Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ կան, ասում են՝ աաա՜, մոռացա՞ր ինչ էիր ասում, ո՛չ, ոչ մի բան էլ չեմ մոռացել». Փաշինյանին հարցնում են՝ ե՞րբ են պատասխան տալու Քոչարյանը, Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը

Նոյեմբեր 24,2023 13:37

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանում է Հայաստանի եւ սփյուռքի քաղաքացիների՝ տեսագրությամբ նախապես ուղարկված հարցերին:

Գերմանիայից Արսեն Հարությունյան ներկայացած մի քաղաքացի Փաշինյանին հարցրեց. «Ժողովուրդը ձեզանից ակնկալում էր, որ արդարությունը կվերականգնվի եւ բոլոր հանցագործները պատասխանատվություն կկրեն: Հայաստանում բոլորիս հայտնի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը եւ մի շարք այլ մարդիկ, ովքեր Հայաստանից փախած են, գտնվում են ՌԴ-ում՝ Կրեմլի հովանու ներքո (հիշեցնենք, որ քաղաքացու թվարկած այս բոլոր գործիչները Հայաստանում են․-խմբ․), այս մարդիկ բոլորն անցնում են քրեական գործերով եւ մինչ օրս չկա որեւէ օրինական դատավճիռ: Ձեր ասած պողպատե մուրճը չի գործում, պարոն վարչապետ: Ե՞րբ են պատասխան կրելու նշված անձինք, արդյոք կրելո՞ւ են, թե՞ ոչ, արդյոք պատասխան կրել՝ նշանակում է մի քանի մլրդ դոլարից 80-100 մլն մուծել պետբյուջե եւ չգնալ բանտ, չազատազրկվել: Դա՞ է արդարությունը, եթե նման ձեւով եք կարծում, որ պետք է վերականգնեք արդարությունը, ապա դա չի ստացվելու: Մինչեւ բոլոր հանցագործները չհայտնվեն ճաղերի հետեւում, արդարությունը չի կարող վերականգնվել»:

Փաշինյանը պատասխանեց. «Ամենամեծ հետեւությունը մեր այն է, որ ՀՀ քաղաքացիների ամենակարեւոր պահանջը արդարությունն է, որ երկրում լինի արդարություն: Պիտի խոստովանեմ, որ կա այդպիսի ըմբռնում, որ մի շարք քրեական կամ ոչ քրեական գործեր մարդիկ ընկալում են ինդիկատոր: Մարդկանց մի խմբի համար դա ցուցիչ է: Եթե այդ մարդիկ ազատության մեջ են, ուրեմն ՀՀ-ում արդարություն չկա»:

Փաշինյանն ասաց, որ հեղափոխությունից հետո եթե գնային ու անեին այն, ինչ մարդիկ էին ցանկանում, դա գուցե կլիներ «սրտի հովանք», բայց այդ պարագայում հիմա շատ ավելի մեծ պրոբլեմ կունենային. «Երկրում պետական ինստիտուտների ջախջախված լինելու փաստի առաջ կկանգնեինք: Ես միշտ այդ օրակարգն ընդունել եմ, որ երկրում պետք է լինի արդարություն: Բայց միեւնույն ժամանակ այդ արդարությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, ոչ թե մենք ժողովրդով, խորհրդարանով գնանք եւ իրագործենք այդ արդարադատությունը…Ես չեմ կարող վճռել: Ոչ թե չեմ կարող քաղաքական վճռականության պակասի իմաստով, այլ ընդհանրապես իշխանության ամենակարեւոր հատկությունը պետք է լինի զսպվածությունը եւ ինքդ քեզ սահմանափակելու կարողությունը: Իմ քաղաքական անցած ճանապարհն էլ գիտեք, իմ կենսագրությունն էլ, ելույթներն էլ գիտեք, իմ գնահատականներն էլ գիտեք: Բայց այլ բան է, երբ դու ընդդիմադիր քաղաքական գործիչ ես, կամ հեղափոխական, հեղափոխության առաջնորդ, այլ բան է, երբ որ դու վարչապետ ես: Երբ դու վարչապետ չես, դու կարող ես անել ցանկացած բան, ինչը արգելված չի օրենքով: Երբ որ վարչապետ ես կամ պաշտոնյա, դու կարող ես անել միայն այնպիսի բաներ, որոնց համար լիազորված ես: Մարդիկ կան, ասում են՝ աաա՜, մոռացա՞ր ինչ էիր ասում, ո՛չ, ոչ մի բան էլ չեմ մոռացել: Այլ բան է, որ այն ասելու ժամանակ ես մարդ էի, որն իրավունք ուներ անել ցանկացած բան, որն արգելված չի օրենքով, իսկ հիմա ես մարդ եմ, որը կարող է անել միայն այպիսի բաներ, որոնք թույլատրված են օրենքով»:

Վարչապետն ասաց, որ ինքը չի կարող դատավճիռներ կայացնել, պետք է լինեն ինստիտուտներ դրա համար, ոչ թե անուններ տան ու ասեն՝ սրան դատել, սրան՝ չդատել, սրան՝ այսքան, նրան՝ այնքան. «Հանցագործները մեկ է, չեն փախնի ոչ մի տեղ: Նրանք անխուսափելիորեն կարժանանան իրենց պատժին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930