Վերաքննիչ վարչական դատարանը թիվ ՎԴ/8860/05/20 վարչական գործով 2023 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ, գնահատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 336-Ա որոշման իրավաչափությունը, կաթնային ճարպի փոխարինիչով մթերքների վերաբերյալ ձևավորել է հետևյալ կարևոր մոտեցումները.
- «Պանիր» անվանումով ապրանքը չի կարող պարունակել բուսական յուղ․
- Կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքի սպառողական փաթեթվածքի վրա պետք է նշվի բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվություն․
- Արտադրողը կրում է ապրանքի մակնշման մեջ դրանում բուսական յուղի առկայության հանգամանքը պարտադիր կերպով զետեղելու պարտականություն․
- Մթերքում բուսական յուղերի առկայության մասին տեղեկատվությունը պետք է զետեղվի փաթեթվածքի կամ պիտակի վրա հատուկ հատկացված տեղեկատվական դաշտում՝ այդ տեղեկատվական դաշտի գույնին հակադիր գույն ունեցող տառատեսակով․
- Մթերքը որպես պանիր մակնշելը և իրացնելն այն դեպքում, երբ դրանում առկա է բուսական յուղ ինքնուրույն բաղադրամաս, և «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով վերջինս «պանրի տեխնոլոգիայով արտադրված՝ կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք» է, և ոչ թե պանիր, պարունակում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովը հիշատակված որոշմամբ «Ոսկե Սեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից արտադրված ապրանքը որպես «պանիր» մակնշելն այն դեպքում, երբ այն պարունակել է բուսական յուղ և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի իմաստով չի համարվել «պանիր», որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և նշանակել է տուգանք շուրջ 5 000 000 դրամի չափով։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Կարդացեք նաև