Նոյեմբերի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր:
Գոհունակությամբ նշվել է բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների կողմից ակտիվ ներգրավվածության և տարբեր ուղղություններով ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման ուղղությամբ թիրախային, գործուն քայլեր իրականացնելու պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև այլ առանցքային բնագավառներում արձանագրված ձեռքբերումների և առկա հեռանկարների շուրջ:
Երկուստեք արժևորվել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը, ընդգծվել է հետագա ակնկալվող դինամիկան: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ԵՄ հետ ՀՀ գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և դրա հետագա հարստացումը միտված է ՀՀ քաղաքացիների, հասարակության համար էական, շոշափելի արդյունքների ապահովմանը:
Կարդացեք նաև
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և տարածաշրջանում հարատև կայունության հաստատման տեսլականին, դրա իրականացմանը միտված, այդ թվում՝ ԵՄ ներգրավվածությամբ և աջակցությամբ տարածաշրջանային ծրագրերին:
ՀՀ ԱԳՆ