«Վերջին տարիներին մենք ապրում ենք քաոսի եւ իրավական ամենաթողության պայմաններում։ Իշխող վարչախումբը, թեեւ առերեւույթ իշխանության է եկել ժողովրդավարական ճանապարհով, սակայն իր գործողություններով շարունակաբար այդ ժողովրդավարության բուն հիմքերն է ոտնահարում»,- «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը։ Ըստ նրա՝ գործող իշխանությունն ամենուրեք փորձում է իրեն վեր դասել Սահմանադրությունից եւ օրենքներից, իր կամքը պարտադրել պետությանն ու քաղաքացիներին՝ իրեն փոխարինելով պետության հետ։
«Այստեղ առավել աղետալին Սահմանադրության բուն հիմքերի եւ մեր անկախության հռչակագրում ամրագրված հիմնարար ազգային նպատակների շարունակական ոտնահարումն է, ներառյալ Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերը։ Իշխող վարչակարգը, որպեսզի քողարկի իր ձախողումները, հրաժարվել է մեր անկախության եւ սահմանադրական կարգի այս հիմնաքարերից՝ չունենալով, սակայն, դրա հանրային մանդատը եւ փաստացի բռնանալով սեփական քաղաքացիների հավաքական կամքի վրա։ Արդյունքում՝ այսօր ունենք մի իրավիճակ, երբ իշխող վարչակարգի վարած քաղաքականությունը բերել է Արցախի հայաթափմանը եւ նրա՝ տասնամյակներով ձեւավորված պետական կառույցի փաստացի կազմալուծմանը։ Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը մոռացության է մատնված ՀՀ կողմից, բազմաթիվ սփյուռքահայ գործիչների մուտքը Հայաստան արգելված է, իսկ հայաստանաբնակ բազմաթիվ գործիչներ էլ հայտնվել են բանտերում՝ այս նույն օրակարգի համար պայքարելու համար։ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի բազմաթիվ հատվածներ այսօր օկուպացված են, եւ դրանք ազատագրելու, սահմանադրական սեփական պարտքը կատարելու փոխարեն՝ այս իշխանությունը շարունակում է խոսել նոր տարածքային զիջումներից, որպեսզի երկիրը վերածի ինչ-որ անհասկանալի «խաղաղության խաչմերուկի»,- ասաց նա։
Չալաբյանը նշեց, որ այս իշխանությունը ելնում է մի պարադոքսալ կանխավարկածից, որ մեր քաղաքացիներն ամեն բանի կարող են համակերպվել։ Սակայն, նրա խոսքով, դա այդպես չէ։ «Ցավն ու վիշտը, իսկապես, շատերին կարող է մատնել հուսալքության, բայց շատերիս համար էլ դառնում է լրացուցիչ խթան՝ ոտքի կանգնելու, իրար թեւ ու թիկունք դառնալու, էլ ավելի մեծ վճռականությամբ պայքարելու ազգային արժանապատվության եւ մարդկային իրավունքների համար։ Եվ հենց այդ նպատակով ենք մենք ասպարեզ բերել «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը։ Մենք այս նախաձեռնությամբ ցանկանում ենք հստակ պատասխանատվություն սահմանել՝ մեր Սահմանադրությունը ոտնահարելու, հանուն սեփական իշխանության՝ հայրենիքն ուրանալու, նախորդ սերունդների արյունով ու քրտինքով ստեղծածն ու պահածը թեթեւամտորեն թշնամուն նվիրաբերելու համար»,- հավելեց նա։
Ըստ Չալաբյանի՝ այս ԱԺ բոլոր երեք խմբակցությունները 2021 թվականին ընտրվել են Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու նախընտրական ծրագրերով։ «Այսօր իշխող ուժը պարտավոր է եւս մեկ անգամ վերահաստատել իր նախընտրական հանձնառությունները, այլապես ներկա կառավարությունը լեգիտիմ չէ եւ պետք է հրաժարական տա։ Եվ Ազգային ժողովը կամ պետք է ընտրի նոր կառավարություն, կամ այս Ազգային ժողովը եւս պետք է ցրվի, եւ նոր ընտրություններ պետք է անցկացվեն։ Մեզ հաճախ առարկում են, որ այսօր առկա է աշխարհաքաղաքական իրողության փոփոխություն, եւ ներկայիս իշխանությունը գործում է ուժային հակադրանքի պայմաններում։ Եթե նույնիսկ այդպես է, արտաքին իրողությունները հավերժ չեն, եւ նրանց ճնշման ներքո սեփական հայրենիքից անվերադարձ հրաժարվելն իրապես հանցանք է։ Եթե նույնիսկ այս իրողություններ այսօր մեզ դիվանագիտական ճկունություն են պարտադրում, դա չպետք է լինի մեր ժողովրդի հիմնարար իրավունքներից իսպառ հրաժարվելու ճանապարհով, առավել եւս, որ դա միայն գրգռում է մեր թշնամիների ախորժակը։ Իրականում այսօր աչք փակելով Արցախի մեր հայրենակիցների հայրենազրկման ու ունեզրկման վրա՝ մենք միայն ճանապարհ ենք բացում մեր ազգի հետագա բարոյալքման, մեր դիմադրողականության անկման, արդյունքում՝ նորանոր կորուստների եւ ի վերջո մեր անկախ պետականության անվերադարձ կորստի համար։ Միայն սեփական ազգային արժանապատվության եւ մարդկային իրավունքների համար վճռական պայքարի շարունակումն է ի զորու մեր երկիրը հանել այս խորագույն ճգնաժամից»,- հայտարարեց Ավետիք Չալաբյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