««Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է ԱԺ պատգամավորների երդման տեքստը։ Նա կարդաց այդ տեքստը։ «Բոլոր պատգամավորները տվել են այս երդումը՝ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման եւ բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները․․․»։ Երբ մենք խոսում ենք լեգիտիմությունից, որ նախընտրական ծրագրում եղել են որոշակի խոստումներ, որոնք պետք է իրականացվեն, եթե չեն իրականացվում, մանդատը պետք է վայր դրվի, դա շատ կարեւոր է ժողովրդավարության համար։ Բայց էլ ավելի կարեւոր է Սահմանադրությանը հետեւելը եւ Սահմանադրությունը չխախտելը։ Չի կարող լինել նախընտրական ծրագիր, որի շրջանակներում ծրագիր լինի, որ՝ ես գալու եմ, Սահմանադրությունը խախտեմ, հետո ասել՝ ես լեգիտիմ եմ, հետեւաբար, կարող եմ Սահմանադրությունը խախտել։ Չի կարող լինել իրավիճակ, որ ասենք՝ Սահմանադրությունն ու հիմնադիր փաստաթղթերն էական չեն, քանի որ իրավիճակ է փոխվել։ Շատ կարեւոր է հստակ իմանալ, որ Սահմանադրությունը մի փաստաթուղթ է, որը պետք է ոչ թե քննարկել ու մեկնաբանել, այլ դրանով առաջնորդվել»,- ասաց նա։
Ըստ Օրբելյանի՝ ՀՀ Սահմանադրությունը հղում է անում Անկախության հռչակագրին, Անկախության հռչակագիրը հղում է անում 1989 թվականի վերամիավորման որոշմանը։ «Վերամիավորման որոշումն ուղղակիորեն ասում է, որ ՀՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման փաստը։ Անընդհատ հղում են անում Ալմա-Աթայի հռչակագրի վրա՝ նշելով, որ հռչակագիրը որեւէ ձեւով սահմանափակում է մեզ՝ ինչ-որ գործընթաց անելու, որովհետեւ 1991 թվականին ճանաչվել է։ Բոլորին կոչ եմ անում կարդալ 1991 թվականի փաստաթուղթը։ Միակ ձեւակերպումը, որը կարելի է փորձել ասել, որ դրան է վերաբերվում, այդ ձեւակերպումն ասում է հետեւյալը՝ հարգում են ճանաչված սահմանները։ Ճանաչված սահման Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այն հատվածով, որտեղով այսօր անցկացվում է, չկար, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունն անկախություն հռչակել է Արցախի հետ միասին։ Եվ Արցախի անկախ կարգավիճակը եղել է բանակցային գործընթացի, փոխզիջման տարբերակ։ Եվ սա է միակ ճշմարտությունը, որը պետք է իմանան բոլորը»,- նշեց նա։
Հետեւաբար, ըստ Օրբելյանի, այս օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ Սահմանադրությունից, դա բխում է բոլոր պատգամավորների տված երդումից։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