Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւ ուրբաթը» որպես դեգրադացիայի հայելի

Նոյեմբեր 24,2023 10:00

Այս ողջ շաբաթվա ընթացքում ես բոլոր հնարավոր հարթակներով գովազդային ծանուցումներ էի ստանում, այսպես կոչված, «սեւ ուրբաթի» թեմայով: (Ի դեպ, ինչո՞ւ «սեւ»: Եթե ինչ-որ լավ բան է, թող անվանեին «պայծառ ուրբաթ»): Չնայած ես երբեք առեւտուր անելով եւ զեղչերով չեմ հետաքրքրվել ու որեւէ իր, ապրանք ձեռք բերելու մասին չեմ երազել, ծանուցումները գալիս էին նաեւ իմ հասցեներին, ինչից կարելի է ենթադրել, որ «ալգորիթմների օրենքն» այստեղ չի գործում: Փնտրո՞ւմ ես դու այս թեմայով նյութեր, թե չես փնտրում, միեւնույն է՝ քեզ համառորեն կոչ են անում իջեցված գներով ձեռք բերել մի ապրանք, որը քեզ, ընդհանուր առմամբ, 100 տարի պետք չէ: Բայց փոխարենը դու քեզ հպարտ կզգաս, որ «սեւ ուրբաթի» մենամարտում կորզել ես մի փոքրիկ «հաղթանակ»:

«Հպարտությունը»՝ մանր «էգոյի» բավարարման իմաստով, ցանկացած առեւտրի հիմքն է: Այդպես ձեզ կարող են վաճառել ցանկացած ապրանք՝ ներքնաշորերից սկսած՝ քաղաքական գործիչներով վերջացրած: Կարեւոր է մարդկանց մոտ պատրանք ստեղծել, որ եթե նրանք հանկարծ այդ ապրանքը չունենան, ապա կհայտնվեն տուժածների, քաշվածների, խեղճերի շարքում: Դա, վերջին հաշվով, ինչ-որ տագնապի, անհանգստության վաճառք է. բացասական հույզերի, սպասումների հաղթահարումը ժամանակավոր «բերկրանք» է պարգեւում:

Դեռահասը (կամ դեռահասի մտավոր զարգացման մակարդակ ունեցողը) հպարտ է, որ կարողացել է Iphone 15 ձեռք բերել՝ չնայած այն նույնի 14-ից կամ 13-ից առանձնապես չի տարբերվում: Իսկ եթե հեռախոսը գնվել է «սեւ ուրբաթի» ընթացքում, հայտարարված գնից 10 հազար դրամով ավելի էժան, ապա «հաղթանակը», կարելի է ասել, կատարյալ է: Այնքան ժամանակ, մինչեւ չհայտնվի Iphone 16-ը: Եվ այդ պահից սկսած՝ դարձյալ տագնապ է առաջանալու՝ հանկարծ բաց չթողնեմ, հանկարծ ուրիշներից հետ չմնամ:

Բավարարվածությունը կարող է լինել ոչ միայն նյութական, այլեւ «բարոյական»՝ կախված նրանից, թե քանի մարդ է «սրտիկել» շնիկի նկարը:

Նախորդ դարի մոտավորապես կեսերից, երբ զանգվածային արտադրանքը եւ սպառումը սկսեցին դառնալ համատարած, մարդկային արժեքային համակարգում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: (Ինքը՝ «սեւ ուրբաթ» բառակապակցությունը սկսել են օգտագործել 1966 թվականից ԱՄՆ-ում): Վերջին 20 տարում՝ սոցցանցային դարաշրջանում, դա արդեն ձեռք է բերել սրընթաց դեգրադացիայի բնույթ: Դրանից բխող՝ նաեւ քաղաքական լուրջ հետեւանքներով:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930