Լրահոս
Օրվա լրահոսը

«Առնվազն երեք անգամ կարող էինք իշխանությանը հեռացնել, բայց ընդդիմությունը չկարողացավ ղեկավարել այդ շարժումը, արդյոք ընդդիմության խորհրդարանում մնալը լեգիտի՞մ է»․ Ռուբեն Հակոբյան

Նոյեմբեր 24,2023 15:59

«Դահլիճում նստած քաղաքացիներից շատերը հասկանում են, որ այս նախագծի ընդունումն այս պահին գործնականում որեւէ նշանակություն չի կարող ունենալ, որովհետեւ այս օրհասական պահին, երբ իսկապես բավական ծանր վիճակում է հայտնվել Հայաստանը, մենք նախ պետք է փրկենք, ունենանք պետություն, որպեսզի հետագայում այս նախագծերն իրականացնենք»,- այս մասին ««Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

Նա նշեց, որ այսօր խոսում ենք հետեւանքի մասին։ «Վաղը կարող է հետեւանք լինել նաեւ այն, որ այսօր բանակցում են, որպեսզի Արարատ լեռան նշանը մեր զինանշանից հանվի։ Իսկ պատճառը բոլորս գիտենք՝ քանի դեռ այս ազգակործան պատուհասը իշխանության է, մենք միշտ այսպիսի հետեւանքներ ենք ունենալու: Եվ թիվ մեկ խնդիրը՝ անենք ամեն ինչ, որպեսզի հեռացնենք նրան իշխանությունից։ Ընդ որում՝ հեռացնենք բոլոր միջոցներով, որովհետեւ հակասահմանադրական վիճակով այսօր ինքը պահում է իշխանությունը։ Սահմանադրական մեր իրավունքը՝ միջազգային նորմերի համաձայն, նաեւ սա է՝ եթե քո իրավունքը ոտնահարվում է օրվա իշխանության կողմից, դու կարող ես ցանկացած միջոցով նրան հեռացնել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։

Նա մեջբերեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությունը, որ այս իշխանությունը լեգիտիմ չէ։ «Բացարձակ կողմ եմ, բայց, բարեկամս, արդյոք քննարկե՞լ եք, լեգիտի՞մ է այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը։ Նրանք, այո, ոչ մի խոստում չկատարեցին։ Ընդդիմությունը, որի քարոզչությանը ես շատ ակտիվ մասնակցել եմ, եկել էինք, որ այս դավաճաններին օր առաջ հեռացնեինք, փրկեինք Արցախը, Հայաստանը։ Ի՞նչ է արել ընդդիմությունը։ Պետք է խնդրեմ, որ քննարկեք այդ հարցը՝ արդյոք այսօրվա ընդդիմության խորհրդարանում մնալը լեգիտիմ է, թե՞ ոչ։ Մի այսպիսի նիկոլական ստորագրություն ենք որդեգրել՝ մենք քննադատում ենք նրանց, որ ամեն ինչ գցում են նախկինների վրա։ Այդ նույնը մենք ենք անում, ամեն ինչ գցում ենք Նիկոլի վրա։ Նա արժանի է, իսկապես ազգակործան վնասակար կերպար է, բայց նաեւ մենք ենք թույլ տվել, որ նա շարունակի իշխել։ Առնվազն երեք անգամ մենք կարող էինք հեռացնել նրանց, ընդդիմությունը չկարողացավ ղեկավարել այդ շարժումը։ Մեզ պետք է ընդդիմություն, որն անկեղծ կլինի»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։

Նա հավելեց․ «Ինձ համար վիրավորական է, երբ այստեղ նստած ԱԺ նախագահին ասում եք՝ պարոն Սիմոնյան։ Միջազգային մամուլը գրոտեսկով ծիծաղեց մեզ վրա, երբ գրեց, որ ԱԺ նախագահը թքել է քաղաքացու վրա եւ որեւէ պատասխանատվության չի ենթարկվել։ Ես մտածում էի, որ երբ ինքը ներս մտավ, այստեղի նստածները պետք է վեր կենային ու թքեին իր դեմքին։ Ճշգրիտ համարժեք պատասխանը դա էր։ Եվ պատահական չէ, որ երկու օր առաջ ձեռ էր առնում, ասում էր՝ մենք համերաշխ իրար հետ աշխատում ենք»։

Հակոբյանն ասաց, որ մենք մեր դավաճաններին պատժել չգիտենք, երբ կսովորենք պատժել, դավաճաններ քիչ կունենանք։ «Որպեսզի Արցախի մասին խոսենք, «Հայաքվեի» մասին խոսենք, պետք է փրկենք մեր պետությունը, մեր պետությունը կործանվում է այսօր։ Ես չեմ ուզում բայղուշություն լինի, բայց «խաղաղության խաչմերուկը» վերածվել է որբի խաչմերուկի, որտեղ թե դաշնակից, թե հակառակորդ, թե թշնամի օրվա ցանկացած ժամին ինչ անբարոյականությամբ ասես զբաղվում է։ Պետք է շատ լուրջ ընդդիմություն ձեւավորվի, պետք է անկեղծ խոսել ժողովրդի հետ, ժողովուրդը պետք է տեսնի, որ իր հետ անկեղծ են խոսում, ձեւեր չեն թափում»,- ընդգծեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930