Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ, այս իշխանություններն ուժ չունեն, չեն կարողանում, բայց ինչո՞ւ են զրկում հետագա իշխանություններին, այդ նյութերն օգտագործելու հնարավորությունից. Ռուբեն Վարդազարյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 24,2023 10:19

«Հրապարակի» զրուցակիցը ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն է։

– Պարոն Վարդազարյան, Ձեզ համար Արցախի հայաթափումով փակվե՞լ է Արցախի էջը, թե՞ հայանպաստ լուծման շանսեր դեռ կան։

– Իրականում մեր կյանքում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել, եւ Արցախի հայաթափումը դրա ամենավառ միջադեպն է։ Իմ դիրքորոշումը քաղաքական չէ, իմ դիրքորոշումն ավելի շատ որպես ՀՀ քաղաքացի է, եւ ես վստահ եմ, որ Արցախի էջը փակված չէ, բայց որպեսզի Արցախի էջը վերջնական չփակվի, դրա համար քաղաքական իշխանությունը պետք է ունենա քաղաքական կամք՝ վերջնականապես այդ էջը չփակելու, այլ հնարավորություն ստեղծվի, որպեսզի այդ հարցը միշտ մնա օրակարգում, եւ կարողանանք գոնե այս խղճուկ պայմաններում հույս ունենալ, որ օրերից մի օր Արցախի հարցը հայանպաստ լուծում կունենա։ Թե դա ինչպես է լինելու, դժվարանում եմ ասել, բայց վստահ եմ, որ խելամիտ քաղաքականության դեպքում հնարավոր կլինի լուծում գտնել։

– Այդ իրադարձությունների ֆոնին ՀՀ իշխանություններն արցախցիներին չեն համարում ՀՀ քաղաքացի եւ քաղաքացիություն են շնորհում, մինչդեռ ադրբեջանական իշխանությունների կողմից արցախցիների հանդեպ հանցագործություն է տեղի ունեցել, եւ այդ հանցանքները որեւէ կերպ չեն փաստագրվում, չկան հարուցված քրեական գործեր։ Սա պատշա՞ճ արձագանք է ՀՀ իշխանությունների կողմից։

– Եկեք հարցը երկու մասի բաժանենք․ ի՞նչ է նշանակում ՀՀ քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն շնորհել։ Որքան ես եմ տեղյակ, 070 կոդով ՀՀ անձնագիր ունեցողները ՀՀ քաղաքացի չեն, եւ նրանց պետք է կրկին քաղաքացիությո՞ւն շնորհել, էլ ո՞ր կոդ ունեցողները ՀՀ քաղաքացի չեն»։ Օրինակ՝ Կենտրոնի բնակիչներն ունեն 011 կոդ, խնդրում եմ պաշտոնապես հայտնել, թե էլ ո՞ր կոդ ունեցողները ՀՀ քաղաքացի չեն, Սյունիքի մեր հայրենակիցների անձնագրերը մեկ այլ կոդով են սկսվում։ Մարդիկ, որոշակիության սկզբունքից ելնելով, պիտի իրենց ճակատագիրը, ապագան կարողանան որոշել։ Աբսուրդ է, որ մարդն ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, բայց օրերից մի օր պետությունն ասի, որ դու ունես ՀՀ քաղաքացու անձնագիր, բայց դու լիարժեք քաղաքացի չես, հետեւաբար, ինչ-որ գործընթացներ պիտի լինեն։ Դա նոնսենս է, նման բան չի կարող տեղի ունենալ։

Ձեր հարցի երկրորդ մասին պատասխանելու համար ուզում եմ մի փոքր պատմական էքսկուրս անել, որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը։ Երբ Բաքվի ու Սումգայիթի այդ հայտնի դեպքերը տեղի ունեցան 80-ականների վերջին, ես ուսանող էի, եւ բոլոր այն ուսանողները, որոնք անցել էին քրեական իրավունքի կուրսերն ու քրեական դատավարությունը, բոլորիս ներառեցին մի մեծ քննչական խմբի մեջ, եւ քանի որ պրոֆեսիոնալ քննիչները չէին բավարարում, մեզ ներառեցին որպես քննիչներ։ Մենք գնում էինք ծերանոցներով, հիվանդանոցներով, հյուրանոցներով ու հանրակացարաններով, որտեղ Բաքվից ու Սումգայիթից ժամանած փախստականներն էին, որպես վկա, որպես տուժող՝ հարցաքննում էինք։ Հիմա եթե արխիվում նայենք այն մեծ քրեական գործը, որը վերաբերում էր Բաքվից ու Սումգայիթից բռնագաղթածներին, մենք կունենանք փաստաթղթավորված, իրավական առումով հիմնավորված միասնական մոտեցում եւ պատկեր։ Պետությունն այդ մարդկանց տեր կանգնեց, նրանց դատավարական կարգավիճակ տվեց, եւ եթե օրերից մի օր քրեական գործ հարուցվի Բաքվի ու Սումգայիթի դեպքերի վերաբերյալ, մենք կունենանք գրեթե բոլոր բռնագաղթածների ցուցմունքներն այդ օրերի, այդ իրադարձությունների կապակցությամբ։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք այսօր ողջ չեն, միեւնույն է՝ նրանց վկայությունները կան քրեական գործի նյութերում։

Իսկ ի՞նչ է կատարվում հիմա․ 120 հազար հոգի բռնի ուժով գաղթեցին, եկան Հայաստան, եւ ես չեմ տեսնում մի քրեական գործ, այդ մարդկանց ցուցմունքների փաստաթղթավորում եւ քրեական գործի նյութերում ներառում, որը հետագայում թույլ կտա, որպեսզի մենք հետագայում․․․, լավ, այս իշխանություններն ուժ չունեն, չեն կարողանում, բայց ինչո՞ւ են զրկում հետագա իշխանություններին, ովքեր հայանպաստ լուծումներ են ուզելու, այդ նյութերն օգտագործելու հնարավորությունից։

Քաղաքական հայտարարություններ կան, որ սպիտակ գենոցիդ է տեղի ունեցել եւ այլն, բայց դրանք ընդամենը քաղաքական հայտարարություններ են եւ չեն կարող դրվել քրեական գործի հիմքում, բայց բոլոր այն փաստաթղթերը, որոնք պետք են, ե՛ւ միջազգային, ե՛ւ ազգային դատարանները հետագայում հիմք կընդունեն, դրա փաստաթղթավորումը բացակայում է։

Հետեւաբար, սրանից եզրահանգում, որ Արցախի ժողովրդի իրավունքներից ու շահերից բխող որեւէ լուծում այսօրվա իշխանությունները չեն ցանկանում ունենալ։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930