Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ին՝ բոյկոտ, խաղաղության համաձայնագրի ստորագրում՝ Արեւմուտքում

Նոյեմբեր 24,2023 12:00

Հայաստանն ի՞նչ անելիք ունի ՀԱՊԿ-ում, անդամակցությունը ՀԱՊԿ-ին ի՞նչ է տվել մեր երկրին: Զսպե՞լ է Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի հարձակումներից ու ռազմական գործողություններից: Ո՛չ, ընդհակառակը` իր «չեզոքությամբ» ՀԱՊԿ-ն ու ՀԱՊԿ-ականները քաջալերել են ու այսօր էլ շարունակում են քաջալերել Ադրբեջանի ներկայիս ծավալապաշտական քաղաքական գիծն` ընդդեմ ՀՀ ինքնիշխան պետության:

Սուրեն Պապիկյանը, Արարատ Միրզոյանը` Փաշինյանին հետեւելով, չմասնակցեցին ՀԱՊԿ միջոցառումներին։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների հերթական միջոցառմանը, որովհետեւ կարծում է, որ իր մասնակցությունը ստեղծված իրավիճակում տեղին չէ: «Այն իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն փաստացի իր պարտավորությունները որեւէ ձեւով չի կատարում եւ արդեն իսկ չի կատարել, գնամ ի՞նչ անեմ էնտեղ, կբացատրե՞ք ինձ»,- հայտարարել է նա ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվեց մասնակցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Միրզոյանն այդ մասին օրերս հայտնեց Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկին։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույնպես չմասնակցեց ՀԱՊԿ-ի վերոնշյալ նիստին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Փաշինյանն իր որոշման մասին հայտնել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին եւ հույս էր հայտնել, որ «ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը»։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։ «Նախագահը հասկանում է, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է։ Հրավերն ուղղված է Հայաստանի վարչապետին, ինչպես նաեւ այլ պետությունների ղեկավարներին», – նշել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ Ըստ Բելառուսի նախագահի խոսնակի, Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է չշտապել, չընդունել հապճեպ որոշումներ, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի շուրջ, որոնք կարող են ուղղված լինել ապաինտեգրմանը: Կրեմլից Հայաստանի՝ Փաշինյանի որոշումն ափսոսանքով են ընդունել՝ պնդելով, թե ՀԱՊԿ ձեւաչափը մնում է արդիական: Վլադիմիր Պուտինի խոսնակը շեշտել է, թե նման հանդիպումները շատ լավ առիթ են կարծիքներ փոխանակելու, դիրքորոշումները ճշգրտելու համար:

ՀԱՊԿ նիստերը բոյկոտելուց բացի, ամիսներ առաջ, հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվեց կառույցում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից, ապա ետ կանչեց իր դեսպանին եւ մինչ օրս նորին չի նշանակել, իսկ տարեսկզբին մերժեց հյուրընկալել ռազմական դաշինքի զորավարժությունները: Օրերս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Երեւանը ՀԱՊԿ գործընկերներին խնդրել է նոյեմբերի 23-ի նիստի օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը։

Պաշտոնական Մոսկվան ՀՀ իշխանությունների քայլերը բոլորվին այլ համատեքստում է ներկայացնում ու մեկնաբանում: Արեւմուտքը խանգարում է Հայաստանին՝ ավարտել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, օրերս կրկին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ աշխատանքային խմբի՝ հունիսի 12-ին կայացած նիստում արձանագրվեց, որ բանակցություններում էական առաջընթաց կա։ Մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում էր ձեւավորվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ։ Բայց Հայաստանի ղեկավարությանը կրկին ինչ-որ բան խանգարեց ավարտին հասցնել թղթի վրա եղած պայմանավորվածությունները։ Մենք լավ գիտենք՝ ինչը խանգարեց. Հայաստանի այժմյան ղեկավարության արեւմտյան բարեկամների «բարի խորհուրդները»,- ասել է Զախարովան։ Վերջինիս խոսքով՝ Արեւմուտքը, փոխանակ աջակցի եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը եւ Բաքվի ու Երեւանի հաշտեցմանը, տորպեդահարում է կարգավորման գործընթացում բոլոր «դրական ձեռքբերումները»։ «Նրանք տորպեդահարում են ռուսական ջանքերը եւ փորձում են պարտադրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման սեփական բաղադրատոմսը, կարգավորման փոխարեն պսեւդոկարգավորում են իրականացնում»,- ասել է Զախարովան։ «Արդյունքում Հայաստանը, գործելով եռակողմ պայմանավորվածությունների շրջանակից դուրս գտնվող ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ցուցումներով, մեր կարծիքով, տարածաշրջանային հաղորդակցությունների հետագա կոնֆիգուրացիայից կտրվելու ռիսկի է ենթարկում ինքն իրեն»,- հավելել է նա։

