Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն մի մարդ նկարը դիտելուց կարդում է՝ Հայաստանը ես եմ, դու ես, նա է, մենք բոլորս ենք»

Նոյեմբեր 24,2023 13:00

Ասում է ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչատուր Ազիզյանը

Տարիների իմաստնությունն ու արվեստում անցած ու իր ուրույն տեղը հաստատած արվեստագետի, գեղանկարիչ Խաչատուր Ազիզյանի համար կյանքի փիլիսոփայությունը չունի լաբիրինթային լուծումներ, ամեն ինչ բացատրության ու տրամաբանության է ենթակա, եթե ազնիվ է, մաքուր, բխում է մարդկային էության բարձրագույն հատկանիշներից, մնացյալը քաոսի իշխանությանն է, որին մարտահրավեր է նետում՝ բարին, գեղեցիկն ու վեհագույնը, զոհասեղանին դնելով չափազանց թանկը։ Ո՞վ է ինքը, արվեստագետը, եթե ոչ մարտիկ, ում պայքարը ճշմարիտ արվեստի տիրույթից լույսի ճանապարհին հերթական ջահն անմար պահելու նման մի առաքելություն է, հաճախ ոչ պատշաճ գնահատված, բայց այն իր տեղում է, իր դերում, իր առանցքում եւ կատարում է համառորեն այն գործը՝ որի առաքելությանն է որդեգրված ոգով, էությամբ, մասնագիտությամբ:

Զրույցը արվեստից դեպի մեր ցավոտ իրականություն զուսպ է, լույս ու ստվերի զուգակցությամբ տալիս է մի պատկեր, որտեղ արվեստի մարդն ու իրականությունը բախման փաստից անց են:

– Մեր ժամանակի արվեստագետ լինելը հե՞շտ է, ինչպիսի՞ պատասխանատվություն է պահանջում այն ստեղծագործող անհատից։

– Արվեստագետ լինելը հեշտ չէ երեւի թե բոլոր ժամանակներում, քանի որ նրանից ակնկալիքներն ավելին են եղել միշտ։ Մնայուն արժեքների կրող ու ստեղծող նա պիտի միշտ ստեղծագործողի դերում ու դիրքում լինի, պիտի միշտ լինի ավանգարդում, իր արվեստով ցույց տա ճիշտ ճանապարհը եւ ճշմարտությունը։

– Սա մեծ հաշվով կյանքի քննության պես մի բան է, որը նա հանձնում է նաեւ իրենից հետո: Ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնած արվեստն առհասարակ, եւ հայ գեղանկարչությունը՝ ի մասնավորի։

– Արեւմուտքում արվեստն այժմ գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, սակայն ունի հովանավորներ, որոնք նույնպես բան չեն հասկանում արվեստից եւ ճիշտ հակառակը մեզ մոտ է։ Հայ ստեղծագործողը անկախ իր դեմ ծառացած խնդիրներին էլ՝ ստեղծագործում է, եթե չեն խանգարում թնդանոթները։

– Իրականության ընկալումն ու ազդեցություններն ուղղակի եւ անուղղակի կերպով ազդում են արվեստագետի ստեղծագործական ընթացքի վրա, ի՞նչ պատկեր է Ձեր կտավների աշխարհում, արդյո՞ք ներաշխարհի կուտակումները սինթեզվում են այնտեղ, արտահայտելով մեր օրերի գեղանկարչական վավերագրությունը։

– Իմ կտավներից լավատեսության հոտ է գալիս։ Ես միշտ եղել եմ ու կամ լավատես։ Իհարկե, իրականության դրսեւորումները չազդել չեն կարող մարդու վրա, էլ ուր մնաց՝ ստեղծագործողի, բայց ես մի փոքր փիլիսոփայորեն եմ մոտենում այդ ամենին, այդ ամենի դեմ իմ ներքին պայքարի արդյունքում ես լավատեսական, լուսավոր մի գործ եմ ստեղծում։

– Ձեր դիմանկարների շարքում ամենախոսունների մեջ իր ուրույն տեղն ունի հայ հեղինակավոր, ճանաչված ու անվանի մշակութային գործիչների դիմանկարային պաննոն, իր ասելիքի մեջ բավականին հավաքական մի ստեղծագործություն, որն ասես եւ Ձեր տուրքն է, եւ հայ ժողովրդի սիրո ու հարգանքի պատկերային արտահայտությունը, ունեցածն արժեւորելու հաստատուն մի գործ, որտեղ լույս ու ստվերի մեջ, պուանտելիստական ոճին բնորոշ գեղարվեստական ոճավորմամբ մնայուն ու հավաքական դիմանկար է մտավորական ասվածի: Ի՞նչ ասել է մտավորական մեր օրերում։

