Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրակարգային հարցերի թվում էր անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման կարգավորումների բարեփոխման նախաձեռնությունը

Նոյեմբեր 24,2023 16:04

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ և ՎԶԵԲի-ի Հայաստանի ներդրումային խորհրդի համակարգմամբ` նոյեմբերի 24-ին կայացավ ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։

Օրակարգային հարցերը երկուսն էին. ՍՊԸ բաժնեմասի կամ Բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխարկելի փոխառության պայմանագրի վերաբերյալ իրավական կարգավորումների ներդրման և անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման կարգավորումների բարեփոխման նախագծերը:

Հայաստանի Հանրապետությունում 31.12.2022թ. դրությամբ գրանցված 82236 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից շատերի դեպքում ֆինանսական միջոցների ներգրավումն իրականացվում է պարտքային գործիքներով` հաճախ մասնակիցների կողմից տրված փոխառությունների միջոցով:

-Նման ֆինանսական ներդրումներ կատարելիս մասնակիցները հաճախ ցանկանում են հետագայում` ընկերության ֆինանսական վիճակի բարելավման դեպքում այդ ներդրումը վերածել բաժնեմասի, այլ ոչ ստանալ փոխառության գումարի վերադարձ` դրամի տեսքով, նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը:

ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի իրավախորհրդատու Հայկ Մալխասյանն էլ հավելեց, որ այժմյան օրենքները նման հնարավորություն չեն ընձեռում, ինչի պատճառով էլ մշակված նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան:

Խոսելով անհուսալի դեբիտորական պարտքի կարգավորումների մասին՝ «Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Հայկազ Ֆանյանը ներկայացրեց ոլորտի առկա իրավիճակը:

-Ներկայումս, եթե շահութահարկ վճարող տնտեսավարողը դուրս է գրում հարկային հաշիվ և սահմանված ժամկետում գործընկերն այն չի վճարում, որոշակի ժամանակ անց տնտեսավարողը կարող է`

  • Մինչև 100 հազար ՀՀ դրամ գումարի դեպքում այդ չափով նվազեցնել շահութահարկի բազան և չվճարել շահութահարկ․
  • 100 հազար ՀՀ դրամը գերազանցող ընդհանուր գումարի դեպքում մեկ տարվա ընթացքում այդ գումարի որոշակի չափով (մինչև 75%) նվազեցումներ անել շահութահարկի բազայից (վճարման ենթակա շահութահարկից):

Մեկ տարին լրանալուց հետո 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով պարտքը համարվում է անհուսալի, եթե առկա է տնտեսավարողի կողմից դատարան դիմելու և դատարանի կողմից գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։ Նման ակտ չլինելու դեպքում գումարը պետք է հարկվի։

ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի ավագ տնտեսագետ Դավիթ Աղաջանյանը խոսեց նոր կարգավորումների մասին.

-Առաջարկվում է վերանայել այս կարգավորումը` սահմանելով, որ դատարան դիմելու անհրաժեշտությունը բացակայում է ոչ թե 100 հազար ՀՀ դրամը չգերազանցող, այլ 300 հազար ՀՀ դրամը չգերազանցող պարտավորությունների դեպքում` ելնելով գնաճի և դատական ծախսերի հետևանքների չեզոքացման անհրաժեշտությունից, ինչպես նաև այդ գումարը գերազանցող պարտավորությունների դեպքում, որպես կանոն, բավարար լինի դատարան դիմելը և դատարանի կողմից գործը վարույթ ընդունելը:

ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից մշակված և ՓՄՁ ենթախորհրդի նիստի ժամանակ ներկայացված օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթները ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից կդրվեն շրջանառության մեջ` նախագծերի հաջորդիվ քննարկումները փոխվարչապետի գլխավորությամբ իրականացնելու համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930