Հայաստանի ՀԱՊԿ-ական դաշնակիցներն ադրբեջանական հարձակումից ավելի քան մեկ տարի անց չեն պարզաբանում, թե Հայաստանին ո՞ր հարցում եւ ինչպե՞ս են մտադիր աջակցել: Եվ առհասարակ, եթե ՀԱՊԿ-ական պետությունները մինչ օրս չեն հայտարարել, որ պաշտպանում են ՀՀ տարածքային ամբողջականությունը` նրանց դիտորդները ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնեն Հայաստանի պաշտպանության հարցում: Ադրբեջանական ագրեսիաների ժամանակ ՀԱՊԿ-ականները պատեհ առիթ են ունեցել ցույց տալու, որ Հայաստանի դաշնակիցն են, եւ նրանցից ընդամենը մի քանի տողանոց հայտարարություն էր ակնկալվում անել` ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության վերաբերյալ: Սակայն, մինչ օրս նման հայտարարություն չի հնչել ո՛չ այդ կառույցի կողմից, ո՛չ կառույցին անդամակցող առանձին պետությունների կողմից եւ ո՛չ էլ` Հայաստանի «ռազմավարական դաշնակցի» կողմից:

Հետեւաբար, Հայաստանն ի՞նչ անելիք ունի այս կառույցում, այս կառույցին Հայաստանի անդամակցությունն ի՞նչ է տվել մեր պետությանը… Զսպե՞լ է Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի հարձակումներից ու ռազմական գործողություններից: Ո՛չ, ընդհակառակը` իր «չեզոքությամբ» ՀԱՊԿ-ն ու ՀԱՊԿ-ականները քաջալերել են ու այսօր էլ շարունակում են քաջալերել Ադրբեջանի ներկայիս ծավալապաշտական քաղաքական գիծն` ընդդեմ ՀՀ ինքնիշխան պետության:

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել էր անցյալ տարվա սեպտեմբերյան ադրբեջանական հարձակումներից հետո՝ երկրի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ։ Դրանից հետո արդեն անցյալ տարվա նոյեմբերին ՀԱՊԿ-ի Երեւանում անցկացված նիստի ընթացքում Հայաստանի աջակցության փաստաթուղթն այդպես էլ չընդունվեց: Երեւանը կազմակերպությունից ակնկալում էր քաղաքական գնահատական։ «Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը եւ վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաեւ Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար», – անցյալ տարի նոյեմբերին հայտարարեց Փաշինյանը։

Այս իրավիճակում, պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ մտադիր է ակտիվացնել քաղաքական եւ դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, ավելին, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն արդեն հրապարակային հայտարարում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կնքվելու է Արեւմուտքում…

«Հրապարակ»-ի հետ զրույցում օրերս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել է. «Հայաստանն այլեւս չի կրկնելու նոյեմբերի 9-ի սխալը։ Մեր նպատակն այն է, որ խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո կոնկրետ երաշխավորներ լինեն, որպեսզի ցանկացած խախտման դեպքում իմանանք, թե ինչ միջազգային մեխանիզմներ կարող ենք գործի դնել։ Ռուսաստանի բոլոր երաշխիքները նոյեմբերի 9-ից հետո հօդս ցնդեցին։ Հայաստանը երկրորդ անգամ այդ սխալը չի գործելու»: Պատգամավորի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը կնքվելու է մի շարք արեւմտյան երկրների երաշխավորությամբ։ «Ադրբեջանը սա շատ լավ հասկանալով ամեն ինչ անում է, որ այդ երաշխավորությունները չլինեն։ Վերջերս ՌԴ-ից արձագանք եղավ, որ եթե ճանապարհը բացվի, ապա Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ վերահսկողությունը պետք է իրականացնի Ռուսաստանի Դաշնությունը։ Սա որեւէ կերպ չի կարող տեղի ունենալ, Հայաստանի ճանապարհներին որեւէ երկրի ուժեր չեն կարող լինել։ Ճանապարհների անվտանգությունն ապահովելու է մեր երկրի հատուկ ստորաբաժանումը»,-ընդգծել է նա։

Ակնհայտ է, որ պաշտոնական Երեւանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում արդեն ի ցույց է դնում իր անվստահությունը Մոսկվայի նկատմամբ` նախապատվություն տալով Արեւմուտքի հովանավորությամբ բանակցությունների հետագա անցկացմանը:

Միեւնույն ժամանակ Փաշինյանն օրերս ԱԺ-ում հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը չի կնքվում ՝ կողմերի միջեւ անվստահության պատճառով եւ չնայած այդ անվստահությանը, Ադրբեջանի հետ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների ժամանակ համաձայնեցվել են 3 առանցքային սկզբունքները, որոնք դրված են լինելու Խաղաղության պայմանագրի հիմքում։

