«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին» ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մեջբերումներ արեց խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից։ Մեջբերումները վերաբերում էին Արցախի հիմնախնդրի լուծմանը։
«ԱԺ-ում ներկայացված երեք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում կարմիր թելով անցնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը։ Եվ բոլոր քաղաքական ուժերը հայտնել են իրենց պատրաստակամությունը, վճռականությունը՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անվտանգությունը, եւ որ ամենակարեւորն է՝ բոլոր ջանքերը պետք է գործադրեն՝ դրան հասնելու համար։ Այսօր մենք ունենք մի իրողություն, երբ Արցախը հայաթափված է, ադրբեջանական վանդալիզմն ամեն օր ակնառու երեւում է նաեւ զավթված տարածքների մշակութային արժեքների, մեր հայրենակիցների գերեզմանների, սրբատեղիների նկատմամբ։ Եվ մենք արձանագրում ենք, որ հանգել ենք այս իրավիճակին, որովհետեւ իշխող քաղաքական ուժը 2021 թվականին իր տված խոստումները ոչ միայն հետեւողական չի կատարել, ձախողել է, այլ արել է ուղիղ հակառակը։ Եվ բնական հարց է առաջանում՝ այս իրավիճակում, եթե իշխող մեծամասնությունը դեմ է արտահայտվելու «Հայաքվեի» նախաձեռնությանը, որն ուղղված է հենց Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը եւ հավելյալ հնարավորություն է միջազգային հարթակում առաջ տանելու մեր ազգային դատը, ի՞նչ գնահատականի նա պետք է արժանանա նաեւ մեր ժողովրդի կողմից։ Այն ժողովրդի, որը գործուղել է իրենց խորհրդարան»,- ասաց Մինասյանը։
Ըստ նրա՝ եթե քաղաքացիական նախաձեռնության առաջադրած օրինագծի վերաբերյալ խորհրդարանում ներկայացված ուժերն արտահայտում են բացասական դիրքորոշում, ուրեմն նրանք լեգիտիմ չեն, գործում են հանցագործություն հայ ժողովրդի նկատմամբ։ Նրանք նաեւ սահմանադրական առումով զրկվել են այդ ժողովրդին ներկայացնելու իրավունքից։ Կամ, ըստ Մինասյանի, պետք է առաջարկեն այլ միջոց՝ իրենց տված խոստումներն իրականացնելու համար, կամ պարզապես պետք է հեռանան։ «Հրաժարական եւ հեռացում, որովհետեւ երբ որ դու քո նախընտրական խոստումը ձախողել ես, տապալել ես, նոր սպառնալիքներ ես ստեղծել, ուրեմն, ելքը հեռացումն է։ Հեռացում՝ առհասարակ քաղաքական պայքարից, այն լծակներից, որոնց տիրապետում եք այսօր ու մեր ժողովրդին տանում հերթական փորձությանը։ Հայաստանը ներկայացնող անձինք նույնիսկ վախենում են հիմա Արցախ բառն օգտագործել, էլ ուր մնաց Արցախի ինքնորոշման իրավունք, Արցախի Հանրապետություն, հետեւաբար, նրանց հեռացումն անխուսափելի է դառնում։ Նրանց հեռացումը միակ ելքն է ՝ այս աննորմալ շրջապտույտից դուրս գալու»,- ասաց Մինասյանը։
Նրա խոսքով՝ նոր իշխանությունը պետք է ձեւավորվի ընտրությունների միջոցով։ «Այստեղ նստածներից որեւէ մեկը չի մտածում, որ պետք է իշխանություն զավթվի։ Ճանապարհները տարբեր են՝ սկսած պառլամենտում նոր ժամանակավոր կառավարություն ձեւավորելուց, մինչեւ նոր ընտրությունների անցկացումը, ավարտված նրանով, որ հեռանում են անձինք, ովքեր տապալել են այս քաղաքականությունը, եւ անցկացվում է այնպիսի ընտրություն, որը հավասար պայմաններով մեր ժողովրդին հնարավորություն է տալիս ձեւավորել նոր քաղաքական ղեկավարություն, նոր պառլամենտ՝ ազգային նկարագրություն ունեցող իշխանությամբ»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հայաստանի 50 հազարից ավելի քաղաքացի Ազգային ժողով օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով պահանջում է քրեականացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելն ու Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։
Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ «Հայաքվե»-ի օրենսդրական նախաձեռնությունն ու այս հայտարարության նախագիծը ԱԺ-ում ենթակա են քննարկման ԱԺ պետաիրավական հանձնաժողովում։ Քննարկումը լինելու է դեկտեմբերի 4-ին, եթե հանձնաժողովը չտա դրական եզրակացություն, դեկտեմբերի 5-ին խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ ընդգրկվելու համար նախագծերը պետք է քվեարկվեն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