– Մտավորականն այն անձնավորությունն է, ով պիտի տանի ժողովրդին իր ետեւից, ոչ թե գոռում-գոչումներով, այլ իր ստեղծագործություններով։ Ինչ վերաբերում է իմ «Հայաստանը ես եմ» աշխատանքին՝ հենց վերնագրից պարզ է դառնում իմ ասելիքը։ Այսինքն, ամեն մի մարդ նկարը դիտելուց կարդում է՝ Հայաստանը ես եմ, դու ես, նա է, մենք բոլորս ենք, մի ուժ դարձած, ում չի կարող հաղթել ոչ մի այլ ուժ։

– Վարպետ, ստեղծված իրականության մեջ, որտեղ կորցրել ենք մեր հայրենիքի ազատագրված մասը՝ Արցախը եւ ունենք օր օրի իր ծավալապաշտական ախորժակը չզսպող ոխերիմ հարեւաններ, հայ մտավորականի կեցվածքը ինչպիսի՞ն պիտի լինի ըստ ձեզ եւ արդյոք այն ֆունկցիան, որ դրված է այդ տիտղոսին հավակնողների վրա, կատարվո՞ւմ է:

– Այո, մտավորականը պիտի լինի ավանգարդում, սակայն այսօր խոսում է բիրտ ուժը, խաբեությունը, դավաճանությունը: Խեղճ մտավորական։ Գուցե նաեւ արհեստականորեն ստեղծվում են այնպիսի պայմաններ, որպեսզի հենց նրա ասելիքն անտեսվի, տեղ չհասնի, իր ունեցած ուժը իր նպատակին ու նշանակետին չհասնի, բայց հավատացեք, ավելի անկոտրում, քան ստեղծագործող մարդն է, ես չգիտեմ, թե կենդանության եւ թե իրենից հետո նա արժեք է, այլ հարց է ժամանակների մեջ որոշ տարրերի կողմից կատարվող ավերածությունները։ Մտավորականության մասին շատ եմ մտածել։ Կարծում եմ, մեզ առաջնորդ է պետք, ով կտանի ժողովրդին ճիշտ ուղով։ Ինձ թվում է, որ մենք պիտի Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի հետ միասին լինեինք, բայց…

– Գեղարվեստը նույնպես պատմություն է, ժամանակի վավերագրություն, այսինքն՝ իրականության հիմքերի վրա կառուցվող մի երեւույթ, որն ունի իր ասելիքը ոչ միայն որպես էսթետիկ հաճույքի առարկա, այլեւ լուրջ քաղաքական զենք: Երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայում, Կրեմլի պալատում ընդունում էր Թուրքիայի վարչապետ Էրդողանին, նրան մեկ ժամ սպասեցնել տվեց ռուս զորավարների դիմանկարների սրահում, որտեղ թուրքական բանակի դեմ իրենց հաղթանակները տարած անհատականություններն էին. արվեստի լեզուն երբեմն ավելի խոսուն եւ հոգեբանական զենք է դառնում գեղարվեստորեն բացատրելու համար այն՝ ինչը խոսքի ու ժամանակի միջոցով չես կարող կամ չես ցանկանա անել… Ունե՞նք, ձեւավորե՞լ ենք մեզանում նման մշակույթ:

– Տարիներ առաջ, իմ «Հայաստանը ես եմ» աշխատանքը փորձեցի նվիրել ՀՀ կառավարությանը՝ պայմանով, որ պիտի կախվեր որեւէ հյուրասրահում, ընդունելությունների պալատում, կամ նման մի ներկայանալի տեղ, որը կլիներ շատ տեղին ցույց տալով հայի միասնության ուժը։ Ոչ մի պատասխան չստացա։ Ուղղակի այնտեղ չգիտեն, թե ի՞նչ է արվեստը։ ՀՀ Ազգային պատկերասրահի ֆոնդում ունեմ մեկ գործ, որը կոչվում է «Դա չի մոռացվի», Եղեռնն է պատկերում եւ մեր նոր սերունդը, որը հիշում է այն, 1985թ. գործ է։

– Նկարում եք այս ճնշող իրականության մեջ, ստացվո՞ւմ է:

