Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում պատասխանում է Հայաստանի եւ սփյուռքի քաղաքացիների՝ տեսագրությամբ նախապես ուղարկված հարցերին: Շուրջ 500 հարց են ստացել:
Քաղաքացիներից մեկը՝ Սնեժանա Այվազյանը, որը ներկայացավ Արցախից, ասաց, որ 2023-ի սեպտեմբերին բռնի տեղահանվելուց հետո ընտանիքի հետ ապրում է Սյունիքի մարզում, վարձով բնակարան գտնելուց հետո լուրջ խնդրի է բախվել, երբ փորձել է աշխատել. «Քանի որ մասնագիտությամբ իրավաբան եմ, դիմել եմ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Փորձաշրջան անցնելուց հետո հանձնել եմ թղթերս, բայց խոչընդոտ է հանդիսացել ինձ համար ՀՀ քաղաքացիության բացակայությունը: Դիմել եմ անձնագրային բաժին, քանի որ աշխատանքս ինձ համար կարեւոր էր, բայց ինձ պատասխանել են, որ գործընթացը տեւելու է 90 օր եւ ավելի: Ես իհարկե, պատրաստ եմ սպասել, բայց այդ աշխատատեղը թափուր չի մնալու»:
Նա առաջարկում էր կա՛մ այնպես կազմակերպեր, որ հանրային ծառայություններում աշխատել ցանկացող արցախցիները մինչեւ քաղաքացիության ձեռքբերման գործընթացի ավարտը աշխատեն պայմանագրային հիմունքներով, կամ այնպես անել, որ ավելի սեղմ ժամկետում քաղաքացիություն ձեռք բերեն:
Փաշինյանը պատասխանեց, որ մինչեւ 90 օր կարգավորումը օրենքի պահանջ է. «Մենք կառավարությունում քննարկում ենք ունեցել, հանձնարարական եմ տվել, որ ԼՂ-ից տեղահանված մեր քույրերի ու եղբայրների քաղաքացիության ձեռքբերումը տեղի ունենա արագ»:
Կարդացեք նաև
Փաշինյանն ասաց, որ նրանց համար, ովքեր արդեն դիմել են հանրային ծատայության պաշտոններում աշխատելու համար, կհանձնարարի, որ ավելի արագ իրենց հարցը լուծվի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