Բրյուսելում էլ չեն հասկանում՝ ինչո՞ւ է Ալիեւի վարչակազմը ժամանակ ձգում հիմա, երբ կողմերն այդքան մոտ են վերջնական համաձայնությանը, «Ազատությանն» օրերս ասել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման բանալին այժմ Բաքվում է, եւ առաջին հերթին Ադրբեջանն է, որ պետք է քաղաքական կամք դրսեւորի։ «Մենք արագ քայլեր ենք ակնկալում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, եւ այստեղ է, որ որոշ մարդիկ Բրյուսելում եւ ԵՄ անդամ երկրներում մտահոգված են, որ դա այսքան երկար է ձգվում։ Մենք չենք հասկանում՝ ինչու կարգավորման գործընթացն ավելի արագ առաջ չի գնում», – նշել է Կլաարը՝ հավելելով. «Փաստը, որ սահմանին բախումներ, կրակոցներ չկան, չի նշանակում, որ ամեն ինչ լավ է։ Անհրաժեշտ է, որ այս՝ բախումների բացակայության վիճակից քայլ արվի առաջ, այսինքն՝ խաղաղության պայմանագիր ստորագրվի, հաղորդակցության ուղիները բացվեն, սահմանը դեմարկացվի, զորքերը ետ քաշվեն, լուծվեն մարդասիրական խնդիրները։ Ես կարծում եմ, որ Բաքվի ձեռքում են հնարավորությունները՝ ցույց տալու, որ գործընթացը կարող է արագ առաջ գնալ»։ Անցած ամիսներին Ադրբեջանը երկու անգամ մերժեց Եվրամիության միջնորդությամբ Հայաստանի հետ հանդիպելու առաջարկը. մի դեպքում Ալիեւը հրաժարվեց բանակցել Ֆրանսիայի մասնակցությամբ, մյուս դեպքում էլ Բրյուսել գնալու ժամանակ չգտավ։ «Գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է», – նշել է Կլաարը։

Ադրբեջանի իշխանությունները վերջին շաբաթներին Վաշինգտոնի, Փարիզի, ԵՄ-ի ուղղությամբ կոշտ քննադատության տարափից հետո, նոյեմբերի 21-ին Երեւանի հետ ուղիղ բանակցելու պատրաստակամություն հայտնեցին: «Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմանի ուղիղ բանակցությունների՝ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ավարտի համար», հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարարությունը: «Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է միասին որոշեն իրենց հարաբերությունների ապագան», պնդեց պաշտոնական Բաքուն` ընդգծելով. «Բանակցություններում այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը»։ «Խաղաղ գործընթացի շարունակման պատասխանատվությունը, այդ թվում՝ փոխադարձաբար ընդունելի վայրի ընտրությունը կամ պետական սահմանին հանդիպելու որոշումը, պատկանում է երկու երկրներին», – շեշտեց Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը՝ հայկական կողմին հորդորելով «խուսափել նոր անհարկի ձգձգումներից»։

Մերժելով Ֆրանսիայի, հիմա արդեն՝ ԱՄՆ-ի միջնորդությունը, Բաքուն օրեր շարունակ ուղիղ բանակցություններից է խոսում։ «Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատներն այստեղ են, այլ ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Փարիզում», – ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը՝ Երեւանին կոչ անելով հայացքն ուղղել տարածաշրջան։

Պաշտոնական Երեւանն արձագանքեց Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, հայտնելով, որ պատրաստ է բանակցությունների եւ առաջարկեց փոխվարչապետների հանդիպում՝ սահմանին: Չնայած բոլոր բարդություններին եւ մարտահրավերներին պաշտոնական Երեւանը հայտարարում է՝ կա երկու երկրների միջեւ խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որը կարող է իրացվել երկուստեք քաղաքական կամքի առկայության պարագայում, իսկ «հայկական կողմն ունի այդ կամքը»։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ այդ կամքի արտահայտություններից է նաեւ այն, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջեւ պետական սահմանին:

Ընդգծելով, որ նոյեմբերի 21-ին Երեւանը Բաքվին է փոխանցել հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը՝ Հայաստանի ԱԳՆ-ն Բաքվին հիշեցեց. «Մինչ Հայաստանն ադրբեջանական վերջին առաջարկները ստանալուց հետո դիտարկում էր դրանք եւ պատրաստակամ էր շարունակել պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները, Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, որը հանգեցրեց ԼՂ ողջ հայ բնակչության բռնի տեղահանման»։ ՀՀ արտգործնախարարությունը նաեւ շեշտել է՝ ադրբեջանական կողմը չմասնակցեց նախ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Գրանադայում, ապա Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով հանդիպումներին, թեեւ այդ հնգակողմ եւ եռակողմ հանդիպումները նախապես համաձայնեցված էին, իսկ Երեւանը առավել արդյունավետ է համարել դրանք ներկայացնել Ադրբեջանին հենց ենթադրվող հանդիպումների ընթացքում։ «Այնուամենայնիվ, բանակցային գործընթացը փակուղի մտցնելու եւ մեր տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու փորձերը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն փոխանցել է համաձայնագրի վերաբերյալ իր դիտարկումները», – ասված է ԱԳՆ-ի հայտարարությունում։

Այսպիսով, պաշտոնական Երեւանը վերահաստատեց՝ պատրաստ է կրկին ներգրավվել բանակցություններում՝ որպես ուղենիշ ունենալով միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչումը եւ հարգումը, համաձայն Ալմա Աթայի հռչակագրի եւ խորհրդային ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի իրականացումը, պետությունների ինքնիշխանության ու իրավազորության լիակատար հարգման եւ հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 23.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930