Լրահոս
Օրվա լրահոսը

 Ռիչարդ Կիրակոսյան. Վտանգ կա, որ Ադրբեջանը կշարունակի հույսը դնել միայն ռազմական ուժի վրա․ «Հրապարակ»

Նոյեմբեր 24,2023 11:47

Զրուցել ենք Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ։

Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած փորձ բացասաբար կանդրադառնա Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունների վրա՝ հայտարարում է ԱՄՆն։ Կոնգրեսում ԼՂ հարցով լսումների ժամանակ էլ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս ՕԲրայենը հայտարարեց, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին (դրան հաջորդեց Սենատի հայտնի որոշումը՝ ՀՀ պաշտպանության ակտի մասով) եւ մի շարք կարեւոր այցեր է չեղարկել։ Ըստ Ձեզ, որքա՞ն կշարունակվի ԱՄՆի այս ճնշումը եւ ի՞նչ արդյունքների կբերի։

– Վաշինգտոնի համար Հայաստանն առանձնանում է որպես վստահելի գործընկեր եւ ողջունվում է որպես կենսունակ ժողովրդավարություն, որն օժտված է լեգիտիմության հազվագյուտ բրենդով՝ երկու՝ իրար հաջորդող իսկապես ազատ եւ արդար ընտրություններով: Սա Հայաստանի իշխանությանը միայն ավելի գրավիչ է դարձնում Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի համար։ Սա նաեւ ցույց է տալիս, որ Հայաստանի ժողովրդավարական հավատարմագրերն այժմ շատ ավելի ամուր եւ դիմացկուն են, քան կարող էր թվալ։ Իսկ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության համար 2020-ի պատերազմը եւ ադրբեջանական վերջին հարձակումն ու ռազմական հաղթանակը երկու վտանգավոր նախադեպ են ներկայացնում։ Նախ՝ որպես ուժի կիրառման թվացյալ վավերացում եւ, երկրորդ՝ որպես ավտորիտար իշխանության հաղթանակ ժողովրդավարության նկատմամբ։ Վերջին համատեքստում սա նաեւ ընտանեկան, կոռումպացված բռնապետության հաղթանակ էր:

Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը մեկ անգամ եւս կողմերին կոչ է արել նստել ուղիղ բանակցությունների՝ հանուն արժանապատիվ եւ կայուն խաղաղության։ Նաեւ նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նպաստել այդ բանակցություններին՝ միաժամանակ ողջունելով գործընթացին նպաստելու այլ երկրների ջանքերը, այսինքն՝ նույն եվրոպական հարթակը։ Համոզի՞չ է այս ուղերձը, եւ, ի վերջո, կհամաձայնի՞ Բաքուն դրան՝ հաշվի առնելով, որ արդեն հայկական կողմին առաջարկել է հանդիպում անցկացնել հայադրբեջանական սահմանին։

– Չնայած այն ամենին, ինչ տեղի է ունեցել, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ դիվանագիտական բանակցությունների վերսկսման ակնկալիքներ կան: Այս ակնկալիքը հիմնված է այն փաստի վրա, որ գործընթացը վաղուց եղել է առանձին, նկատի ունեմ առանձին Լեռնային Ղարաբաղից։ Իսկ խաղաղության պայմանագիրը երկկողմ միջպետական պայմանագիր է, որը նույնպես անջատված է ղարաբաղյան հակամարտությունից։ Սակայն Ադրբեջանի կողմից Հայաստանի հարավի դեմ հերթական էսկալացիայի եւ ռազմական հարձակումների փուլի իրական վտանգ կա: Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը հզորացել է իր վերջին ռազմական հաղթանակով եւ ոգեւորված է թուրքական կույր աջակցությամբ, Իսրայելի խորամանկ զորակցությամբ եւ Ադրբեջանի վրա արեւմտյան որեւէ լծակի բացակայությամբ: Այդ ֆոնին դեռեւս չկան զսպող եւ իրական դրդապատճառներ, որ Ադրբեջանը կանգ կառնի հիմա: Ավելի շուտ, ակնհայտ վտանգ կա, որ Ադրբեջանը կշարունակի հույսը դնել միայն ռազմական ուժի վրա՝ դուրս գալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաղթահարելու սահմաններից եւ շարժվելով Հայաստանի դեմ։

Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930