Գիտության կազմակերպման ու զարգացման կարեւոր նախապայմաններից մեկը գիտական մամուլն է։ Այն, շնորհիվ պարբերականության, ժամանակային ոչ մեծ ընդհատումներով գիտության աշխարհին ներկայացնում է բնագավառի նորություններն ու նվաճումները, տեղի ունեցած իրադարձությունները, ասպարեզի արժանավորներին, տրամադրում բանավեճի հարթակ եւ այլն։ Հայագիտությունը բնականաբար եւս ունի իր մամուլը, որի նմուշներից մեկը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմաբանասիրական հանդես»-ը (ՊԲՀ), այս տարի թեւակոխում է գոյության 65-րդ տասնամյակը:
Հիմնադրվել է 1958 թ.։ Գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ՝ ստեղծված նոր պարբերականի խմբագրական կոլեգիայի կազմում ընդգրկվեցին հայ պատմագիտության ու բանասիրության անմահացած անուններ։ Հանդեսի գլխավոր խմբագիր նշանակվեց նրա հիմնադիր, ականավոր պատմաբան, ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը, ով շուրջ 40 տարի անընդմեջ ու անմնացորդ նվիրումով ղեկավարեց հանդեսի աշխատանքները։ Նրա եռանդուն ջանքերով «Պատմաբանասիրական»-ը դարձավ միջազգային ճանաչում ունեցող հայագիտական ամենահեղինակավոր պարբերականը։ 1999 թ. Ներսիսյանի մահվանից հետո հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնը վստահվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, անվանի պատմաբան Վարդգես Միքայելյանին: Վերջինիս մահվանից հետո՝ 2005 թ., հանդեսի մեկ համար լույս տեսավ պատմական գիտությունների դոկտոր Պարույր Մուրադյանի, մեկն էլ՝ հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար, բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանի խմբագրությամբ։ 2006 թ. հանդեսի գլխավոր խմբագիր ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, հայտնի բանագետ-բանասեր Սարգիս Հարությունյանը։ 2018 թ. հունիսին ՀՀ ԳԱԱ նախագահությունը «Պատմաբանասիրական հանդես»-ի գլխավոր խմբագիր նշանակեց Անուշավան Զաքարյանին, ով երկար տարիներ ծառայություն է բերել հադեսին՝ իբրեւ գլխավոր խմբագրի տեղակալ, եւ որպես գիտական այս ազդարարի բոլոր նրբերանգներին քաջածանոթ անհատ՝ իր հարուստ փորձով ու հմտություններով շարունակում է արդեն նոր՝ ավելի մեծ պատասխանատվությամբ ու գործիքապաշարով տանել լուսատու հանդեսի կյանքի կարգավորման դժվար, բայց եւ հաճելի, պատասխանատու ու կարեւոր բեռը։
Անցած տարիների ընթացքում հանդեսի խմբագրական կոլեգիայի կազմում եղել են անվանի հայագետներ եւ արեւելագետներ։ Պարբերականի խմբագրակազմը մեծ հմտության եւ ջանադիր աշխատանքի շնորհիվ հանդեսի շուրջ համախմբել է մեր երկրի եւ արտասահմանի (Բուլղարիա, Չեխոսլովակիա, Ռումինիա, Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունգարիա, Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Իրան, Թուրքիա եւ այլն) հայ ու օտարազգի բազմաթիվ գիտնականների։ Հեղինակների այսօրինակ ընդգրկունությունը հերթական անհերքելի ապացույցն է «Պատմաբանասիրական»-ի՝ միջազգային գիտական ասպարեզում նվաճած լայն ճանաչման, ունեցած ազդու կշռի եւ վաստակած անբեկանելի վստահության, այս ամենի ապացույցն են նաեւ ՊԲՀ-ի մասին խորհրդային եւ արտասահմանյան թերթերում ու ամսագրերում տպագրված դրվատելի հոդվածները:
Այսօր հոբելյար հանդեսում հրապարակվում են հայ եւ օտարազգի մասնագետների՝ հայագիտության բոլոր բնագավառներին առնչվող աշխատանքներ, նաեւ լուսաբանվում են Հայաստանում, Սփյուռքում ու արտերկրում տեղի ունեցած գիտական, մշակութային կարեւոր իրադարձությունները, ներկայացվում ականավոր հայագետների կյանքն ու գործունեությունը, գիտության եւ մշակույթի ականավոր դեմքերի անտիպ նամակները, արխիվային տարաբնույթ վավերագրեր: Հանդեսը լուրջ ներդրում ունի կովկասագիտական, արեւելագիտական, բյուզանդագիտական ուսումնասիրությունների ասպարեզում: Ընդհանուր մշակութաբանական եւ պատմաբանասիրական հետաքրքրություն ներկայացնող խնդիրները եւս մշտապես «Պատմաբանասիրական»-ի ուշադրության կենտրոնակետում են։ Ասենք, որ հանդեսում տպագրված նյութերն ունեն աղբյուրագիտական եւ պատմագիտական հարուստ հենք: ՊԲՀ-ի էջերում պարբերաբար ներկայացվում են հայագիտական, արեւելագիտական ու ընդհանուր մշակութաբանական արժեք ունեցող հրատարակություններ, համակողմանի լուսաբանվում է հայկական գաղթավայրերի պատմամշակութային կյանքը, տեղեկություն է տրվում կարեւոր հոբելյանների, հայաստանյան եւ միջազգային գիտաժողովների վերաբերյալ։ Հանդեսի խմբագրությունը հետեւողականություն է դրսեւորում նաեւ աղբյուրագիտական նորույթների, հնագիտական պեղումների արդյունքներն ամփոփող նյութերի եւ նորահայտ մատենագրական փաստաթղթերի հրապարակման գործում։ Ներկայումս խմբագրական խորհրդի կազմում ընդգրկված են առաջատար գիտնականներ Հայաստանից ու Սփյուռքից։ Խնդրո առարկա պարբերականում նյութերը հիմնադրման օրվանից հրատարակվել են հայերեն եւ ռուսերեն. ներկայումս տպագրվում են նաեւ անգլերեն հոդվածներ։
Վերջին երեք տասնամյակում ՊԲՀ-ն ճաշակեց բոլոր այն դժվարություններն ու դառնությունները, ինչ հայրենի մամուլի մյուս բոլոր մշակարանները։ 1997-2009 թթ. «Պատմաբանասիրական հանդես»-ի հրատարակմանը մեծապես նպաստեց «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ»-ը (հայկական բաժանմունքի ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Զավեն Եկավյան)։ 2000 թ. «Պատմաբանասիրական»-ը եռամսյայից վերածվեց քառամսյա հանդեսի եւ մինչ օրս հրատարակվում է տարեկան 3 համար։
Չնայած բոլոր արգելառիթ հանգամանքներին՝ 65-ամյա հոբելյարը շարունակում է իր անխոտոր սպասավորությունը գիտության տաճարում։ Այսօր թեեւ նվազել է հանդեսի տպաքանակը (250 օրինակ՝ նախկին 1500-2400-ի փոխարեն), այնուհանդերձ, ինչպես եւ անցյալում, այն հասնում է իր ընթերցողներին աշխարհի տարբեր ծագերում։
1983 թ.՝ հայերեն եւ ռուսերեն, իսկ 2009 թ. հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լույս են տեսել «Պատմաբանասիրական հանդես»-ի 1958-1982 եւ 1983-2007 թթ. մատենագիտական ցանկերը. 1983-2007 թթ. մատենագիտական ցանկը տպագրվել է «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ»-ի միջոցներով։ Միջազգային հեղինակավոր պարբերականն ունի իր առանձին կայքէջը, որտեղ կան հիմնադրման օրվանից լույս տեսած բոլոր համարների էլեկտրոնային տարբերակները։
Այսպիսով՝ կայծը տրվեց 65 տարի առաջ, իսկ բռնկումից առաջացած լույսը վայելեցին, վայելում եւ վայելելու են տվյալ ժամանակի, արդի ու գալ սերունդները։ Ահա վեց ու կես տասնամյակ հայ եւ այլազգի հայագետներն իրենց մտքի ջանադրման արդյունքները նաեւ այս պարբերականով են մատուցում զբաղմունքակից մշակներին ու գիտության նորություններին սպասողներին։ «Պատմաբանասիրական»-ը իր 65-ամյա գոյության ընթացքում մասնագիտական հանրույթի համար դարձել է սիրված ու սպասված գիտելյաց աղբյուր, ուսուցիչ, խորհրդատու, ընկեր։ Տարվա մեջ երեք անգամ այն մուտք է գործում բազում հայագետների մտավոր որոնումների աշխարհ, նրանց հրամցնում բնագավառի նորություններն ու նվաճումները, զրուցում, բանավիճում նրանց հետ՝ անշուշտ, հարստացնելով վերջիններիս մտավոր պաշարը։ Հոբելյար հանդեսը մի տարածք է, ուր մտովի հանդիպում են գիտնականն ու ընթերցողը, զրույցի բռնվում իրար հետ, տեսակետներ փոխանակում, որոշ բաների համաձայնում, որոշ բաների՝ ոչ։ «Պատմաբանասիրական»-ը իր էջերը պատրաստակամորեն տրամադրում է բոլոր արժանավոր հետազոտողներին. այստեղ կողք կողքի հանդես են գալիս գիտության փորձառու, վաստակաշատ մշակն ու առաջին քայլերն անող, գիտության աշխարհ նոր մուտք գործած երիտասարդ հետազոտողը՝ ասպիրանտն ու հայցորդը։
«Պատմաբանասիրական հանդես»-ի յուրաքանչյուր համարի լույսընծայումը նման է երեխայի ծննդյան, որ անհուն բերկրանք է պատճառում ծնողներին. հանդեսի այս ծնունդներին մաղթենք մշտատեւ շարունակականություն, թող լինի «Պատմաբանասիրական հանդես»-ն այնքան, քանի կան հայագիտությունն ու հայ ժողովուրդը։
ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ
(ՀՐԱՉՅԱ ԱՐՄԵՆՅԱՆ)
Բան. գիտ. թեկնածու
«Առավոտ» օրաթերթ
23.11.2023