«Մենք անընդհատ ականատես ենք լինում, որ «ազգի դավաճաններ» են կարգվում։ Երեկ էլ հեռուստատեսությամբ հայտարարվեց, որ նորից ձերբակալվել են Արցախում դիրքերը լքած զինծառայողներ։ Սա ի՞նչ է նշանակում։ Եթե գործող իշխանությունը հայտարարել է Արցախն Ադրբեջանի կազմում, բայց շարունակում է Արցախի համար կռված մարդկանց նետել բանտեր, սա ի՞նչ է, հային հայի աչքում նսեմացնելու, վախի մթնոլորտ սերմանելո՞ւ, թե՞ մարդկանց բանտերը նետելու մոլուցք է»,- «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հարցրեց «Միասին» շարժման անդամ Ժասմինա Ղեւոնդյանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ի պատասխան ասաց․ «Ակնհայտ երկու ուղերձ կա այս իրենց վարքագծի մեջ։ Առաջինը այն է, որ այս մարդիկ հետեւողականորեն պայքարում են ազգային նպատակների համար պայքարած անձանց ամեն գնով վնասելու, նրանց ճնշելու, ազգային ոգին կոտրելու ուղղությամբ։ Երկրորդը, նաեւ հաճախ իրենց հանցագործությունները թաքցնելու նպատակով։ Ես այն մարդն եմ, որը փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի հետ հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի պետական դավաճանության առերեւույթ հանցագործության մասին հաղորդումով։ Հասել ենք մինչեւ վճռաբեկ դատարան։ Այստեղ կա մարդու հիմնարար իրավունքների խախտում, եւ ցանկացած ժամանակ, երբ իշխանափոխություն տեղի ունենա, նաեւ միջազգային դատական ատյաններում այս հարցը գնալու է առաջ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև