըստ Անդրանիկ Քոչարյանի, մանրամասներ է ներկայացրել սույն թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա հարձակման շրջանին վերաբերող, ԱՀ-ն լուծարելու իր որոշման հանգամանքներին եւ մանրամասներին վերաբերող: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ երեք ժամվա աշխատանքի արդյունքում սպառել են հարցաշարը, որի վրա երկար աշխատել են. բավարարվա՞ծ է Անդրանիկ Քոչարյանը, թե՝ ոչ, այլ հարց է:

«Մենք մեղավորություն չենք որոշում, մենք քննում ենք իրողությունները, երեւույթները եւ դրանց դրսեւորումների հետ կապված հարցերին ենք տալիս պարզաբանումներ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ դեկտեմբերի 3-ին հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են եւ իրենք կսկսեն վերջնական փուլի աշխատանքը՝ եզրակացության վրա աշխատելը, որը կներկայացվի արդեն եկող տարի:

Լրագրողի հստակեցնող հարցին՝ իր համար համոզի՞չ էին պարոն Շահրամանյանի պարզաբանումները՝ ԱՀ-ն լուծարելու հետ կապված, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ դրա հետ կապված բոլոր հարցերի պատասխանները ստացել են, իսկ դրանք համոզիչ էին, թե՝ ոչ, կերեւա վերջնական եզրակացության մեջ:

«Պարոն Շահրամանյանը եղել է մաքսիմալ անկեղծ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ հանձնաժողովում բոլորն են եղել անկեղծ եւ ինքն ուրախ է դրա համար:

Անդրանիկ Քոչարյանը նաեւ ասաց, որ թե հանձնաժողովի անդամները, թե Սամվել Շահրամանյանը պատրաստ են եղել այսօրվա հանդիպմանը եւ բոլոր հարցերին պատասխաններ հնչել են:

Քննարկվել են նաեւ Ստեփանակերտից տեղահանման օրերին տեղի ունեցած պայթյունին վերաբերվող հարցեր՝ ամենայն մանրամասնությամբ. «Այնպիսի հարցեր ենք քննարկել, որոնք հանրային քննարկման ենթակա չեն»:

Հարցին՝ պարզվե՞ց, թե Դավիթ Բաբայանին ո՞վ է մեքենայով ուղեկցել Շուշի, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ Շուշի չեն ուղեկցել ու այդ դրվագը ևս մանրամասն քննարկվել է:

Քննարկվել են նաեւ Արցախի նախագահների գերեվարման հանգամանքներն ու դրվագները, թե ինչպե՞ս է պարոն Շահրամանյանին հաջողվել ինքնաթիռով հասնել Հայաստան, իսկ մյուս նախագահներին՝ ոչ, բայց որեւէ մանրամասն՝ չնայած լրագրողների խաչաձեւ հարցերին, Անդրանիկ Քոչարյանը չհայտնեց: Նա հայտարարեց, որ երբ հանձնաժողովի եզրակացությունը պատրաստ կլինի, դրա բաց մասը հասանելի կլինի եւ հանրությունը կծանոթանա:

44-օրյա պատերազմի շրջանում ՊԲ-ն ղեկավարած Ջալալ Հարությունյանը կհարցաքննվի՞ հանձնաժողովում, թե՝ ոչ, դեռ հայտնի չէ: Եթե մինչեւ դեկտեմբերի 3-ը՝ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը լրանալը, հնարավոր եղավ, նա կհարցաքննվի: Իսկ մինչ այդ, Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 27-ին հանձնաժողովում կհարցաքննվի ՊԲ Հադրութի դիվիզիայի հրամանատարը: 29-ին հանձնաժողովը ևս հրավիրյալներ կունենա:

«Ամսի 29-ի հրավիրյալը ձեզ բոլորիդ կհետաքրքրի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ չմանրամասնելով նրա ով լինելը: ԱՀ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն էլ ցանկություն ունի քննիչ հանձնաժողով գնալու: Իսկ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն, որը հրաժարվել էր մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, ըստ Անդրանիկ Քոչարյանի, չմասնակցելով, իր պարբերական հայտարարություններում բավականին շատ բացահայտումներ է արել:

Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հանձնաժողովն այս պահին տիրապետում է տեղեկությունների, որոնք որեւէ այլ քննչական մարմին չի տիրապետում: Նա վստահ է, որ հանձնաժողովի զեկույցից հետո բազմաթիվ քրեական գործեր են լինելու եւ տեղեկացրեց, որ Սամվել Շահրամանյանն էլ է խնդրել շատ հարցերի իրավական ընթացք տալ:

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ ասել էր, որ հանձնաժողովը դեռ մեկ ամիս ունի մինչև լիազորությունների ավարտը, և իրենք մտադիր են Սամվել Շահրամանյանին հրավիրել, որ գա և պատասխանի իրենց հարցերին։ Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Շահրամանյանն ընդունել է Քոչարյանի՝ ԱԺ քննիչ հանձնաժողով գնալու և ցուցմունք տալու առաջարկը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930