– 44-օրյա պատերազմի ժամանակ ու հետո հասկանալի պատճառներով դադարել էի նկարել, հիմա նորից սկսել եմ, պատրաստվում եմ նոր ցուցահանդեսի, որը հաջորդ տարի կլինի, նվիրված է երաժշտությանը ու համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործությունները կտավներում։

– Կան կարծիքներ, որ 90-ականներին այսպես չէր, որ հայ գեղանկարիչներից շատ կամավոր-ֆեդայիներ ունեցանք, ովքեր հայրենիքի ազատագրումն ու պաշտպանությունը վեր դասեցին ամեն ինչից, որ հիմա այդպես չէր եւ այլն: Չնայած, ինքս գիտեմ գեղարվեստի նվիրյալ երիտասարդների, ովքեր իրենց կյանքը տվեցին, նաեւ հաշմանդամություն ձեռք բերեցին վերջին պատերազմներում եւ դեռ պիտի անդրադառնամ, այնուամենայնիվ, ինչպիսի՞ն էր անցյալի իրականությունը։

– Մի կտավ ունեմ, որտեղ պատկերված են Աբովյան քաղաքի քոլեջի ուսանողները, ձախից վեց հոգի, որոնք զոհվեցին 44-օրյա պատերազմում, աջից մեր՝ 90-ականների հայտնի ազգային հերոսներն են։ Այդ աշխատանքը գտնվում է Աբովյան քաղաքի բազմագործառութային քոլեջում։ Արվեստի մարդը, գիտության մարդը բոլոր ժամանակներում էլ անտարբեր չի եղել հայրենիքի ցավին, պաշտպանությանն ու ազատագրմանը, նրանք խնդիրն ավելի խորքային են զգում, ցավն ավելի մեծ, շատ ափսոս, որ մի հրաշալի սերունդ է անվերադարձ հեռանում նրանց մահով եւս։

– Պարոն Ազիզյան, հե՞շտ է լինել ստեղծագործ ընտանիքի Մեծ, Ձեր կինը, դուստրը, թոռնուհին, համարյա բոլորը նկարիչներ են եւ կրում են Ձեր ստեղծագործ գենը, շարունակողներն են նաեւ, իսկ համաշխարհային ճանաչման արժանացած, Գուչիի մոդել Արմինե Հարությունյանի պապիկ լինելը, կարծում եմ՝ նաեւ պարտավորեցնող է, ի՞նչ եք միմյանց տալիս ու վերցնում, սովորում միմյանցից պապ ու թոռ, քանի որ ստեղծագործողներն անվերջ բացահայտող տեսակ են։

– Ես հպարտ եմ իմ երեխաներով եւ թոռնիկներով, ովքեր կրթված են եւ շատ շնորհալի։ Արմինեի պապիկ լինելը ինձ համար շատ ուրախալի է եւ ես հպարտ եմ իրենով, նա շատ յուրահատուկ եւ կիրթ մարդ է, ում խորհուրդները ես հաճախ եմ լսում։ Բոլոր թոռների նման իրենք են հաճախ ուղղություն ցույց տալիս այս նորացված աշխարհում մեզ՝ մեծերիս, բայց դա անում են ոչ վերեւից դիտելով։ Ստեղծագործական վեճերը դրանք զրույցներ են, հետաքրքիր մտքերի փոխանակումներ, բացահայտումներ, առանց որոնց տխուր կլիներ…

– Կինը իր ողջ հմայքով եւ խորհրդավորությամբ Ձեր արվեստում անվերջ բացահայտելի ու ներկայանալի թեմա է, ասելիքի իմաստով երբեք չհնացող, միշտ արդիական ու յուրովի հմայիչ: Ինչո՞ւ հենց նա։

– Իմ թեմաներում շատ-շատ է կինը նկատվում։ Անվերջանալի թեմա են կանայք, որոնց սիրում եմ նորովի լույսով ներկայացնել։ Դե ինչ ասեմ, ես սիրում եմ իրենց։

-Եթե Խաչատուր Ազիզյանի վրձինն ի զորու լիներ փոխելու իրականությունը, ինչպես տարբեր ոճերում երբեմն անում է կտավի հետ, ի՞նչը կփոխեիք մեր իրականության մեջ։

– Եթե նկարչի վրձինը ի զորու լիներ, ես նրանով ձեռք կբերեի ուժ եւ իմաստնություն, եւ եթե իմ վրձինը կարողանար հրաշք կատարեր՝ ես ետ կբերեի Մեծն Նժդեհին։

Հարցազրույցը՝

Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
23.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930